Կառավարության անդամների օրը սկսվեց նվերով․ Գործադիր մարմնի նիստ` առանց Նիկոլ Փաշինյանի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության հերթական նիստը տարբերվում էր ոչ միայն նրանով, որ Նիկոլ Փաշինյանը նիստը չէր վարում․ նա ԱՄՆ-ում է։
Նիստը մեկնարկեց գիրք նվիրելով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց Գրքի տոնի առթիվ՝ նշելով, որ նիստի բոլոր անդամները գիրք են նվեր ստացել։
Նախարարը փաստեց, որ Հայաստանում ընթերցողների թիվը շարունակաբար աճում է՝ առանձնահատուկ ընդգծելով Երևանի գրքի միջազգային փառատոն-ի կարևորությունը։ Նրա խոսքով՝ նախորդ տարի փառատոնը կազմակերպվել է ոչ միայն Երևանում, այլև Կապան-ում և Գյումրի-ում։ Արդյունքները խոսուն են․ վաճառվել է 18 հազար գիրք՝ 33 տոկոսով ավելի, քան նախորդ տարում, իսկ մասնակիցների թիվը հասել է 40 հազարի՝ կրկնապատկվելով 2023-ի համեմատ։
Ներդրումների մասին նոր օրենք․ հավասար պայմաններ տեղացի և օտարերկրյա ներդրողների համար
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը ներկայացրեց ներդրումների մասին նոր օրենքի նախագիծը։ Փաստաթղթի նպատակն է ստեղծել ժամանակակից իրավական հիմքեր՝ ներդրումային հարաբերությունների համար՝ հավասար պայմաններ ապահովելով թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա ներդրողների համար։
Եթե գործող օրենքը վերաբերում է միայն օտարերկրյա ներդրումներին, ապա նոր նախագիծը տարածվում է նաև տեղական ներդրողների վրա։ Այն ամրագրում է խտրականության բացառման երկու հիմնական սկզբունք՝ ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ։ Սա նշանակում է, որ օտարերկրյա ներդրողները կունենան տեղացիներին հավասար իրավունքներ ու պարտականություններ, իսկ համանման իրավիճակներում կստանան նույնքան բարենպաստ վերաբերմունք, որքան այլ երկրների ներդրողները։
Նախագծով միավորվում են ներդրումների և ներդրողների վերաբերյալ տարբեր իրավական ակտերում առկա երաշխիքները մեկ օրենքի շրջանակում։ Ընդ որում, եթե ապագայում օրենքով սահմանված երաշխիքները փոփոխվեն կամ վերացվեն, արդեն կատարված ներդրումները կշարունակեն պաշտպանված մնալ հին երաշխիքներով ևս հինգ տարի։
Մասնակցային բյուջետավորում․ մրցակցային դաշտի հստակեցում
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց մասնակցային բյուջետավորման գործընթացում առաջարկվող փոփոխությունները։ Նա հիշեցրեց, որ համակարգը ներդրվել է 2023-ի նոյեմբերի 2-ի կառավարության որոշմամբ՝ սկզբում որպես պիլոտային ծրագիր․
«Մասնակցային բյուջետավորմամբ համայնքների բնակիչները հնարավորություն ունեն առաջարկել նախագծեր, ու համայնքի բնակիչները կարող են քվեարկել այդ նախագծերի օգտին»:
Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են քվեարկության մեխանիզմին։ Այսուհետ քաղաքացին կարող է քվեարկել առավելագույնը երեք առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են տարբեր բնակավայրերի։ Եթե առաջարկները նույն բնակավայրից են, հնարավոր կլինի ընտրել միայն մեկը։ Բացի այդ, նվազագույն անցողիկ շեմը կսահմանվի բնակավայրի չափից ելնելով՝ մինչև 5 հազար բնակիչ ունեցող բնակավայրերի համար՝ 1 տոկոս, իսկ ավելի մեծերի համար՝ 2 տոկոս։
Կարգավորվում է նաև չավարտված ծրագրերի ֆինանսավորման հարցը։ Եթե ծրագիրը բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ իրականացված և ֆինանսավորված է առնվազն 70 տոկոսով, հնարավոր կլինի ստանալ պետական համաֆինանսավորում՝ չիրականացված մասի համար, իսկ ավարտի վերջնաժամկետը կարող է երկարացվել մինչև 6 ամիս։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդգծեց՝ համայնքի ղեկավարը չի կարող շրջանցել քվեարկության արդյունքը․ «Համայնքի ղեկավարը այդտեղ այլ որոշում կայացնելու լիազորություն չունի, քան ընդունել այն որոշումը, որն ընդունվել է քվեարկության արդյունքում»։
Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց, որ ծրագրի շրջանակում ձևավորվել է արդյունավետ համագործակցություն ուսումնական հաստատությունների և երիտասարդական կենտրոնների հետ․ «Ուրախ եմ, որ գաղափարների զգալի մասը գալիս է հենց երիտասարդներից»։
Ապրիլի 1-ից՝ միայն անկանխիկ կենսաթոշակ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։
Մինչև մարտի 5-ը քաղաքացիները պետք է ինքնուրույն ընտրեն բանկը և ստանան քարտ։ Եթե դա չանեն, համակարգը ավտոմատ ընտրություն կկատարի, իսկ մարտի 5-ից ապրիլի 1-ը քարտերը կառաքվեն տուն։
Դեկտեմբերի սկզբին շուրջ 50 հազար քաղաքացի էր ստանում կենսաթոշակ կանխիկ եղանակով, այժմ այդ թիվը 21 539 է։ Օրական 1000-1500 քաղաքացի անցում է կատարում անկանխիկ համակարգի։
Նախարարը նաև նշեց, որ մոտ 2500 քաղաքացի չունի վավեր անձնագիր։ «Նույնիսկ անձնագիր տալու համար շարժունակության խնդիր ունեցողներին ու ծերերին տանն ենք լուսանկարում», — ասաց նա։
Հետվճարի ծրագրի շրջանակում հունվարին 415 228 քաղաքացի է օգտվել ծառայությունից (դեկտեմբերին՝ 400 572), վճարվել է 2,9 միլիարդ դրամ՝ նախորդ ամսվա 1,8 միլիարդի փոխարեն։
Առոջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ կենսաթոշակառուների ծախսերի հիմնական ուղղություններից մեկը դեղորայքի գնման գործընթացն էր: Այսօր 65+ քաղաքացիների ապահովագրումը պետության կողմից էապես թեթևացնում է կենսաթոշակառուների դեղորայքային ծախսերը, ինչը դրական ազդեցություն ունի նրանց ֆինանսական վիճակի վրա։
Կառավարության նիստի օրակարգային բոլոր հարցերը ընդունվեցին։