Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր Պաշտոնական

Քայլ առ քայլ․ հաջողված պատմություններ համայնքներից

Միավորված, խոշոր ու ավելի կենսունակ համայնքներ՝ իրենց չափերով, կարողություններով և ֆինանսական ռեսուրսների բաշխմամբ իրարից զգալիորեն տարբերվող ավելի քան 900 համայնքի փոխարեն։ Ահա այս մոտեցումն է ընկած ՀՀ կառավարության կողմից 2015 թ. մեկնարկած մեծածավալ կառուցվածքային փոփոխությունների՝ վարչատարածքային բարեփոխումների հիմքում։

Այս 900 համայնքներից շատերում տեղական իշխանությունները դժվարանում էին իրականացնել նույնիսկ իրենց տարրական գործառույթները, ինչը տարիներ շարունակ խոչընդոտել է տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանն ու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում Հայաստանի համայնքների թիվը գրեթե կիսով չափ կրճատվեց։ Համայնքների միավորման մի շարք գործընթացների արդյունքում 465 նախկին համայնքներ միավորվեցին 52 համայնքների կազմում՝ համայնքների ընդհանուր թիվը հասցնելով 502-ի: Միավորված համայնքները մեկտեղեցին իրենց կարողություններն ու ռեսուրսները՝ ի հայտ բերելով հնարավորություններ տեղական տնտեսական զարգացման, ներդրումների ներհոսքի, պետական սուբվենցիաների՝ ապահովելու բարձրորակ հանրային ծառայությունների մատուցում և քաղաքացիների արդյունավետ մասնակցություն համայնքային գործընթացներին։

Վարչատարածքային բարեփոխման գլխավոր նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համար նպաստավոր միջավայրի և տեղական մակարդակում կենսունակ կառույցների ձևավորումն է, որոնք կօգնեն համայնքներին արդյունավետորեն ծառայել իրենց բնակչությանը, կնպաստեն տեղական ժողովրդավարության խորացմանը, ենթակառուցվածքների ստեղծմանը կամ արդիականացմանը, տեղական տնտեսական զարգացմանը։

Թեև բարեփոխումներն իրականացվում են ընդամենը մի քանի տարի՝ բազմաթիվ համայնքներում արդեն կան շոշափելի ձեռքբերումներ, որոնք փորձել ենք ներկայացնել մի քանի համայնքի օրինակով։

Ախթալա միավորված համայնքը բաղկացած է Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան և Նեղոց բնակավայրերից: Համայնքների միավորումից հետո այստեղ իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, այդ թվում՝ փոսալցվել են Ճոճկանի փողոցները,  նորոգվել է բնակավայրի զբոսայգին, կանգառներ են կառուցվել, հիմնանորոգվել է մշակույթի տունը, Փոքր և Մեծ Այրումում անցկացվել են տարիներ սպասված ջրագծերն ու գազի ցանցը: Ավելի քան տասը տարի մանկապարտեզ չունենալուց հետո Շամլուղ բնակավայրի վարչական շենքի տարածքում արդեն գործում է նորաբաց նախակրթարանը: Համայնքների միավորման արդյունքում վարչական աշխատակազմը կրճատվեց, իսկ նրանց զբաղեցրած տարածքը հատկացվեց փոքրիկներին։

Ախթալա միավորված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն հպարտորեն ներկայացնում է արված աշխատանքի արդյունքները. «Միավորման արդյունքում ձևավորվում է մեկ ընդհանուր բյուջե, և արդեն կարողանում ենք միջոցներ հայթայթել ու համայնքը զարգացնել: Պետությունը մեզ ևս աջակում է. տրամադրում է սուբվենցիաներ, որոնց շնորհիվ իրականացրել և իրականացնում ենք համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող տարբեր ծրագրեր: Ունեցել ենք խմելու ջրի մեծ խնդիր Մեծ Այրում և Փոքր Այրում բնակավայրերում, բայց այս պահին սուբվենցիոն ծրագրերով ներքին ցանց է կառուցվում, որի ավարտից հետո համայնքը շուրջօրյա կունենա խմելու ջուր»:

«Կենտրոնացած բյուջեները միշտ էլ ձեռնտու են, որպեսզի հնարավորություն ունենան ինչ-որ գործեր կատարել»,- ասում է Ճոճկանի հիսուն տարվա բնակիչ, գյուղատնտես

Նասիբ Կարապետյանը: «Մեր գյուղի նման մեծ գյուղի համար մշակույթի պալատը շատլավ բան ա: Մեծ գրադարան ունենք, վերանորոգումից հետո կենցաղային հարմարություններ են ստեղծվելու: Ծերերը, որ ազատ ժամանակ շատ են ունենում, նրանց համար էլ պետք է հնարավորություններ լինեն: Թեկուզ գնան նայեն, թե ինչով են զբաղվում երիտասարդները»,- ասում է նա:

Ամասիա միավորված համայնքը ներառում է տասը բնակավայր՝ Ամասիա, Արեգնադեմ, Գտաշեն, Կամխուտ, Ողջի, Բյուրակն, Մեղրաշատ, Հովտուն, Բանդիվան, Ջրաձոր: Համայնքների միավորման արդյունքում իրականացվել են տարբեր աշխատանքներ, համայնքը վերազինվել է նոր տեխնիկայով՝ հացահատիկային կոմբայն, տրակտոր, խոտի մամլիչ, կցորդիչով տրակտոր, բացվել է բրդի գործարանը՝ ապահովելով աշխատատեղեր, գործող մանկապարտեզում բացվել է կրտսերների նոր խումբ, որի սաները հիմնականում հարակից բնակավայրերից են, մեծապես լուծվել է համայնքի արտաքին լուսավորության հարցը:

Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ասում է, որ սկզբնական շրջանում բավականին բարդ էր, բայց վերհանելով համայնքի բնակավայրերի խնդիրները՝ այժմ ավելի հեշտ է լուծում տալ դրանց՝ շնորհիվ կենտրոնացված բյուջեի. «Համայնքների միավորումը բավականին առաջադիմական քայլ է, և հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակավայրում ինչ-որ առաջնային խնդիր լուծել: Բյուջեն հավաքվում է մի տեղում, ծախսվում է մի տեղից, և կարողանում ես յուրաքանչյուր բնակավայրի համար որևէ կարևորագույն հարց լուծել: Օրինակ, Ողջի համայնքը չուներ լուսավորություն, և եթե այն մնար որպես առանձին համայնք, երբեք այդքան գումար չէր ունենա այդ խնդիրը լուծելու համար»,- ասում է նա:

Բավականին դրական արդյունքներ են արձանագրվել աղբահանության ոլորտում: Օրինակ, Գորիս միավորված համայնքի Հին Գորիս թաղամասում նախկինում առկա էր հսկայական աղբավայր, որն այսօր վերացվել է: Համայնքի ինը բնակավայրերից յոթում նոր ձեռք բերված տեխնիկայի միջոցով կանոնավոր աղբահանություն է իրականացվում:

Գորիսեցի Կարեն Աղաջանյանը գոհ է հայրենի քաղաքում իրականացվող ամենօրյա աղբահանությունից. «Միավորման արդյունքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Աղբամաններ են տեղադրվել: Դրսում էլ աղբ ընդհանրապես չի մնում»:

Բարեփոխումերի արդյունքում զգալի ներդրումներ են իրականացվում տնտեսական և ռազմավարական նշանակության ճանապարհների բարելավման ուղղությամբ՝ այսպիսով ապահովելով նաև աշխատատեղեր:

Լոռի Բերդ միավորված համայնքի ղեկավարի տեղակալ Էդուարդ Մելիքսեթյանը նշում է, որ պայմանավորվածություն կա, որ համայնքի բոլոր շինարարական աշխատանքները պետք է իրականացնեն համայնքի բնակիչները: «Սրանով որոշակիորեն լուծում ենք համայնքում աշխատատեղերի հարցը՝ նպաստելով սոցիալական կայունությանը»,- խոստովանում է պարոն Մելիքսեթյանը:

Նույն համայնքի Սվերդլով բնակավայրի բնակիչ Կարինե Սարգսյանը կիսում է իր մտահոգությունը. «Շատ գործ է արվել, բայց էս քարուքանդ ճանապարհները եթե չվերանորոգվեն, միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհային կապը շատ դժվար կլինի ապահովել»: Նա հույս ունի, որ վերջապես ուշադրություն կդարձվի նաև ներհամայնքային ճանապարհների բարեկարգմանը:

Իսկ Մեղրիում համայնքների միավորման արդյունքում ներդրվեց նաև տրանսպորտային նոր համակարգ, որի միջոցով համայնքի բոլոր բնակավայրերում աշխատում է կանոնավոր երթուղի: Բնակիչների խոսքերով՝ ձեռք բերված երեք նոր միկրոավտոբուսները շատ հարմար են, իսկ սպասարկումը՝ մատչելի:

43 տարի վարորդ աշխատող Ստյոպա Խաչատրյանը նոր գնված միկրոավտոբուսներից մեկի վարորդն է: Պատմում է, որ նախկինում թոշակառուները զրկված էին ակտիվ տեղաշարժի հնարավորությունից. «Կարող ա մի անգամ գնար մարզկենտրոն, էլ երկրորդ անգամ չէր գնում: Բայց հիմա շարժը կա, դասատուները գնում են գյուղեր, դաս են տալիս, հետ են գալիս», - պատմում է վարորդ Ստյոպան:

«Նախկինում, եթե մի բան էր պետք լինում, մի խնդիր էր պետք լինում լուծել, գնում, մարզկենտրոն էինք հասնում, էն էլ տաքսիով. 8000 դրամ տալիս՝ գնում էինք, 8000 տալիս՝ գալիս: Հիմա էդ ավտոբուսը, որ տվել են գյուղին, 200 դրամով տանում ա, 200 դրամով՝ բերում»,- պատմում է Նռնաձորի հնաբնակ Վաչիկ Չիթչյանը: Նա 88-ի իրադարձություններից հետո Ադրբեջանից գաղթածների թվում էր, և հենց ինքը դարձավ  անմարդաբնակ այդ բնակավայրի առաջին բնակիչը:

Մեղրիում շատ կարևոր ռազմավարական նշանակության մի գործ ևս արվել է. Սահմանամերձ գյուղերի լուսավորության հարցն է լուծվել: Ըստ Շվանիձոր և Ալվանք գյուղերի վարչական ղեկավար Ալիկ Թումանյանի, Շվանիձորում ներդրվել է արտաքին լուսավորության ցանց՝ 42 կետով, որից 20-ը LED լուսարձակներ են: Սա անչափ կարևոր է սահմանամերձ բնակավայրի համար. ՙՄինչև լուսաբաց լույսերը չեն անջատվում, ինչի շնորհիվ գյուղը կարծես միշտ արթուն է, որպես սահմանապահ գյուղ սա շատ կարևոր է՚,-ասում է Ալիկ Թումանյանը:

Տարբեր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավման, պետական և տեղական իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության ու գործընկերության և միջազգային դոնորների ու զարգացման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համատեղ աջակցության շնորհիվ Հայաստանում վերջին տարիներին տեսանելի և շոշափելի արդյունքներ են արձանագրվել տեղական մակարդակում:

Դրանցից ամենավառ օրինակը, թերևս, նոր հիմնված Քաղաքացիների սպասարկման գրասենյակներն են (ՔՍԳ), որոնք «մեկ պատուհան» սկզբունքով ու էլեկտրոնային կառավարման նորարարական գործիքների ներդրման շնորհիվ տեղական բնակչության առօրյան դյուրացնող ծառայություններ են մատուցում։

Մեղրիում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակը 2017 թվականից համայնքի բնակիչներին մատուցում է տարբեր ծառայություններ և ապահովում համայնքապետարանի և քաղաքացու միջև դյուրին կապ: Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից` Գերմանիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ կառավարությունների աջակցությամբ:

«Ծառայությունները, որ մատուցվում են Մեղրի քաղաքում, մատուցվում են հավասար հիմունքներով նաև գյուղական բնակավայրերում»,- ասում է Մեղրիի ՔՍԳ օպերատոր Լիանա Սարգսյանը, ով օգնում է համայնքի բնակիչներին դիմումների, գրությունների, տեղեկանքների և հարցերի դեպքում:

«Մինչ գրասենյակի բացումը բնակիչներն անմիջապես ղեկավարին էին դիմում, իսկ հիմա այցելում են մեր գրասենյակ, և համապատասխան մասնագետներն իրենց հարցերին պատասխանում են: Իհարկե, եթե կարիք է լինում համայնքի ղեկավարին հանդիպելու, մենք դա ևս կազմակերպում ենք»,- ասում է Ախթալայի ՔՍԳ առաջին կարգի մասնագետ Անուշ Կիրակոսյանը:

Ախթալա միավորված համայնքի Շամլուղ բնակավայրի բնակչուհի Հերմինե Դավթյանը մասնավորապես նշում է, որ համայնքային ծառայությունները ստանում է անմիջապես իր բնակավայրում՝ մոտենալով օպերատորին. «Մենք դիմում ենք մեր բնակավայրի օպերատորին, և այդ տեղեկանքային հարցերը տեղում լուծվում են: Ախթալայի գրասենյակ գնալու խնդիր չի առաջանում»:

