Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երևանի փոսերը խրամատներ չե՞ն հիշեցնում. հարց՝ Արմեն Փամբուխչյանին (տեսանյութ)

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում առաջացած փոսերի և ասֆալտի որակի վերաբերյալ քննադատություններին՝ նշելով, որ խնդիրը պետք չէ դիտարկել միայն «անորակ ասֆալտի» համատեքստում։

«Բոլորիս պարզ է, որ մենք անցյալ կամ նախանցյալ տարի ամբողջ Երևանը չենք ասֆալտապատել։ Կարող եմ նշել փողոցներ, որտեղ 2024-ին իրականացրել ենք նորոգման աշխատանքներ, և այնտեղ ըստ էության խնդիրներ չունենք»,– ասել է նա։

Փոխքաղաքապետի խոսքով՝ հարցը միայն կատարված աշխատանքների որակը չէ, այլ նաև ասֆալտի ծառայության ժամկետը և եղանակային ազդեցությունը։

«Օրինակ՝ թարմ ասֆալտի վրա աղից ազդեցություն չի եղել, իսկ հին ասֆալտը, անկախ իր որակական հատկություններից, ունի որոշակի տևողության ժամկետ։ Դրան էլ նպաստել է աղը, և առաջացել են փոսեր»,– նշել է Փամբուխչյանը։

Նա ընդգծել է, որ հաճախ հնչող «ասֆալտը անորակ է» ձևակերպումը, ըստ իրեն, ամբողջական պատկերը չի ներկայացնում։

«Անընդհատ ասվում է՝ ասֆալտը անորակ է… Բայց ես պնդում եմ, որ ամենաորակյալ ասֆալտն էլ ժամանակի ընթացքում ունենում է խնդիրներ»,– հայտարարել է փոխքաղաքապետը։