Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I9673
A A
Պաշտոնական

Կպարզեցվեն և կարագացվեն սահմանահատման և ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները (տեսանյութ)

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սահմանահատման,  մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների մաքսային ձևակերպումների և հայտարարագրման գործընթացները պարզեցնելու նպատակով: Գործընթացն ավելի պարզեցնելու և դրա վրա ծախսվող ժամանակը նվազեցնելու նպատակով առաջարկվում է միևնույն տրանսպորտային միջոցով մի քանի առաքողներից մի քանի ստացողների անունով փոխադրվող բեռների մաքսային տարանցում ընթացակարգով մաքսային ձևակերպումների պարագայում՝ փոխադրողի կողմից բեռը ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցիկ հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանք սահմանված կարգով՝ առանձին-առանձին ընդունել  որպես տարանցիկ հայտարարագրեր, սակայն տվյալ փոխադրումների պատշաճ հսկողությունը կազմակերպելու նպատակով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգում ձևավորել ոչ թե փոխադրվող ապրանքային խմբաքանակների թվաքանակով հայտարարագրերի էլեկտրոնային տեսքեր, այլ մեկ տարանցիկ հայտարարագրի տեսք՝ հաշվի առնելով այն, որ տվյալ բոլոր խմբաքանակները տեղափոխվում են մեկ տրանսպորտային միջոցով, մեկ փոխադրողի կողմից, միևնույն ժամկետում  և առաքման միևնույն վայրը: Այս դեպքում առաջարկվում է մաքսային մարմինների կողմից ձևավորվող տարանցիկ հայտարարագրի էլեկտրոնային տեսքի 44-րդ դաշտում  նշել բոլոր խմբաքանակների ուղեկցող փաստաթղթերի տվյալները, միևնույն ժամանակ տարանցիկ հայտարարագրման համակարգում նախատեսելով հայտարարագրի էլեկտրոնային տեսքին կից փաստաթղթի առկայություն, ուր կնշվի յուրաքանչյուր խմբաքանակի ստացողի տվյալները և որի հիման վրա կաշխատի ռիսկերի կառավարման համակարգը: Արդյունքում՝ կնվազեն  ՀՀ սահմանային անցման կետերում առկա հերթերը:

 

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, առաջին կիսամյակի ընթացքում կներդրվի երկու էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում ոչ միայն «կանաչ», այլ նաև «դեղին» ու «կարմիր» ուղիների դեպքում հնարավորություն կլինի մաքսազերծման գործընթացն իրականացնել համակարգչով:   

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ազդեցություն կունենա այն դեպքերում, երբ մի բեռնատարով մի քանի մարդկանց պատկանող բեռներ են տեղափոխվում:  «Տեսականորեն կարող է լինել, որ մի բեռնատարի մեջ լինի 20 մարդու բեռ: Դա ենթադրում է, որ ամեն մարդու  համար հերթով այդ հայտարարագիրը պետք է լրացնել: Հիմա ստեղծվում է հնարավորություն, որ այդ մարդկանց պատկանող բոլոր բեռների համար լրացվի մեկ ընդհանուր հայտարարագիր: Արդյունքում՝ կբացվի լրացուցիչ էլեկտրոնային հարթակ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ  սրանք  մաքսային վարչարարության պարզեցման ընդհանուր ծրագրի և ռազմավարության տարբեր հատվածներն են, որոնք  փուլ առ փուլ իրականացվում են: