Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՑԽ ԱԴ
A A
Հասարակություն

«Հրապարակայնորեն սուտ է խոսում»․ պահեստազորի մայորն արձագանքում է Դավթյանի հայտարարությանը

«Արթուր Դավթյանը օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին, ինչպես նաև ողջ հանրությանը ստում է»,- պնդում է «Սոցիալական շարժում» նախաձեռնության անդամ, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը։

«Ա1+»-ի հետ զրույցում, արձագանքելով Գլխավոր դատախազի հայտարարությանը, նա նշեց․

«Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ստում է առ այն, որ ինձ հետ կապված անձնական ընդունելություն է եղել, ինձ պարզաբանումներ են տրվել։ Այդպիսի բան գոյություն չունի, ՀՀ դատախազական որևէ մարմին մինչ օրս ինձ հետ որևէ առանձնազրույց չի ունեցել, որևէ քննչական մարմին ինձ հետ դրա առնչությամբ որևէ զրույց չի ունեցել, ո՛չ ՊՆ-ն, ո՛չ էլ կառավարությունը»։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ՀՀ Գլխավոր դատախազի հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով Դավթյանին, ասել էր․ «Եվ վերջապես արձագանքե՛ք սպա Ցոլակ Խաչատրյանի՝ Ձեզ ուղղված Պաշտպանության նախարարի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու կապակցությամբ գրությանը, որի ընթացքը չկա։ Որտե՞ղ են պահեստազորի  սպաների գումարները»։ 

Ի պատասխան Գլխավոր դատախազը նշել էր,  որ Ցոլակ Խաչատրյանին և դիմումներին պատասխաններ տրվել են, և անձնական ընդունելություն է իրականացվել, որի ընթացքում մանրամասն պարզաբանվել են նրա բարձրացրած հարցերը։

Ըստ Խաչատրյանի՝ միակ բաները, որ եղել են, ՊՆ գրություններն են, որոնք եղել են հանցագործության մասին հաղորդում տալու հիմքում։

Իսկ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ տրված հանցագործության մասին հաղորդումը վերաբերում է այն բանին, որ Պաշտպանության նախարարությունը դատարանի՝ օրինակ ուժի մեջ մտած վճիռը չի կատարում։ Խաչատրյանը դատարանում հաղթել էր Պաշտպանության և Ֆինանսների նախարարությանը, իսկ դատավճռի համաձայն՝  Պաշտպանության նախարարությունը պահեստազորի սպային պետք է դրամական փոխհատուցում տրամադրեր ամենամյա չօգտագործված արձակուրդների դիմաց, և գումարի չափը կազմում է մոտ 14 միլիոն դրամ, ինչը մինչ օրս չի փոխանցվել։

Այս տարվա մարտի 30-ին ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ մեկ տարվա ընթացքում է այդ փոխհատուցումը կատարվում։ «Հնարավոր է նաև, որ 1 շաբաթվա ընթացքում էլ փոխհատուցումը լինի։ Մինչև հաջորդ տարվա փետրվար, այսինքն՝ 1 տարվա ընթացքում պետք է փոխհատուցումը կատարվի։ Ֆինանսների նախարարությունը պարտատոմս է տալիս, այնուհետ փոխհատուցվում է»,- նշել էր նա։