Բացել լրահոսը Փակել լրահոսը
1579288043_20-63
A A
Պաշտոնական

37 երաժշտական գործիք ձեռք կբերվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների համար 2023 թ. նախատեսում է ձեռք բերել 9 անուն 37 երաժշտական գործիք՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, կլարնետ, ֆլեյտա, սաքսոֆոն, քսիլոֆոն, քանոն, թառ:

Նախարարության տեղեկացմամբ՝ ծրագիրն իրականացվում է գեղարվեստական կրթության համակարգի բնականոն գործունեության, արտադպրոցական կրթության և գեղագիտական դաստիարակության շարունակական զարգացման, օժտված և շնորհալի երեխաների բացահայտման ու նրանց մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով:

Բազմաթիվ օժտված երեխաներ գեղարվեստական կրթության համակարգից դուրս են մնում գործիք չունենալու կամ ձեռք բերել չկարողանալու պատճառով: Այս ծրագիրը միտված է արտադպրոցական կրթության հասանելիության, մատչելիության ապահովմանը և կարևոր նշանակություն ունի ոլորտի շահառուների սոցիալական բեռի թեթևացման հարցում:

Ընդհանուր առմամբ՝ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում տարբեր տարիներին ձեռք է բերվել 659 երաժշտական գործիք, որոնք տրամադրվել են երաժշտական և արվեստի դպրոցներին՝ նյութատեխնիկական բազայի համալրման նպատակով: