Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերժ Սարգսյան
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի գործով եզրափակիչ ակտի հրապարակումը հետաձգվել է

  Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը երկարաձգել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով եզրափակիչ ակտի հրապարակումը:

«Հաշվի առնելով գործի մեծածավալ և բարդ լինելը, անհրաժեշտ է թիվ ՀԿԴ/0024/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով վճռի հրապարակման ժամանակը երկարաձգել մինչեւ 20/04/2026 թվականը»,- պարզաբանել է դատավորը:

Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքից անկախ, օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

   Հիշեցնենք, որ դատախազությունը Սերժ Սարգսյանի եւ իր երկու դուստրերից՝ Անուշ Մինասյանից եւ Սաթենիկ Սարգսյանի դեմ էր հայց ներկայացրել: 2023 թվականին դատարանը թույլատրել է հայցի առարկայի եւ հիմքերի փոփոխությունը։ Հրավիրված նախնական դատական նիստի ընթացքում հայցվորը հրաժարվել է Անուշ Սերժի Մինասյանի դեմ ներկայացված հայցապահանջից:

Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝

• 2018թ․ փետրվարի 9-ին «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված 107 մլն 998 հազար 657 դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ։

• 2022թ․ ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը համապատասխան ավանդային հաշվին առկա գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսները։

• 2018թ․ փետրվարի 9-ին նույն բանկում ներդրված ավանդի կուտակած 44 միլիոն 280 հազար 352 դրամի չափով տոկոսները։

• 2022թ․ ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատ բանկ» ընկերության հաշվին առկա 44 միլիոն 280 հազար 352 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։

• Ռիտա Սարգսյանի ժառանգ Սաթենիկ Սարգսյանից, օրենքի իմաստով, որպես Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Ռիտա Սարգյանի անվամբ 2018 թվականի փետրվարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և Սաթենիկ Սարգսյանին ժառանգությամբ փոխանցված 95 մլն դրամի ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։ Սաթենիկ Սարգսյանի՝ բարեխիղճ ձեռքբերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։

• 2021թ․ մայիսի 12-ից մինչեւ վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերությունում նշված ավանդային հաշվին առկա 95 մլն դրամ գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։

• Ռիտա Սարգսյանի անվամբ 2018թ․ փետրարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված, օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված ավանդի նկատմամբ կուտակված 30 մլն 435 հազար 975 դրամի չափով տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։

• 2021թ․ մայիսի 12-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերության համապատասխան հաշվում առկա 30 մլն 435 հազար 975 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել համարժեք դրամական միջոցներ Սաթենիկ Սարգսյանից, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։

• Սաթենիկ Սարգսյանից, որպես օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 64-րդ բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ Սերժ Սարգսյանից բռնագանձել գույքի շուկայական արժեքը՝ 260 մլն 900 հազար դրամ։

• Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 39 հասցեի ավտոկանգառը, անհնարինության դեպքում՝ Սերժ Սարգսյանից բռնագանձել նշված գույքի շուկայական արժեքը՝ 10 մլն 660 հազար դրամ։

• Երևանի Տերյան փողոց, 66 շենքի թիվ 39-րդ ավտոկայանատեղին (խմբ․ 2 ավտոկայանատեղիներն էլ ունեն 39-րդ համարը), իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել շուկայական արժեքը՝ 10 մլն 660 հազար դրամ։

• Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 165 մլն 854 հազար 249 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։

• 186 մլն 584 հազար 328 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2021թթ․ ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ բռնագանձումը կրկին տարածելով համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաեւ ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։

Պատասխանող կողմի համար դատախազության հայցն ապօրինի է: