Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զորացրվելու վերջնական որոշում կայացրել եմ վարչապետի՝ կռվող տղաներին ուղղված կոչից հետո. Մովսես Հակոբյան (տեսանյութ)

Բանակից զորացրվելու որշումը կայացրել եմ հոկտեմբերի 5-ին, պատերազմի ընթացքում մտածել եմ՝ որոշումս վնաս է հասցնելու Զինված ուժերին, և որոշել եմ սպասել մինչև պատերազմի ավարտը։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Հակոբյանը նաև հավելեց՝ նախարարի հրամանը չի համապատասխանում իր զեկուցագրի էությանը, ասաց դիմելու է՝ այս հարցը շտկելու համար, իր զեկուցագրում նշված է իր ազատման իրական պատճառը։

Ինչ վերաբերում է իր որոշմանը, Հակոբյանն ասում է՝ որոշումը վերջնական կայացրել է վարչապետի՝ կռվող տղաներին ուղղված կոչից հետո, երբ գրել էր՝ եկեք այստեղ, լուծենք «պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Գեներալ-գնդապետը պնդում է՝ 44 օրերի ընթացքում սուտը քայքայել է մեր երկիրը և տարել ճգնաժամի։ «Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկն էլ հակառակորդին մոլորեցնելն է՝ սուտ տեղեկատվություն տարածելով, բայց այդ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը, մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը, սրանից են գալիս բազմաթիվ հարցերը»։

Հակոբյանը նաև նկատում է՝ կամավորները, զինվորականները հարցազրույցներ են տալիս հարցերի վերաբերյալ, որոնք իրենց չեն վերաբերում, նաև հավելում է՝ այն մարդիկ, ովքեր կռվել են, չեն խոսում, որովհետև խոսելու ժամանակ չեն ունեցել․

«Մի լավ լուսանկար կա, մեր հրետանավորը մի ձեռքին հրանոթի ձգանն է, մյուս ձեռքին հացն է, կռվում են այդպես։ Այն նկարները, որոնցում երևում է՝ պառկած են և ուտելիքներ կան, դա կռվի դաշտ չէ, դա խորք է, անտառներ են, որտեղ պատերազմը շատ հեռու է»։

Հակոբյանի խոսքով՝ բանակը սովորեցնում է հաղթելու արվեստ, ոչ թե սնվելու կամ լավ ապրելու․ «Փողոցից բարի կամքով հավաքված տղաները չեն կարող ունենալ այն ունակությունները, որպեսզի պատերազմում հաղթենք, ես բոլոր տղաներին էլ հարգում եմ, որովհետև իրենք գնում են իրենց գիտելիքների, իրենց հնարավորությունների սահամաններում կռվելու, պատրաստ են իրենց կյանքը զոհաբերելու»։

Թե ինչո՞ւ մենք պարտվեցինք, Հակոբյանը նախ ասում է՝ պարտությունը կործանում չէ, նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է․ «Պարտության առաջին մեծ պատճառը ղեկավարումն է, զինված խաղաղ պայմաններից պատերազմի բերելու ընթացքում և պատերազմի ընթացքում ղեկավարումը, և մեր բոլոր անհաջողությունները սկսվել են այստեղից»։