Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

79-ամյա տղամարդու մահվան դեպքով հարուցված գործով մեղադրանք է առաջադրվել հարևանին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ տարեց տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2021թ. ապրիլի 1-ին՝ ժամը 14:22-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1941թ. ծնված տղամարդ՝ պոլիտրավմա ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տարեց տղամարդու և  վերջինիս հարևանի միջև, ինչի ընթացքում հարևանը հրել է 79-ամյա տղամարդուն, որը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին և ստացել մարմնական վնասվածքներ:

Դեպքից օրեր անց՝ 2021թ. ապրիլի 3-ին՝ ժամը 12:24-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ տարեց տղամարդը մահացել է ժամը 12:00-ին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դիակի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնություն բաժանմունքի աշխատակիցները, տղամարդու մահվան պատճառը, ստացած վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հարևանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով այն բանի համար, որ վերջինս, վիճաբանելով 79-ամյա տղամարդու հետ, անուղղակի դիտավորությամբ, գիտակցելով տարեց և անպաշտպան վիճակում նրա ինքնապաշտպանության և ինքնատիրապետման անկարողության հանգամանքը, նախատեսելով նրա նկատմամբ բռնություն գործադրելով առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև՝ հանցավոր ոտնձգության օժանդակ հետևանքների՝ վայր ընկնելու և ծանր վնաս ստանալու առաջացման հնարավորությունը, գիտակցաբար թույլ տալով դրանց առաջացումը, առնվազն մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, ինչի հետևանքով տարեց տղամարդը վայր է ընկել, և ստացած գանգուղեղային վնասվածքից 2021թ. ապրիլի 3-ին անզգուշությամբ առաջացել է նրա մահը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: