«Որևէ տառ չի կարողանալու ապացուցել իր ասածներից»․ դատական հայց՝ Արթուր Իսպիրյանի դեմ
Աջակցիր «Ա1+»-ինԱկտիվիստ Արման Ղարիբյանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երաժիշտ Արթուր Իսպիրյանի դեմ:
Պատճառն ավագանու անդամի՝ «Մեդիալաբ» լրատվականին տված հարցազրույցն է․ Իսպիրյանը հայտարարել էր, թե Ֆիրդուսի քանդվող շինությունների դեմ պայքարող երիտասարդները ուղղորդված են:
«Էն պլակատով երիտասարդները, որոնց ուղարկել էին քաղաքապետարանի դիմաց, իրենք էլ խոսելու բան չունեն, sms-ներ են ուղարկում նախկին սրիկաներին, թե՝ ի՞նչ ասենք, և պատասխան չկա։ Դրա համար արդեն գործընթացը վերածում են բազարի, արդեն մտնում են ֆինանսական հարցերի մեջ, թե քանի կառուցապատող կա, անունները հրապարակեք։ Ո՞նց թե անունները հրապարակեք, դուք ո՞վ եք, որ ձեզ համար անուն հրապարակենք։ Ձեզ հետաքրքրում է մեր պատմամշակութային շենքերի պահպանումը, մարդիկ ասում են՝ 9 շենք մենք կպահպանենք»:
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության անդամ, ակտիվիստ Արման Ղարիբյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դիմել է դատարան և պահանջում է Իսպիրյանից ներողություն խնդրել ակնհայտ զրպարտող, արժանապատվությունը վիրավորող և համբավը արատավորող կեղծ տեղեկություններ տարածելու համար.
«Բնականաբար, նաև գումարային պահանջ եմ ներկայացրել՝ 500.000 դրամի չափով, ոչ թե նրա համար, որ ինձ հենց գումար է պետք, այլ նախ որպեսզի իր գրպանին հարվածեմ և դրանով պատժեմ, և երկրորդ՝ որպեազի այդ գումարն ուղղեմ Ֆիրդուսի տարածքի այն բնակիչներին, ովքեր տուժել են այս կառուցապատման ծրագրի հետևանքով»:
Ակտիվիստը վստահ է՝ դատարանը բավարարելու է իր հայցադիմումը.
«Ավելի քան անհնար է լինելու նրա կողմից ապացուցել, որ որևէ մեկը ինձ կամ մեկ այլ ցուցարարի այնտեղ ուղարկել է․ բնականաբար, որևէ տառ չի կարողանալու ապացուցել իր ասածներից»:
Արման Ղարիբյանը վստահ է, որ Իսպիրյանին այլ բան չի մնալու անել, քան այն կայքի միջոցով, որին հարցազրույց է տվել, ներողություն հրապարակել և խոստովանել, որ սուտ է եղել իր տարածած տեղեկատվությունը՝ փոխհատուցելով նաև գումարային վնասը:
Հայտարարության հաջորդ օրը Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքի իր էջում ներողություն էր խնդրել ակտիվիստներից` մասնավորապես նշելով, որ թյուրիմացաբար կարծել է, որ Ֆիրդուսի թաղամասի պատմական ժառանգության համար այս օրերին մղվող պայքարը հերթական մեդիաարշավն է.
«Ազնիվ մղումներով տարվող ցանկացած խաղաղ քաղաքացիական պայքար ողջունելի է՝ անկախ նրանից, թե որքանով ենք կիսում դրա նպատակն ու գաղափարները։ Ինքս տարիներ շարունակ կանգնած եմ եղել մեր քաղաքի պատմական ժառանգության համար պայքարող ակտիվիստների կողքին, որոնց թվում գուցե այսօրվա երիտասարդներից ոմանք էլ են եղել»։
Ավագանու անդամի ներողությունը, սակայն, ակտիվիստին չի բավարարել․ Արման Ղարիբյանը նշում է, որ ըստ օրենսդրության՝ զրպարտության դեպքում պետք է ոչ թե ներողություն խնդրել, այլ հերքել տարածված կեղծ տեղեկատվությունը.
«Պահանջը նաև այն է, որ հերքումը տարածվի այն լրատվամիջոցով, որով զրպարտությունը տարածվել է, և այդ պահանջը չի իրագործվել, հետևաբար՝ դատարան ենք դիմել՝ նաև դրամական փոխհատուցում պահանջելով հասցված բարոյական վնասի համար»:
«Ա1+»-ը փորձեց կապ հաստատել Արթուր Իսպիրյանի հետ՝ դատական հայցի վերաբերյալ նրա տեսակետ իմանալու․ վերջինս, սակայն, նշեց, որ ժամանակ չունի զրուցելու։ Ճշտող հարցին, թե ե՞րբ զանգենք՝ արձագանքեց, որ հիվանդ է և չի կարող խոսել: