Ո՛չ, այստեղ խուճապ չկա, մարդիկ իրենց գործերով են զբաղված․ Սիսիանի բնակիչ
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես են ապրում մարդիկ, այսօր արդեն՝ սահմանամերձ Սիսիանում, որքանով են իրենց ապահով զգում, ինչպես և որտեղ են տեսնում իրենց ապագան: Այս և այլ խնդիրների շուրջ «Ա1+»-ը զրուցել է Սիսիանի բնակիչների հետ:
Մասնագիտությամբ հաշվապահ Սոֆյա Բալյանը, ծնվել ու ապրում է Սիսիանում: Հարցին, թե ինչպիսին են մարդկանց տրամադրությունները, որքանով են իրենց ապահով զգում, ժպտալով պատասխանում է.
«Ինչպես դուք Երևանում: Երևանը սահման չի՞: Ոչ, այստեղ խուճապ չկա, տագնապ չկա, մարդիկ իրենց գործերով են զբաղված»:
Տիկին Սոֆիայի խոսքով, կոնկրետ իր շրջապատում Սիսիանից արտագաղթողներ չկան:
«Ջահելությունն է հիմնականում գնում Երևան՝ սովորելու, հետո էլ հետ գալ չեն ուզում կամ գնում են Ռուսաստան աշխատելու: Գնալու պատճառն աշխատանք չունենալու խնդիրն է, ոչ թե սահմանի անապահովությունը: Թե աշխատանք էլ կա, շատ ցածր են աշխատավարձերը: Մի քիչ էլ մայրաքաղաքի հետ համեմատած անհետաքրքիրա կյանքը: Զվարճանքի օբյեկտները քիչ են, սրճարանա, թատրոնա…, աշխատավարձն էլ բարձր պետք է լինի, որ գոնե եղածից կարողանան օգտվեն: Դե սրճարաններն էլ, որ շատ հաճախորդ չեն ունենում, քիչ-քիչ փակվում են»:
Իսկ կա՞ն մարդիկ, որ վերադառնում են մշտական բնակության, հարցին, տիկին Սոֆիան պատասխանում է, որ ինքը ընդամենը մեկ հոգու գիտի, բիզնեսմեն է, թողել է իր բիզնեսը, Ռուսաստանից եկել է այստեղ ֆերմա է կառուցել ու ապրում է: Բայց, ասում է, եկողները շատ չեն, գնացողներն են շատ:
Տասնհինգամյա Էլենի ընտանիքը Սիսիանից տեղափոխվել է Երևան: Սիսիան ամառներն է գալիս, տատիկի մոտ: Էլենը տնտեսագիտական քոլեջում է սովորում ու երազում, որ մի օր Ամերիկա է տեղափոխվելու ու բնակվելու Վաշինգտոնում: Ինչո՞ւ հենց Վաշինգտոնում, հարցին պատասխանում է.
«Ամերիկայում լավ համալսարաններ կան, Վաշինգտոնն էլ լուսանկարներում շատ գեղեցիկ քաղաք է: Գայթակղել են ինձ այդ լուսանկարները: Նաև ընկերուհի ունեմ, որ արդեն չորս տարի այնտեղ է ապրում, նրա պատմածով էլ շատ լավ քաղաք է: Կարոտում եմ, իհարկե իմ ծննդավայրը, բայց հաստատ հետ չեմ գա, անգամ Երևանից հետ չեմ գա»,- ասում է Էլենը:
Այդպես որ շատերը մտածեն, տարբեր քաղաքների լուսանկարներով գայթակղվեն ու մեկնեն Սիսիանից, բա ո՞վ կմնա, հարցին, մի փոքր շփոթված պատասխանում է. «մնացողը»:
Ապագայում իրեն այլ երկրում է տեսնում նաև Սիսիանում բնակվող տասներեքամյա Լիլյան: Մասնագիտության հարցում աղջնակն արդեն կողմնորոշվել է՝ անգլերեն լեզվի թարգմանիչ կդառնա: Երկիրն էլ, որտեղ ցանկանում է ապրել՝ Հարավային Կորեան է:
«Հա, մի զարմացեք: Ամեն մեկն իր կարծիքն ունի, իր որոշումն է կայացնում: Ես էլ այդպես եմ որոշել: Ով էլ կմնա, ուրեմն շատ հայրենասեր է»:
Իսկ ինչ է հայրենիքը, հարցին պատասխանում է. «քո ծննդատունը, քո բնակավայրը»:
Ի տարբերություն աղջիկների, քսաներկուամյա Վանո Հայրապետյանը իր ապագան առայժմ ծննդավայր Սիսիանում է տեսնում: Հպարտությունը չի թաքցնում, որ Արցախում է ծառայել: Հիմա էլ մատուցող է աշխատում Սիսիանի «Բասեն» հյուրատանը: Երկու մասնագիտություն ունի՝ խոհարար ու վարորդ: Նշում է, որ երկուսն էլ սիրում է:
«Որտեղ էլ գնամ, հաստատ գործ կգտնեմ: Միգուցե, որ երկրի վիճակը լավ լինի, խաղաղություն լինի, կմտածեմ գնալ, գումար աշխատելու մասին: Բայց, հիմա էստեղ եմ պետք: Որ մեկն ու մյուսը գնան, բա մեր հայրենի հողն ում թողնենք: Դրա համար էլ, ինչքան էլ որ բարդ է ապրուստ վաստակելը, կմնանք, որ պահենք մեր հողը: Ընկերներ ունեմ, որ Երևան են գնացել, սակայն, Աստված չանի, որ վիճակը բարդացավ՝ կգան, կպաշտպանեն»:
Վանոն շատ երազանքներ ունի, բայց ամենակարևորը, ասում է՝ հայրական տունը շենացնելն է: Դրա համար է գումար պետք աշխատել, որ խնդիրները կարողանա լուծել, ընտանիք կազմել, երեխաներ մեծացնել:
Ծնունդով սիսիանցի Մարթա Մինասյանը սովորում է Երևանի Սլավոնական համալսարանի ճապոնագիտության ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց հետո, մտածում է վերադառնալ Սիսիան ու աշխատել:
«Տուրիզմի համար էստեղ պոտենցիալ շատ կա, բայց մասնագետներն են քիչ: Ավարտելուց հետո, կարող է զբոսավար աշխատեմ»:
Բնակվել երկրի սահմաններից դուրս չի պատկերացնում: Ասում է՝ ծննդավայրն ամենաապահով վայրն է, անգամ, եթե լարված է իրավիճակը:
«Անձամբ ես, որ Երևան եմ գնում, շատ եմ կարոտում Սիսիանը»:
Մարթան պատմում է, որ վերջերս համագործակցել է մի գրասենյակի հետ, որ սոց հարցումներ էր անցկացնում, և հարցերից մեկն էր՝ հնարավորության դեպքում կգնա՞ք այլ երկիր մշտական բնակության, թե՞ կմնաք Հայաստանում:
«Սպանդարյան գյուղում քսան տուն եմ մտել, քսանն էլ պատասխանել են, որ կմնային, բայց հիմնական խնդիրն այն է, որ աշխատանք չկա: Գյուղից շատերն են գնացել: Շատ տների դարպասներից կողպեք էր կախված: Սիսիան, Երևան, կամ Ռուսաստան են մեկնել: Հիմնականում մեծահասակներն են մնացել: Այգին չեն կարողանում մշակել, դժվարանում են: Ձմեռվա վառելիք փայտի պաշար չեն կարողանում ապահովել: Բայց դրա հետ մեկտեղ էլ ասում են՝ երեխեքը թող հետ չգան, թող լավ ապրեն: Իսկ իրենց կյանքը գյուղից դուրս, ինչքան էլ դժվար լինի, չեն պատկերացնում»: