Բացել լրահոսը Փակել լրահոսը
172662176_1827460747416457_5391436727716463406_n
A A
Պաշտոնական

Սառնասրտությունը պատերազմի ժամանակ բժշկին օգնում է ճիշտ կողմնորոշվել

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սառնասրտությունը պատերազմի ժամանակ բժշկին օգնում է ճիշտ կողմնորոշվել։

ԵՊԲՀ սովորողները պատերազմի ժամանակ վերահաստատեցին բժիշկ դառնալու իրենց որոշումը՝ բուհում ստացած գիտելիքներին ավելացնելով այն փորձը, որը կծառայեցնեն իրենց հետագա գործունեության ընթացքում:

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Արման Սմբուլյանը, որը հոկտեմբերի 15-ից 30-ը որպես կամավոր եղել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում և մասնագիտական օգնություն է ցույց տվել վիրավորներին, նշում է, որ այդ ժամանակահատվածը մեծ հետք է թողել մասնագիտական կայացման հարցում: «Ես սովորեցի դժվար պահերին ճիշտ որոշումներ կայացնել՝ մի կողմ դնելով հույզերս և հարցին մոտենալ ավելի սառնասրտորեն։ Սառնասրտությունը բժշկության մեջ՝ այն էլ պատերազմի ժամանակ, օգնում է առավել օբյեկտիվ լինել»,-կարծում է սովորողը՝ ավելացնելով, որ էմոցիոնալ լինելը թուլացնում է բժշկի մասնագիտական կարողությունները և նման իրավիճակներում խանգարող հանգամանք է։

Անդրադառնալով Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում անցկացրած օրերին՝ Արման Սմբուլյանը պատմում է. «Առաջին օրերին ունենալով շատ փոքր մասնագիտական փորձ՝ ինձ վստահված աշխատանքներում դժվարություններ չէի կրում. անհրաժեշտության դեպքում օգնության էին հասնում ավագ կոլեգաներս։ Սակայն փորձություններ հաղթահարելը սկսվեց 1 շաբաթ անց, երբ վնասվածքաբանական ծառայության ամբողջ պատասխանատվությունն ընկավ իմ և գործընկերոջս ուսերին։ «Մենք գիտեինք՝ ինչ է մեզ սպասվում. մեծ փորձ չունենալով հանդերձ՝ փորձեցինք և պատվով դուրս եկանք բոլոր փորձություններում»,-ասում է ապագա մասնագետը՝ շեշտելով, որ առավել դժվար և ծանր էր վերջույթների անդամահատումների ժամանակ մասնագիտական ճիշտ որոշումների կայացումը, քանի որ սխալվելու դեպքում դա կարող էր հաշմանդամության պատճառ դառնալ կամ, որ ավելի ցավալի է՝ կյանք արժենալ: «Սխալ որոշում կայացնելու դեպքում ինքս ինձ երբեք չէի ների»,-փաստում է ապագա օրթոպեդ-վնասվածքաբանը։

Պատերազմի օրերին սովորողի համար ամենամեծ և դժվար փորձությունն ավիառումբերով Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծումն էր, ինչը մեծ վնասներ էր հասցրել նաև գլխավոր մասնաշենքին, որտեղ գտնվում էին բուժանձնակազմն ու վիրավորները։ «Իրականում ռմբակոծությունն ինձ համար սարսափելի չէր. ես գիտեի ուր և ինչի համար եմ եկել: Ամենադժվարը վիրավորներին ժամանակին բուժօգնություն ցուցաբերելն էր, քանի որ րոպեներն անգամ կարող էին կյանքեր արժենալ»,-ասում է նա։
Բժշկի ուղին ընտրած Արման Սմբուլյանը փոքր տարիքում երազել է զինվորական դառնալ, ծառայել և նվիրվել հայրենիքին: «Առողջական խնդիրների պատճառով զինվորական հանձնաժողովը մերժեց վարժարան ընդունվելու հայտս: Չնայած իմ ձգտմանը՝ նույն պատճառով չարժանացա նաև ժամկետային զինվորական ծառայություն անցնելու պատվին»,- նշում է ԵՊԲՀ սովորողը, որը Արմավիրի զինկոմիսարիատում կամավորագրվել է պատերազմի առաջին օրը։

Պատերազմի ժամանակ մասնագիտական առաքելությունը կատարած բժշկական բուհի սովորողը կարծում է, որ բժիշկն իր մասնագիտությանը տիրապետելու հետ մեկտեղ՝ պետք է դժվարին պահերին ճիշտ, օբյեկտիվ և սրտացավ լուծումներ գտնի:

«Անցնելով այդ դժվարին ժամանակահատվածը՝ ինձ մոտ առանձնահատուկ բան չի փոխվել. հին համոզմունքներս ազգիս, թշնամու, մարդկային փոխհարաբերությունների մասին էլ ավելի ամրապնդվեցին և հասկացա, որ ճիշտ ուղու վրա եմ»,-եզրափակում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում կլինիկական օրդինատուրա անցնող վերջին կուրսի ուսանողը»: