Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՑոլԽաչ
A A
Հասարակություն

«Ցոլակ Խաչատրյանն ընդդեմ Պաշտպանության նախարարության» գործով որոշումը հրապարակվեց (տեսանյութ)

Երևանի քաղաքի Վերաքննիչ վարչական դատարանում, դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, դատավորներ Հովսեփ Բեդևյանի և Արա Բաբայանի մասնակցությամբ, հրապարակվեց «Ցոլակ Խաչատրյանն ընդդեմ Պաշտպանության նախարարության» գործով ներկայացված բողոքների վերաբերյալ որոշումը: 

Վերաքննիչ բողոք էին ներկայացրել Պաշտպանության և Ֆինանսների (դրամական հարցերի դեպքում սովորաբար որպես կողմ է հանդես գալիս) նախարարությունները, ինչպես նաև պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը։

«Ա1+»-ի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ որոշմամբ Պաշտպանության նախարարության և Ֆինանսների նախարարության բողոքներն ամբողջությամբ մերժվել են։

«Մեր ներկայացրած բողոքը մասնակի է բավարարվել։ Մենք հայցապահանջ էինք ներկայացրել 307 օրվա չտրամադրված արձակուրդների դիմաց փոխհատուցման համար։ Այն բավարարվել է 288 և կես օրվա համար, այսինքն՝ 11,5 օրով ավելացել է առաջին ատյանի դատարանի որոշման համեմատ։ Հաշվարկվող 0,15 տոկոսով տուժանքը ևս մասնակի է բավարարվել օրենքի տեսանկյունից։ Այսինքն՝ օրենքը նախատեսում է, որ մայր գումարից ավելի չի կարող տոկոսային գումարը կազմել»,- նշեց պահեստազորի մայորը։

Խաչատրյանն հավելեց, որ գոհ է դատարանի որոշումից, որովհետև գործի փաստական հանգամանքները միանշանակ դրա մասին են վկայում։ Իսկ զորացրման 15-ապատիկի վճարման հարցը, ըստ Ցոլակ Խաչատրյանի տեղեկությունների, Կառավարությունից կարգադրություն է տրվել Պաշտպանության նախարարությանը, որպեսզի 7 օրվա ընթացքում կատարվի համապատասխան հաշվարկն ու վճարումը։ «Կարգադրությունն իջեցվել է ուրբաթ օրը, այսինքն՝ մինչև եկող երեքշաբթի օրն արդեն, ըստ էության, պաշտպանության նախարարությունը նաև պարտավորվածություն է կրում վճարել»,- շարունակեց նա։

Մայորի համար ցավալի է, որ ստիպված է եղել դիմել դատարան՝ օրենքով իր հասանելիքի համար։ «Հուսով եմ՝ այսուհետև մյուս զինծառայողները, ովքեր ևս ունեն նմանատիպ խնդիրներ, նմանատիպ արգելքների այլևս չեն հանդիպի և հեշտությամբ կստանան իրենց հասանելիք գումարները»,- ընդգծեց Խաչատրյանը։ 

«Իրավունքի սահման» ընկերության տնօրեն, իրավապաշտպան, պահեստազորի գնդապետ Գևորգ Հովհաննիսյանը, որը նույնպես դատարանում էր, ասաց, որ տվյալ ակտով պաշտպանվում են բազմահազարավոր զինծառայողների շահերը՝ չօգտագործված արձակուրդների համար փոխհատուցման իրավունքի կապակցութամբ։ «Այստեղ մնում են անելիքները․ Պաշտպանության նախարարությանը հետամուտ լինել տվյալ շահառուների խմբի իրավունքների բավարարմանը և չծանրաբեռնել դատական համակարգն ավելորդ և պարտվելու ենթակա դատական գործերով»,- ընդգծեց իրավապաշտպանը։ 

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանում պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը (զորացրվելուց հետո իր պահանջով համապատասխան դրամական փոխհատուցում չստանալուց հետո) վերջնահաշվարկ էր պահանջել Պաշտպանության նախարարությունից․ վճարել ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցում՝ 10 միլիոն երկու հարյուր մեկ հազար երեք հարյուր տասնինը դրամի չափով և դրա վրա հաշվարկվող տուգանքը օրական 0.15 տոկոսի չափով սկսած 24.12.2014թ. մինչև պարտավորության փաստացի կատարման օրը։

Ըստ կայացրած վճռի՝ դատարանը պարտավորեցրել էր Պաշտպանության նախարարությանը պահեստազորի մայորին տրամադրել 277 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում, իսկ մնացածի մասով հայցը մերժել էր։ Նախարարությանից հօգուտ Ցոլակ Խաչատրյանի պետք է նաև բռնագանձվեր 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի հատուցում։ Նախարարությունները բողոքարկել էին Առաջին ատյանի վճիռը։

Ցոլակ խաչատրյանը նույնպես բողոքարկել էր վճիռը, քանի որ պահանջել էր 307 օրվա դիմաց փոխհատուցում տրամադրել, այսինքն՝ 30 օրվա մասով դատարանը մերժել էր։ 

«Ու նաև մենք ասում էինք, որ վճարման տրման ժամկետները խախտելու համար պիտի նաև մեզ տույժ վճարվի օրական 0,15 տոկոսի չափով 2014 թվականից առայսօր․ այս մասով էլ դատարանը մերժել էր»,- մեզ հետ զրույցում մանրամասնել էր պահեստազորի մայորի փաստաբան Կարեն Տոնոյանը։

Հավելենք, որ Խաչատրյանը տևական ժամանակ է՝ պահանջներ ունի պաշտպանության նախարարությունից։ Նա հաճախակի հանդես է եկել հացադուլներով։