Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մհեր Հակոբյան
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք Ալիևի մոտ վախ կար, հիմա չկա․ Մհեր Հակոբյան

Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները Մոսկվայի բանակցությունների հետ եթե անգամ կապ չունեն, այնուամենայնիվ, Իլհամ Ալիևի համար այս սրացումները նոր խաղաթուղթ են։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այս սրացումներով Ադրբեջանը ոչինչ ռիսկի տակ չի դնում և ոչինչ չի կորցնում։ Այս ամենն իր կողմից կառավարվող խաղաթուղթ է․ «Եթե նա ցանկանա, կակտիվացնի այդ խաղաթուղթն ու մեզ զիջման կհարկադրի, չուզենա էլ՝ ուղղակի կդադարեցնի ու զրոյի վրա կկանգնի։ Սա կոչվում է ռազմավարական նախաձեռնության զիջում թշնամուն, մենք այս պահին զիջել ենք այդ նախաձեռնությունը»։

Ռազմավարական նախաձեռնությունը զիջելը վատ է բոլոր առումներով, կարծում, է փորձագետը։ Այն ազդում է և՛ քաղաքական, և՛ հասարակական կյանքի վրա, ազդում է նաև մարդկանց հոգեբանության վրա․ «Մեր հասարակությունն այսօր ահաբեկվել է, իսկ Ադրբեջանական հասարակությունն ահաբեկվե՞ց։ Ոչ։ Նրանք կմտածեն՝ մերոնք ցանկանում են ինչ-որ դիրք գրավել, կամ գրավեցին, կամ ոչ։ Վախենալու բան չունեն։ Նրանք հաղթանակի սպասեցին, այդ հաղթանակը կամ եղավ, կամ ոչ, մեր դեպքում սպասեցինք կործանման, այդ կործանումից խուսափեցինք»։

Մհեր Հակոբյանը նշեց, որ այս պահին հայկական կողմը միայն արձագանքողի դերում է, սակայն այդպես վարվել չի կարելի, դա կտանի ևս մեկ պարտության։ Սակայն եթե Ալիևը վախենար, որ այդ նոր սրացումներից հետո գուցե կոնֆլիկտն իր հսկողությունից դուրս գար, այդ քայլին չէր դիմի կամ գոնե կմտածեր գործելուց առաջ։

«Նախկինում՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք, այդ վախը կար։ Ապրիլյան պատերազմն, ի վերջո, Ալիևի նախաձեռնությամբ դադարեցվեց, որովհետև նա զգաց վերահսկողությունից դուրս գալու վտանգը», - ասաց Մհեր Հակոբյանը։

Նույնիսկ եթե նոր պատերազմի պատրաստ չենք, նրա խոսքով, պետք է գոնե ավելի մարտական կեցվածք ընդունել։ Պատերազմից 8-9 ամիս անց էլ տեղյակ չենք, թե ինչ իրավիճակում է հայկական բանակը, ինչ համալրումներ է ունեցել․ «Թշնամու բանակի իրավիճակն էլ հեշտ չէր, նրանք 10 հազար կորուստ կրեցին և իրենց առջև դրված խնդիրը վերջնական չկատարեցին։ Ալիևի ռեժիմն էլ ներքին խնդիրներ ունի, չէ՞ որ այդ զոհերը բացասական արձագանք ստացան։ Դժվար է ասել՝ հայկական բանակը պատրաստ է, թե ոչ, բայց իրականում պետք է ձևական ցուցադրել, որ մենք պատրաստ ենք»։

Մհեր Հակոբյանը նշեց, որ մեր կողմից ոչ թե կտրուկ, այլ հաշվարկված և դանդաղ գործողություններ պետք է անել։ Շատ բան էլ կար անելու, սակայն վերջին ընտրություններն ու իշխանությունների վերընտրվելն այդ ամենն անելու շանսերը չթողեցին։

«Այս ընտրություններից հետո մենք նորից այն մարդուն բերեցինք ղեկավար, որ երեք տարի ապացուցել էր իր ոչինչ անել չկարողանալու ունակությունը։ Մեր ռազմավարչական համակարգը պետք է լրջագույն ռեֆորմի ենթարկվի։ Հայաստանին աշխարհը հարգո՞ւմ է հիմա։ 2018թ․ ամռանը Հայաստանը աշխարհում ամենահայտնի երկիրն էր, որ խոսում էին հեղափոխության մասին։ Սակայն ինչպե՞ս կոնկրետացրինք մենք այդ կապիտալը։ Ի՞նչ մոնետիզացրինք ունեցած այդ հեղինակությունից», -հարց առաջադրեց Մհեր Հակոբյանը։