Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2022 թվականին կատարված աշխատանքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականին կատարված աշխատանքներն ամփոփող ընդլայնված խորհրդակցություն՝ ողջ անձնակազմի մասնակցությամբ:
 
Նիստը վարել է Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել Ծառայության ղեկավարի տեղակալները՝ ներկայացնելով իրենց համակարգման ներքո գտնվող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից 2022 թվականին իրականացված, նախաձեռնված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների, վերլուծությունների և ռիսկերի գնահատման վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։
 
2022 թվականին Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչությունն իրականացրել է 3 ուսումնասիրություն և 14 մշտադիտարկում (2021 թվականին մշտադիտարկումները 5-ն էին, իսկ ուսումնասիրությունները՝ 3-ը), որի ընթացքում արձանագրվել են գնման ընթացակարգի, պետական միջոցների անարդյունավետ կառավարման դեպքերի, ինչպես նաև ի հայտ են բերվել առաջարկություններին չարձագանքելու դեպքեր եւ այլ բնույթի խախտումներ:
 
Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության 2022 թվականին արձանագրած խախտումները կազմել են մոտ 11 մլրդ ՀՀ դրամ:
Ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 6 ուսումնասիրություն և 21 մշտադիտարկում։ Հարկ է նկատել, որ 2021 թվականի համեմատությամբ մշտադիտարկումներն ավելացել են 17-ով: Իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում խախտումներ են արձանագրվել պետական կառավարման մարմիներում, նրանց ենթակա հիմնարկներում։ Վարչության արձանագրած խախտումները կազմել են 8,45 մլրդ. ՀՀ դրամ։
 
Ծառայության ռիսկերի գնահատման եւ վերլուծության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 13 մշտադիտարկում և 195 վերլուծություն, որի արդյունքում վեր են հանվել Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր ռիսկերը, պետական գնումներում հաղթող ճանաչված որոշ տնտեսվարող սուբյեկտների հնարավոր փոխկապակցվածությունը, արձանագրվել են մաքսային մարմնի կողմից մաքսային հսկողությանն առնչվող մի շարք թերացումներ: Վարչությունը 2022 թվականի ընթացքում արձանագրել է 28,3 մլն ՀՀ դրամի խախտում:
 
Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 5 ուսումնասիրություն, 19 մշտադիտարկում, մշտադիտարկվել են գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի ավելի քան 3100 գնման ընթացակարգերի հրավերներ, որոնց արդյունքում կատարվել է 168 գնման ընթացակարգի տեխնիկակական բնութագրի փոփոխության առաջարկ:
 
2021 թվականին նույն ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 2780 գնման ընթացակարգ, որի արդյունքում տրվել է 122 գնման ընթացակարգի տեխնիկական բնութագրի փոփոխության առաջարկություն: 2022 թվականին իրականացված վերահսկողության արդյունքներով 20 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ: Վերահսկողական գործառույթների իրացման արդյունքում արձանագրված խախտումները կազմել են մոտ 2,18 մլրդ․ ՀՀ դրամ:
 
Ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունը 2022-ին իրականացրել է 4 ուսումնասիրություն և 51 մշտադիտարկում (2021 թվականին ուսումնասիրությունները 5-ն էին, մշտադիտարկումները՝ 2-ը)։ Վարչությունը 2022 թվականին իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրել է 15 725 110 220 ՀՀ դրամի և 7279 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 7 998 487 ՀՀ դրամ և 7279 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար:
 
Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 8 ուսումնասիրություն և 23 մշտադիտարկում (2021 թվականին ուսումնասիրությունները 1-ն էին, մշտադիտարկումները՝ 16-ը)։ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրած մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է 811 238 733 ՀՀ դրամի խախտումներ, որից պետական բյուջե է վերականգնվել՝ 112 732 096 ՀՀ դրամ գումար, իսկ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա 13 686 480 ՀՀ դրամ: