Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պայմանավորվել ենք համատեղ վերականգնել Անիի կամուրջը․ Արարատ Միրզոյանի ելույթը (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում «Հայաստանն ու Հնդկաստանը փոփոխվող աշխարհում. կապերի ամրապնդում, ապագայի ապահովում» «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան Պիսե, Հարգելի՛ հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև. մի հարթակ, որը հայտնի է իր սուր վերլուծություններով և առաջադեմ քննարկումներով, որոնք նշանակալիորեն նպաստում են միջազգային երկխոսությանը: Շնորհակալ եմ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետներ փոխանակելու այս հնարավորության համար, այն ժամանակ, երբ մենք ուսումնասիրում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդման հսկայական ներուժը։ Հնդկաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին: Ընդամենը 4 տարի անց մենք ստորագրեցինք մեր երկրների միջև «Բարեկամության և համագործակցության վերաբերյալ» պայմանագիրը, և այս տարի մենք արդեն նշում ենք այս կարևոր փաստաթղթի 30-ամյակը: Սա և՛ խորհրդանշական, և՛ կարևոր պահ է՝ գնահատելու այն ամենը, ինչ ձեռք է բերվել, և համատեղ աշխատելու ավելի հավակնոտ ծրագրերի ուղղությամբ: Իհարկե, մեր ժողովուրդների միջև շփումները շատ ավելի հեռուն են ձգվում, քան վերջին 34 տարիները: Թեև մեզ բաժանում է աշխարհագրական հեռավորությունը, Հայաստանը միշտ դիտել է Հնդկաստանը որպես մտերիմ գործընկեր՝ մի ժողովուրդ, որի հետ մենք կիսում ենք խորը քաղաքակրթական կապեր և բարեկամական հարաբերությունների երկար պատմություն: Պատմականորեն մեր ժողովուրդները փոխկապակցված են եղել դեռևս մինչև ժամանակակից ազգային պետությունների ձևավորումը։ Արդի ժամանակաշրջանի մեկնարկին հայ վաճառականները Հնդկաստանում միջսահմանային առևտրի և մշակութային փոխանակումների առաջամարտիկներն էին: Ուշագրավ է, որ սահմանադրական գաղափարներն ընկած են մեր դարավոր բարեկամության հիմքում։ 1773 թվականին Հնդկաստանում հայ մտավորականները կազմեցին «Որոգայթ Փառացը»՝ մեր առաջին սահմանադրությունը, իսկ 1794 թվականին Մադրասում հայ հոգևորականը հրատարակեց «Ազդարարը»՝ աշխարհում առաջին հայերեն պարբերականը։ Այս նախաձեռնությունները դարձան մեր ժողովուրդների միջև լուսավորական գաղափարների փոխանակման յուրահատուկ կամուրջ։ Մշակութային ժառանգության և բազմազանության պահպանումը շարունակում է կենտրոնական դեր խաղալ մեր երկու ժողովուրդների համար: Այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, ինչպես նաև Հնդկաստանի տարբեր վայրերում պահպանված պատմական եկեղեցիներն ու հուշարձանները, կենդանի վկայություններ են հնդկական հողի վրա հայ համայնքների դարավոր ներկայության մասին։ Դրանց պահպանումը Հնդկաստանի կառավարության հովանավորության ներքո ոչ միայն ընդգծում է մեր փոխադարձ հարգանքն, այլև օրինակ է հանդիսանում մեր ընդհանուր հանձնառության՝ պահպանելու մշակութային ինքնությունը հաջորդ սերունդների համար: Ես նաև կցանկանայի ընդգծել Աջանտայի որմնանկարների յուրօրինակ վերարտադրությունները, կատարված հայտնի հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից, ով անգնահատելի ներդրում է ունեցել հնագույն հնդկական արվեստը ժամանակակից աշխարհի համար վերահայտնաբերելու գործում: Ներկայումս Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող այս աշխատանքները ներկայացնում են մեր ժողովուրդների միջև դարավոր մշակութային և հոգևոր կապը և հիշեցնում են մեզ, որ արվեստն ու մշակույթը դիվանագիտության իսկական կամուրջներն են: հայերեն տեքստն այստեղ․ https://a1plus.am/hy/article/485090