Բացել լրահոսը Փակել լրահոսը
c4608161-f950-4035-8b84-c973b83a9f30
A A
Թեմա

Երեխաներս դեռևս իմ խնամքի կարիքն ունեն․ մի քիչ մեծանան, կմտածեմ աշխատելու մասին․ պատերազմում զոհված սպայի այրի

Չնայած երիտասարդ տարիքին՝ Հերմինեն շատ դառնություններ է տեսել։ Նախ 44-օրյա պատերազմում ամուսնուն է կորցրել, ապա՝ բռնի տեղահանվել ծննդավայրից։

 Հերմինեի եւ Արթուրի ամուսնությունն ընդամենը 6 տարի է տեւել։

«Ամուսինս՝ Արցախի պաշտպանության բանակի սպա Արթուր Օհանջանյանը ծառայում էր 2014 թվականից։ Չնայած երկկողմանի ծնողազուրկ էր ու պարտադիր զինվորական ծառայություն չէր անցել, սակայն դիմեց, և ընդունեցին ՊԲ շարքերում պայմանագրային հիմունքներով ծառայելու։ 2019-ին ավարտել է Վազգեն Սարգսյան ռազմամարզական ուսումնարանի դասընթացները։ Ծառայում էր Հադրութի զորամասերից մեկում», –Ա1+-ի հետ զրույցում պատմում է Հերմինե Օհանջանյանը։

Ամուսնացել են 2014 թվականի հուլիսի 30-ին, երկու որդի ունեն՝ Վաչեն և Վահեն։

«Ամուսնուս հայրն արցախյան առաջին ազատամարտում է զոհվել՝ 1994-ին, այն ժամանակ ամուսինս դեռ երկու տարեկան չկար։ 2008-ին՝ 16 տարեկան հասակում մայրիկին է կորցրել։  Միշտ ասում էր՝ ինչ ես չեմ տեսել ու ինչից ես զրկված եմ եղել, պիտի անեմ, տեսնեն, ունենան իմ տղաները։ Փոքր տղաս նույն տարիքում զրկվեց հորից՝ ինչպես ամուսինս»,- արցունքն աչքերին ասում է տիկին Օհանջանյանը։

Գրիգոր Նարեկացի համալսարանի պատմության բաժինն է ավարտել Հերմինեն, սակայն չի հասցրել աշխատել։ Ամուսնացել, երեխաներ է ունեցել ու զբաղվել նրանց դաստիարակությամբ։

«Տղաներիս հետ կապված շատ նպատակներ ունեմ, սակայն խուսափում եմ բարձրաձայնել, վախենում եմ, ինչ երազանքի մասին բարձրաձայնել եմ,  ձախողվել է»։

Հերմինեն ասում է՝ հիմա իր ընկերը լռությունն է։ Լռության մեջ է գտնում հոգու անդորրը։ Չափազանց շատ են անպատասխան ու անհասցե մնացած հարցերը։

«2020-ի աղետալի պատերազմի օրերին ստիպված էինք լքել մեր հարազատ գյուղը։ Մեր գյուղը շատ հայտնի է։ Նրա տարածքում քարանձավ կա, որի ուսումնասիրությունների ժամանակ հաստատվել է, որ ոչ միայն Արցախի այլ աշխարհում հայտնի ամենահին բնակավայրերից է Ազոխը․․․ Պատերազմի ծանր օրերին երեխաների հետ Երևանում էի։ Ամուսինս հազվադեպ էր զանգում, ես միշտ սպասում էի, որ ինքը զանգի, քանի որ վախենում էի իմ մի զանգով վնասեի»…

Հերմինեն ամուսնու հետ վերջին անգամ նոյեմբերի 1-ին է հեռախոսազրույց ունեցել։

«Ասաց, որ երեխաներին լավ նայեմ, զբաղվեմ Վահեի վիրահատության հարցերով (փոքրիկիս ի ծնե խնդիր ուներ)։ Ասացի՝ կսպասեմ քո վերադարձին, ու միասին կտանենք վիրահատության։ Ասաց՝ դու ուժեղ ես, ես գիտեմ, կկարողանաս ինքնուրույն ամեն բան կազմակերպել։ Երեխայի վիրահատությունը կանես, քանի Երևանում եք»։

Սա Օհանջանյան ամուսինների վերջին խոսակցությունն էր։

«Դրանից հետո ինչքան զանգել ենք նրա համարին, միշտ անհասանելի էր։ Հետո իմացանք, որ նոյեմբերի 3-ի առավոտյան զոհվել է։ Մարտունու 2-րդ դիրքերն էին պաշտպանում։ Նախքան դիրքեր բարձրանալն ընկերոջն ասել էր՝ գիտեմ, որ բարձրանամ, էլ հետ չեմ գալու։ Կարծես՝ սիրտը զգում էր»։

Արթուր Օհանջանյանը զոհվել է դիպուկահարի կրակոցից՝ 28 տարեկան հասակում։ Եվ միայն ամիսներ անց՝ 2021-ի օգոստոսի 19-ին ԴՆԹ նույնականացմամբ հաստատվեց նրա զոհվելու փաստը։

«Հուղարկավորել ենք Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում։ Նա հավերժ մնաց Արցախի մայրաքաղաքի սրտում։ Ամուսնուս գերեզմանին այցի գնալուց, նրա հիշատակին մի ծաղիկ խոնարհելու հնարավորությունից զրկված լինելն ավելի է ծանրացնում մեր վիճակը»։

Սեփական մեքենայով՝ երկու փոքրիկների հետ սեպտեմբերի 24-ին բռնել է գաղթի ճանապարհը։ Ինքն էր վարում մեքենան։

«Տեսել ու անցել ենք գեհենի միջով։ 2020 թվականից հետո թվում էր ամենասարսափելին հետևում է։ Սակայն վերջին մեկօրյա պատերազմն ու հարկադրաբար մեր հայրենիքը լքելը վերջնականապես մեզ կոտրեց»։

Սեպտեմբերի 25-ին արդեն Նոր Արտամետ գյուղում էին, որտեղ հաստատված են հիմա։ Այստեղ էլ կմնան երևի՝ ասում է։

Վաչեն 4-րդ դասարան է փոխադրվել՝ գերազանց է սովորում։ Վահեն մի քանի օրից կգնա առաջին դասարան։



Արհեստի հետ սեր չունի Հերմինեն։ Ասում է՝ հոգեպես դեռևս ի վիճակի չէ որևէ նոր բան սովորելու։

«Առայժմ երեխաների առողջական վիճակով եմ զբաղված։ Հոկտեմբերին կրտսեր որդիս պիտի վիրահատվի։ Դեռևս իմ խնամքի կարիքն ունեն նրանք։ Մի քիչ մեծանան, ինքնուրույնություն ձեռք բերեն, կմտածեմ աշխատելու մասին,- ասում է նա։

Անահիտ Պետրոսյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։