Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ փոսերը որքան ձեզ են նեղում, քառակի անգամ էլ նեղում են մեզ․ Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)

«Փետրվարին ասֆալտապատում իրականացնելը աննախադեպ է։ Ցանկացած մարդ, այդ թվում նաև քաղաքապետարանը, մենք և ես, ունենք թերացումներ այդ աշխատանքում։ Բայց դա չի նշանակում, որ քաղաքապետարանը սպասում է, որ որևէ բլոգեր կամ լրագրող պետք է մատնանշի խնդիրը»,– ասում է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

Թերացումների վերաբերյալ խոսելիս Փամբուխչյանը մատնանշե; է նաև եղանակային գործոնները՝ այն բնութագրելով որպես ֆորսմաժորային իրավիճակ։

«Մեր բոլոր մրցույթներն ու պայմանագրերը կազմված էին այնպես, որ աշխատանքները պետք է սկսվեին մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում, բայց մենք սկսել ենք փետրվարի 15-ից։ Այսինքն՝ մենք նույնպես ժամանակի ու արագության խնդիր ենք ունեցել։ Այդ փոսերը ինչքան նեղում են ձեզ, եռակի ու քառակի անգամ նեղում են մեզ»,– ընդգծել է նա։

Անդրադառնալով սոցիալական ցանցերում հրապարակվող տեսանյութերին՝ փոխքաղաքապետը նշել է, որ մեկ-երկու բլոգերի հրապարակումները չեն պայմանավորում քաղաքապետարանի գործողությունները։

«Դա չի նշանակում, որ մեր աշխատանքը պայմանավորված է իրենց նկարելով։ Մենք առանց որևէ մեկի նկարելու ինքներս փոսերը տեսել ենք, ներքին խորհրդակցություն ենք անցկացրել, որպեսզի կարողանանք գոնե տեղային լուծումներ տալ»,– վստահեցրել է նա։

Փամբուխչյանի խոսքով՝  կենտրոնական նշանակության փողոցներում աշխատանքներն իրականացնում է շինբարեկարգման վարչությունը, իսկ վարչական շրջանների երկրորդական փողոցներում՝ համապատասխան վարչական շրջանները։

Նա ներկայացրել է նաև թվեր․ նախորդ տարի վարչական շրջաններում իրականացվել է մոտ 220 000 քմ փոսալցման աշխատանք, այս տարի նախատեսված է մոտ 200 000 քմ։

«Մյուս տարի էլ, եթե ձյուն գա, նորից ենք աղ լցնելու, այլ տարբերակ չունենք»,– հավելել է փոխքաղաքապետը։