Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Հնդկաստանի քաղաքացուց հափշտակել են ավելի քան 75 000 ԱՄՆ դոլար (տեսանյութ)

Գողությամբ և ավազակությամբ Երևանում Հնդկաստանի քաղաքացուց հափշտակել են ավելի քան 75 000 ԱՄՆ դոլար.

քրեական գործը դատարանում է

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ Երևանում կատարված ավազակության, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով իր հասակակից ընկերոջ հետ, 2022 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գազի կաթսան վերանորոգելու պատրվակով այցելել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից Երևանում վարձակալած բնակարան: 23-ամյա երիտասարդը կատարել է վերանորոգման աշխատանքներ, իսկ հասակակից ընկերը օգտվելով տանտիրոջ ժամանակավոր բացակայությունից՝ սկսել է գումար փնտրել։ Սենյակներից մեկում կախված կոստյումի ծոցագրպանում նա հայտնաբերել է փաթեթավորված գումար, որի մի մասը՝ շուրջ 30.000 ԱՄՆ դոլլար, հափշտակելով, ընկերոջ հետ անմիջապես  հեռացել են՝ այդ կերպ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով  վնաս:

Շանունակելով հանցավոր մտադրությունը՝ 23-ամյա երիտասարդի ընկերը նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է Երևան քաղաքի բնակիչ իր 30-ամյա մեկ այլ ընկերոջ ավազակությամբ հափշտակել հիշյալ բնակարանում եղած գումարի մնացած մասը:

Օրեր անց, վերջիններս երկուսով դիմակավորված, օդաճնշիչ ատրճանակով զինված, այցելել են վերոհիշյալ բնակարան, որտեղ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ տանտիրոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են գումար։ Վերջինս իր մոտ եղած 60.000 ՀՀ դրամը տվել է նրանց, ինչից հետո, նախապես տեղյակ լինելով բնակարանում ավելի մեծ գումարի առկայության մասին, 23-ամյա երիտասարդն իրեն հայտնի վայրից՝ պահարանում կախված կոստյումի ծոցագրպանից հայտնաբերել ու հափշտակել է մնացած՝ շուրջ 45.000 ԱՄՆ դոլար գումարը: Հնդկաստանի քաղաքացին փորձել է դիմադրել և խլել նշված գումարը, սակայն բռնություն գործադրելով՝ վերջինիս հրել, գցել են մահճակալի վրա, գոտիով կապել ոտքերը և բնակարանի մուտքի դուռը դրսից փակելով դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի համադրությամբ՝ 23-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին), 23-ամյա մյուս երիտասարդին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերին), իսկ 30-ամյա տղամարդուն՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Երեք մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: