Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Պաշտոնական

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, հայտնում են ԱԺ-ից:

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին:

«Կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համատեղել մասնագիտական փորձառությունը, ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատամքը, իրական բարեփոխումների ցանկությունն ու դրանք կյանքի կոչելու կարողությունը»,- նշել է թեկնածու Նարինե Ազարյանը` շեշտելով, որ իր մասնագիտական գործունեությունը փոխկապակցված է եղել կոռուպցիայի դեմ պայքարի հետ:

Ընդգծելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարեւոր դերակատարումը` Նարինե Ազարյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա նշել է, որ ընտրվելու դեպքում բարձր պատասխանատվությամբ կմասնակցի կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված գործընթացներին:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով աշխատանքային ստաժի հավելագրումներին, հարցի իրավական լուծմանը, աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացին:

Մտքերի փոխանակության ընթացքում շեշտվել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը, իրապես, պետք է լինի անկախ, իր սկզբունքներն ու տեսակետները ներկայացնի առանց կաշկանդվելու:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ելույթների ընթացքում բարձրացված հարցերին, խոսել Մրցութային խորհրդի կազմի ընտրության հարցի մասին: Կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթները` նա նշել է, որ պետք է ձեւավորել մեկ միասնական չափանիշներով աշխատող հանձնաժողով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ողջունել է ընդդիմության ներկայացուցիչների` հարցի քննարկմանն ակտիվ մասնակցություն ունենալը: