Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-Fd3N4vndOK
A A
Հասարակություն

Պահեստազորի մայորը 14 միլիոն դրամ փոխհատուցումը դեռ չի ստացել․ ՊՆ-ն ասում է՝ ընթացքի մեջ է

ՀՀ վճռաբեկ դատարանի պահեստազորի մայոր, «Սոցիալական շարժում» նախաձեռնության անդամ Ցոլակ Խաչատրյանի օգտին որոշում էր կայացրել՝ վարույթ չընդունելով ՀՀ պաշտպանության և ֆինանսների նախարարությունների բողոքները՝ կապված ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցման վերաբերյալ։
 
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՝ Խաչատրյանին Պաշտպանության նախարարությունը պետք է դրամական փոխհատուցում տրամադրի ամենամյա չօգտագործված արձակուրդների դիմաց, և գումարի չափը, ըստ Խաչատրյանի, կազմում է մոտ 14 միլիոն դրամ։
 
«Ա1+»-ին պահեստազորի մայորն ասաց, որ դեռևս գումարը չի փոխհատուցվել։

Պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք ՊՆ մամուլի քարտուղար, մայոր Շուշան Ստեփանյանի հետ․ 

«Հիմա հարցը քննարկման փուլում է, քանի որ ինքը նպատակային, պլանավորված ծախս չէ, այսինքն՝ ինքը նախատեսված չէ, իսկ մեր բոլոր ծախսերը նախապես պլանավորված և արձանագրված ծախսեր են, գնումներ են, դեռևս քննարկման փուլում է, այսինքն՝ քննարկվում է հարցը, թե ինչի համար ենք մենք պատրաստվում փող ծախսել»,- ասաց Ստեփանյանը։
 
Ըստ մամուլի քարտուղարի՝ այս պարագայում նախ Ֆինանսների նախարարությունը պետք է մուրհակ տրամադրի, խնդիրն ընթացքի մեջ է, քննարկվում է Ֆինանսների նախարարության հետ։
 
«Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում է այդ փոխհատուցումը կատարվում։ Հնարավոր է նաև, որ 1 շաբաթվա ընթացքում էլ փոխհատուցումը լինի։ Մինչև հաջորդ տարվա փետրվար, այսինքն՝ 1 տարվա ընթացքում պետք է փոխհատուցումը կատարվի։ Ֆինանսների նախարարությունը պարտատոմս է տալիս, այնուհետ փոխհատուցվում է»,- եզրափակեց մայոր Ստեփանյանը։
 
Անդրադառանալով ՊՆ-ի կողմից տրված մեկնաբանությանը Ցոլակ Խաչատրյանն ասաց, որ գումարային հաշվարկի անհրաժեշտությունը ծագել է այն պահից, երբ նախարարությունն արդեն ստացել է դատական ակտը։ 
 
«Չկա որևէ խանգարող հանգամանք դատական ակտի ակտարման համար։ Այն պատճառաբանությունը, որ ՊՆ-ն բերում է՝ անհեթեթություն է, քանի որ որևէ կառույց չի կարող կանխատեսել, թե որևէ տարում որևէ ամսում դատարանի կողմից իրեն վճարել կատարելու պարտավորեցնող որոշում կլինի՞, թե՞ ոչ։ Դրա համար էլ այդ հարցում որպես երրորդ կողմ ներգարվված է եղել Ֆինանսների նախարարությունը։ ՊՆ-ն նույն բանն ասում էր դեռևս դատական նիստերի ժամանակ, իսկ դատարանն էլ բացատրել է, թե ՊՆ-ն կվճարի, թե ՖՆ-ն կվճարի, հատկացումը տրվելու է ընդհանուր պետբյուջեից»,- նշեց պահեստազորի մայորը։
 
Վերջինս հավելեց, որ իր փաստաբանի հետ որոշել են այս շաբաթ դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ ՊՆ-ին օրենքով սահմանված կարգով պարտավորեցնելու կատարել փոխհատուցումը։ 
 
«Նախարարությունն իր մեկնաբանություններով փորձում է ժամանակ ձգել, որպեսզի դուրս գա դատական ակտը կատարելու ժամկետը, և այն  դառնա կատարման ոչ ենթակա»,- ընդգծեց նա։
 
Խաչատրյանը նաև մեզ է փոխանցել ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի պատասխանը կապված փոխհատուցման պահանջների հետ։
 
«Ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ տեղեկացնում եմ, որ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ՝ Ձեր պահանջները բավարարելու վերաբերյալ, վճռի կատարումն ընթացքի մեջ է։ Քանի որ վճռում չեն սահմանվել կոնկրետ դրամական գումարի չափերը՝ ներկայումս իրականացվում է հաշվարկ, որի արդյունքներով համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի Ձեզ»,- նշված է պատասխանի մեջ։