Սպիտակ խալաթից՝ կանաչ պարտեզ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պատմությունը բժշկուհի Աննա Ալթունյանի մասին է, որը սպիտակ խալաթը փոխարինել է կանաչով և դարձել հաջողակ գործարար:
Լոռու մարզում վերջին տարիներին աստիճանաբար զարգանում են ջերմոցային տնտեսությունները, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարել սեզոնայնության սահմանափակումները և ապահովել կայուն բերք ամբողջ տարվա ընթացքում։
Ջերմոցային տնտեսությունները Լոռու մարզում սկսել են տարածում գտնել հատկապես փոքր և միջին ձեռներեցների շրջանում։ Դրանք ոչ միայն նպաստում են տեղական արտադրության աճին, այլև ստեղծում են նոր աշխատատեղեր՝ խթանելով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը։
Այնուամենայնիվ, ոլորտը դեռևս կանգնած է մի շարք խնդիրների առաջ։
Ինչպիսի՞ն է Լոռու մարզի ջերմոցային տնտեսությունների իրական պատկերը, որո՞նք են հաջողությունները, առկա մարտահրավերները և այն հնարավորությունները, որոնք կարող են դառնալ գյուղատնտեսության և ձեռներեցության զարգացման նոր շարժիչ ուժ։
Աննա Ալթունյանը Սպիտակում նոր ջերմոցային տնտեսություն է հիմնել 2020 թվականին, թեև առաջին ջերմոցներն իրենց տան բակում 20 տարի առաջ հիմնել է հայրը: Մասնագիտությամբ բժիշկ Աննան թողել է բժշկությունը և շարունակել հոր հիմնած գործը:
Ջերմատունը բաղկացած է տարբեր ջերմոցներից, որոնցում առկա տարբեր կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս մշակել տարբեր մշակաբույսեր և հասկանալ՝ որն է ավելի եկամտաբեր: Այցելում են երեխաներ, արդեն 3 տարի է՝ նաև կամավորներ՝ տարբեր երկրներից, որոնք մասնակցում են ջերմատան գյուղատնտեսական աշխատանքներին:
«Մենք միշտ զբաղվել ենք բանջարեղենի սածիլների արտադրությամբ: Հետզհետե պահանջարկը մեծացել է, ինչի արդյունքում մեծացել է նաև տարածքը: Մեկ ամսից պատրաստվում են կառուցել նաև խելացի ջերմատուն՝ նորագույն սարքավորումներով»,-ասում է Աննան:
Ազնվամորին իրականացնում են հիմնականում Սպիտակ քաղաքում. «Ազնվամորին եկամտաբեր է: Շատերը կհարցնեն՝ ինչու ջերմոցում: Քանի որ մեզ մոտ շաբաթներով անձրև է տեղում, պտղի թրջվելու հետևանքով վաճառք չի լինում: Այդ օրերին մենք մրցակցությունից դուրս ենք և բարձր գնով կարողանում ենք ապրաքն իրացնել»:
«Փորձարարական պարտեզն» իրականցնում է նաև ազնվամորու տնկիների և ելակի սածիլների վաճառք: Լոռու մարզում ջերմատնային տեսակի սածիլների միակ արտադրողն են:
Մինչև վեջերս ագրոնոմ չեն ունեցել, արդեն ունեն, ում խորհրդատվության շնորհիվ բույսերի հիվանդությունները ստիպված չեն լինում բուժել, այլ կանխարգելում են:
Աննան ոլորտի զարգացմանը խոչընդոտ համարում է պետության աջակցության խտրականությունը. «Պետությունը հիմնականում աջակցում է մեծ ջերմոցներին, իսկ փոքր ջերմատներն իրենց արագ զարգացման համար ստիպված են փնտրել տարբեր փոքր դրամաշնորհներ, և ոչ բոլորն են շահում: Ես Ազգային ժողովին կառաջարկեի օրենսդրական փոփոխություն անել և մտցնել հողերի սեփականաշնորհման ավելի ճկուն գնային քաղաքականություն, որպեսզի փոքր բիզնեսը մրցակցությունից դուրս չմնա»:
Լոռու մարզում ջերմոցային տնտեսությունների զարգացումը, թեև ունի մեծ ներուժ, դեռևս չի ապահովում հավասար հնարավորություններ բոլորի համար։ Պետական աջակցության ծրագրերը հիմնականում ուղղված են խոշոր ջերմատներին, որոնք ունեն ավելի մեծ ռեսուրսներ և կարողանում են օգտվել առաջարկվող մեխանիզմներից։ Մինչդեռ փոքր և միջին ձեռներեցները հաճախ ստիպված են ապավինել սահմանափակ թվով փոքր դրամաշնորհների, որոնք ոչ միայն դժվար հասանելի են, այլև չեն բավարարում ոլորտի իրական կարիքները։
Դրան գումարվում է ևս մեկ լուրջ խոչընդոտ՝ հողերի բարձր գները։ Նույնիսկ այն ձեռներեցները, ովքեր կարողանում են ձեռք բերել հողատարածքներ, ստիպված են տարիներ շարունակ աշխատել միայն ներդրված միջոցները վերադարձնելու համար՝ առանց իրական շահույթ ստանալու հնարավորության։
Այս ամենը հուշում է, որ ոլորտը կարիք ունի առավել հավասարակշռված պետական քաղաքականության։ Կարևոր է մշակել աջակցության այնպիսի ծրագրեր, որոնք հասանելի կլինեն ոչ միայն խոշոր, այլև փոքր տնտեսություններին։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հողերի հասանելիության բարելավմանը և շուկաների ընդլայնմանը, որպեսզի գյուղատնտեսն ունենա ոչ միայն արտադրելու, այլև իր արտադրանքը շահավետ իրացնելու հնարավորություն։
Միայն այդ դեպքում Լոռու մարզի ջերմոցային տնտեսությունները կկարողանան դառնալ ոչ թե գոյատևման միջոց, այլ իրական զարգացման ուղի՝ ստեղծելով կայուն եկամուտ և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։
Lori TV