Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0139687
A A
Քաղաքականություն

Մենք մինչեւ երեքշաբթի օրը, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը որոշում ընդունի` հրաժարական տա․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման համազգային հանրահավաքից հետո սկսվեց երթ դեպի Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատուն։ 

Հավաքվածները շարժվում են Բաղրամյան պողոտա, Պռոշյան փողոց, կառավարության առանձնատներ երթուղով։

Երթն առաջնորդում են քաղաքական ուժերի ղեկավարները՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։

Մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»։

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը համաժողովրդական պահանջ է, իսկ քաղաքական մեծամասնությունը պետք է սա գիտակցի․

«Մենք բացառում ենք, որ իշխող քաղաքական մեծամասնությունից կարող է լինել վարչապետի թեկնածու»։

Ինչ վերաբերում է ԼՀԿ կողմից իր թեկնածուի առաջադրմանը, Սաղաթելյանն ասում է՝ այն ուժը, որը առաջադրում է վարչապետի իր թեկնածուն, պետք է համաձայնվի արտահերթ ընտրություններում չառաջադրվի․

«Էդմոն Մարուքյանը համաձա՞յն է այդ պայմանին»։

Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն իր հերթին հայտարարեց․

«Քանի որ հանրահավաքի հայտարարություններից Նիկոլ խիստ վախեցած է, քանի որ սովորության համաձայն՝ աշխատանքային ժամերից ավելին չի էլ աշխատել, և 2․5 տարի նա վայելում է ամառանոցները շաբաթվա վերջին, մենք մեր հեռանալու պահանջը անմիջայականորեն կփոփանցենք նրա կառավարական ամառանոցի մոտ, որ նրա ականջին օղ լինի, որ լավ լսի ու հասկանա՝ իրեն հայրենիքը չի ուզում»։

Հանրահավաքի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ ներկայացրին:

«Մենք մինչեւ երեքշաբթի օրը, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի՝ հրաժարական տա եւ հեռանա: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որեւէ պայմանավորվածություն, որեւէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը հավելեց, որ մինչեւ երեքշաբթի, ժամը 12-ը եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ: