Քննարկվեցին Հայաստանից արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի հետ կապված հիմնախնդիրները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանից արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի հետ կապված հիմնախնդիրներին առաջնահերթ անդրադարձ եղավ «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մոնիթորինգին, իրագործմանը և հաղորդակցությանը» ծրագրի ԵՄ բարձրաստիճան խորհրդատու Խոսե Իգնասիո Պրադաս–Պովեդայի և ՎԶԵԲ–ի տնտեսական փորձագետ Էդգար Հովհաննիսյանի՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ունեցած հանդիպման ընթացքում։
ՀԱԳՄ առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրեց այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնում են հայ գործարարներն՝ ավանդական շուկաներին զուգահեռ սպառման նոր տարածաշրջաններ մուտք գործելու ճանապարհին, այդ թվում՝ Եվրամիության շրջանակներում։ Առաջանում են թե լոգիստիկ, թե անհրաժեշտ որակի ու քանակների ապահովման, թե սերտիֆիկացման ու անհրաժեշտ փաստաթղթավորման, թե գործարար մշակույթի և այլ խնդիրներ, որոնց կարգավորումը զգալի ջանք ու ժամանակ է պահանջում։
Երկուստեք կարևորվեց արտահանման դիվերսիֆիկացիայի ընդհանուր ռազմավարության առկայության անհրաժեշտությունը, վերջինիս ձևավորմանը գործարար շրջանակների ակտիվ մասնակցությունը, ոլորտային կլաստերների ձևավորումը, արտահանողների շուկայագիտական և մասնագիտական այլ կարողությունների հզորացումը։ Ընդգծվեց Հայաստանից՝ մասնավորապես ԵՄ շուկաներ արտահանման հատուկ ռեժիմների սահմանման անհրաժեշտությունը, աջակցության այլ ծրագրերի իրականացումը։
ՀԱԳՄ առաջին փոխնախագահն անդրադարձավ նաև Միության գորունեության հիմնական ուղղություններին, մասնավորապես հանգամանալի ներկայացնելով միջազգային գործընկերների հետ իրականացրած և ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ ԵՄ շրջանակներում։
Հյուրերի խնդրանքով մանրամասներ հաղորդվեցին ԵՄ-ն բիզնեսի համար «Միավորելով ընկերություններին» նախագծի շրջանակներում իրականացված «Կանաչ» տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար ծրագրից։ Վերջինս մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից՝ նպատակ հետապնդելով նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցակցային կարողությունների հզորացմանը, բարելավել շուկաների հասանելիությունը, խթանել Հայաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ շուկայի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջև կապերը։
Ներկայացվեց ՀԱԳՄ և Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի միջև մեկնարկած համագործակցությունը, որի շրջանակներում կազմակերպվել են երկու կառույցների պատվիրակությունների փոխադարձ ճանաչողական այցեր, ձեռք բերվել հետագա համագործակցության պայմանավորվածություններ։
Անդրադառնալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում գործունեությանը, Ներսես Կարամանուկյանը տեղեկացրեց, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը սույն թվականի հուլիսի 1–ից ստանձնել է կառույցի Տնտեսական խորհրդի նախագահությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև մակրոտնտեսական կայունության, ձեռնարկատիրության և բիզնես ներդրումների համար բարենպաստ պայմաններին, Հայաստանի տնտեսական կարողությունների միջազգային ճանաչելիության բարձրացմանը, նորարար տեխնոլոգիաների ներդրման կարևորությանն առնչվող և այլ հարցերի։ Ընդծվեց միջազգային կառույցների, պետական մարմինների և մասնավոր հատվածի համագործակցության կարևորությունը։