Ծրագրային բյուջետավարման օգնությամբ համայնքները կարող են առավել հեշտությամբ և արդյունքահեն ձևով կառավարել իրենց ծախսերը և դրանց վերաբերյալ դյուրըմբռնելի տեղեկություններ տրամադրել իրենց բնակչությանը։ Արդյունքում, տեղական մակարդակում հանրային միջոցների օգտագործումը ավելի թափանցիկ և հաշվետվողական կլինի։

Դիլիջան միավորված համայնքում կազմակերպվող քննարկումներին հրավիրվում են քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Դրանից հետո միայն, իրենց գաղափարներն էլ ներգրավելով, ընդհանուր հանրային քննարկում են իրականացնում, որին մասնակցում են բոլոր ցանկացողները:

Դիլիջանի համայնքապետարանի Ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանը պատմում է, որ արդյունքահեն ծրագրային բյուջեն թույլ է տալիս հանրությանը մանրամասն ներկայացնել, թե ինչպես է գոյանում համայնքային բյուջեն: «Բոլոր առաջարկները հաշվի ենք առնում, հնարավորության դեպքում՝ ներառում համայնքի բյուջեում: Բնակիչը շատ մանրամասն իմանում է՝ համայնքի յուրաքանչյուր դրամն ինչի վրա է ծախսվում, ինչ ծրագիր է այդ գումարով իրականացվում»,- ասում է նա:

Համայնքները առաջնային օղակ են նաև տեղական տնտեսական զարգացման համար։ Պլա­նա­վորման կարողությունների զարգացումը միավորված համայնքներին հնարավորություն կտա մշակել տնտեսական զարգացման իրատեսական ռազմավարություններ, սահմանել առաջնահերթություններ և հատկորոշել տեղական ներդրումային ծրագրերի իրականացման նպատակային ոլորտներ։

Համայնքների միավորումից հետո տարբեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և սուբվենցիոն ծրագրերով ձեռք բերված տեխնիկան հնարավորություն տվեց միավորված Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի բնակիչ Կարեն Պողոսյանին ազատ ժամանակը զուր չվատնել. «Պարապ չեմ մնում, աշխատում եմ, ու իմ հալալ քրտինքով ընտանիքիս հոգսերը կարողանում եմ հոգալ»:

 

Նա այսօր նոր շարքացանի օգնությամբ հացահատիկ է ցանում: Հենց սրանից է սկսվում հացի խնդրի լուծումը: Նոր տեխնիկան հեշտացրել է գյուղացիների աշխատանքը: Ավելին, համայնքն օգնում է հարակից` Ստեփանավան համայնքին՝ հողի մշակումն արագ ու արդյունավետ ավարտելու գործում:

 

Համայնքներում իրականացված ծրագրերի մասին ավելի մանրամասն իմանալու համար սիրով հրավիրում ենք ընթերցելու Լիկա Մկրտչյանի և Դիանա Մարկոսյանի համահեղինակած «Քայլ առ քայլ տեսանելի ձեռքբերումներ. պատումներ և հայացք Հայաստանի համայնքներից» գրքի երկրորդ հատորը, որը Ձեզ կտանի Հայաստանի տարբեր վայրեր և կներկայացնի համայնքների արձանագրած հաջողության պատմություն­ները, որոնք հնարավոր են դարձել քաղաքացիների ակտիվ աջակցությամբ:

Գրքի վերնագիրը հուշում է, որ իմաստալից արդյունքները հեշտությամբ չեն տրվում. դրանց կարելի է հասնել ու պահպանել միայն «քայլ առ քայլ»: Այս հրապարակումը մեկտեղել է հաջո­ղության պատմությունները, տեղական մակարդակում որոշում կայացնողների ու համայնքա­յին մարմինների աշխատակիցների հանրային հայտարարությունները, ինչպես նաև սեփա­կան փորձով կիսվող սովորական քաղաքացիների կարծիքները վերջին փոփոխությունների արդյունքում իրենց համայնքում տեղի ունեցած դրական տեղաշարժերի մասին։

Հրապարակումն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է հիմնական քաղաքական գործընկերոջ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ սերտ համակարգմամբ:

Ամբողջական նյութն՝  այստեղ