Փոսալցման աշխատանքները նախատեսված են ամբողջ տարվա համար․ Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓոսալցման աշխատանքները Երևանում նախատեսված են ամբողջ տարվա համար և չունեն հստակ ավարտի ժամկետ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ այս պահին իրականացվել է շուրջ 10 000 քմ փոսալցման աշխատանքներ, մինչդեռ քաղաքապետարանի բյուջեով նախատեսված է 200 000 քմ։
«Փոսալցումը մեզ մոտ ամբողջ տարվա համար է նախատեսվում, չունի հստակ ժամկետ։ Ավարտը պայմանավորված է եղանակային պայմաններով, ենթադրենք՝ մինչև դեկտեմբեր ամիս»,– նշել է Փամբուխչյանը։
Նա անդրադարձել է նաև փոսերում կուտակվող հողին ու աղբին՝ պարզաբանելով, որ փոսալցման ընթացքում դրանք մաքրվում են, իսկ ընդհանուր մաքրության պատասխանատվությունը կրում է մեկ այլ ընկերություն։
«Փոսալցման աշխատանքների ժամանակ հողերը մաքրվում են, իսկ տվյալ տարածքի մաքրության համար պատասխանատու է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերությունը»,– ասել է նա։
Քաղաքապետի տեղակալը կարևոր արձանագրում է արել նաև սեզոնային սահմանափակումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ փետրվար ամսին փոսալցումներ կամ ասֆալտապատումներ չեն իրականացվում։
«Փետրվար ամսին փոսալցումներ կամ ասֆալտապատումներ երբեք տեղի չեն ունեցել։ Մի կողմից եղանակային պայմաններն են, մյուս կողմից՝ շինկազմակերպությունները ձմռան ամիսներին վերազինում են իրենց ասֆալտի գործարանները մինչև մարտի 10»,– նշել է Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքների ակտիվ փուլը մեկնարկում է գարնան սկզբին՝ եղանակային պայմանների կայունացումից հետո։