Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԳՄՍՆ
A A
Պաշտոնական

Ավելի քան 510 մլն դրամ նոր հատկացում կրթական և մշակութային հաստատությունների կապիտալ շինարարությանը և գույքի ձեռքբերմանը

Ավելի քան 510 մլն դրամ նոր հատկացում կրթական և մշակութային հաստատությունների կապիտալ շինարարությանը և գույքի ձեռքբերմանը

 

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 510 մլն 592 հազար դրամ գումարի չափով: Ընդունված որոշմամբ նաև վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 804 մլն 641 հազար դրամի չափով, ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշմամբ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը, որը կրում է շարունակական բնույթ:

Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ նշված գործընթացն առաջնային և կարևոր խնդիրներից է կրթության և մշակույթի ոլորտներում պետության որդեգրած քաղաքականության պատշաճ իրականացման համար: Ըստ նախարարի՝ որոշմամբ հատկացվող գումարների շրջանակում կլուծվեն մի շարք հրատապ խնդիրներ՝ կապված ջեռուցման, տանիքի, սանհանգույցներ և այլնի հետ, և որոնց լուծման համար արդեն ապահովվել են բոլոր նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթերը։ Շինարարական աշխատանքների մասով ծախսը կկազմի 322.2 մլն դրամ, որը կվերաբերի 2 կրթական և 9 մշակութային հաստատությունների: Գույքային հագեցվածության նպատակով 3 կրթական և 4 մշակութային հաստատությունների կտրամադրվի 188.4մլն դրամ:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ վերաբաշխվող գումարի շրջանակում կրթական ոլորտի կապիտալ ծրագրերին կուղղվի 70.1 մլն ՀՀ դրամ գումար, այդ թվում՝ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի գույքով ապահովմանը: Շուրջ 440.5 մլն ՀՀ դրամ կհատկացվի մշակույթի ոլորտի կապիտալ ծրագրերի իրագործմանը:

Նախարարը նաև շեշտել է, որ որոշմամբ թույլտվություն է տրվում գնման պայմանագրերում կատարել որոշ փոփոխություններ, որոնք կապված են շինարարական

աշխատանքների կատարման ժամկետների երկարաձգման և տնտեսումների օգտագործման հետ:

Շինարարական աշխատանքների մասով նախատեսվում է՝

· «Երևանի հ․ 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ /գազաֆիկացում/

· «Ե․ Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ /ջեռուցման համակարգի նորոգում/

· «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ

· /սանհանգույցների նորոգում/

· «Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ /մուտքի դռան, պատուհանների փոխարինում/

· «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ /շենքի նախամուտքի նորոգում/

· «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ /«Զաքար Խաչատրյան և Արտաշես Հովսեփյան տուն-թանգարան» մասնաճյուղի շենքի ցանկապատում և տարածքի բարեկարգում/

· «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ /տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցում/

· «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ /սանհանգույցների նորոգում/

· «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ /տանիքի մասնակի նորոգում/

· «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ /տանիքի հիմնանորոգման ծավալների ավելացում/

· «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ /տանիքի, հուշ–տնակի նորոգում, տարածքի բարեկարգում/

Գույքի հագեցվածություն՝

· «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ /տեսահսկման համակարգ/

· «Սյունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ /ազդանշանային համակարգ/

· «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» ՊՈԱԿ /բեմի համար ձայնային և լուսային սարքավորումներ/

· «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ /«Առնո Բաբաջանյան» համերգասրահի աթոռներ/

· «Երևանի թիվ 109 ավագ դպրոց» ՊՈԱԿ /ՀԾ-հաշվապահություն համակարգչային ծրագիր/

· «Որոտանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ /միկրոավտոբուս/

· «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ /աշակերտական գույք, մասնագիտական և համակարգչային տեխնիկա և գործիքներ/

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցմանը, նշել է, որ դրանք կտեղադրվեն երեք արգելոց-թանգարաններում, որոնցից մեկը պատմական Արտաշատ մայրաքաղաքն է: Նա խնդրել է ԿԳՄՍ նախարարին ներկայացնել հարցի մանրամասները, որին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ իրականացվել է մոդուլային կենտրոնի նախագծի էսքիզային դիզայնի մշակում. «Մոդուլային կենտրոնն ունենալու է տոմսերի վաճառքի առանձին հատված, սանհանգույցներ, փոքր սրճարան, հուշանվերների վաճառքի կետ: Նախատեսում ենք նման կենտրոններ տեղադրել բոլոր արգելոցներում. այս փուլում դրանք տեղադրվելու են պատմական Արտաշատ մայրաքաղաքում, Լոռի բերդում, որտեղ մեծ ծավալի հիմնանորոգման և ամրակայման աշխատանքներ են տարվել, և Բջնիի պատմական ամրոցում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում»:

Վարչապետը նկատել է՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի պահպանված, տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից այն կողմ, և ՀՀ քաղաքացիներն ու օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն չունեն այնտեղ այցելելու. «Ես հանձնարարել եմ ապահովել պատմական Արտաշատ մայրաքաղաքի պատշաճ պահպանությունն և հասանելիությունը. աշակերտները պետք է հնարավորություն ունենան այցելել և իրենց համապատասխան դասաժամերն անցկացնել հենց տեղում»:

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչ փուլում է գտնվում մոդուլային և նորակառույց դպրոցներին գույքի տրամադրման գործընթացը, որին ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս օրերին դպրոցները ստանում են

գույքի վերջին խմբաքանակները, և ավելի քան 90 տոկոսով բաշխումն արդեն իրականացվել է, որը կավարտվի մինչև տարեվերջ:

 

Վարչապետը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվել է նաև, թե ինչ փուլում է դպրոցները լաբորատորիաներով հագեցնելու ծրագիրը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նորակառույց բոլոր դպրոցներին տրամադրվում են լաբորատորիաներ, իսկ մյուս դպրոցներում այն իրականացվում է Կառավարության ծրագրով՝ ամեն տարի ըստ մարզերի: 2023 թվականին լաբորատորիաներ են ստացել Արմավիրի մարզի բոլոր դպրոցները, իսկ 2024 թվականին դրանք կստանան միանգամից մի քանի մարզերի դպրոցներ՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի: Ընդ որում՝ դպրոցները ստանալու են լաբորատորիայի համար անհրաժեշտ և՛ գույք, և՛ սարքավորումներ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏեՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