Զորացրված մայորը Պաշտպանության նախարարությունից պահանջում է միլիոններ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքի Վերաքննիչ վարչական դատարանում, դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, դատավորներ Արա Բաբայանի և Հովսեփ Բեդևյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ «Ցոլակ Խաչատրյանն ընդդեմ Պաշտպանության նախարարության» գործով՝ պաշտպանության և ֆինանսների նախարարությունների վերաքննիչ բողոքի քննությունը:
Նախարարությունները բողոքարկել էին վարչական դատարանի վճիռը։ Պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանի փաստաբան Կարեն Տոնոյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ ֆինանսների նախարարությունն ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ ատյանի նիստում հանդես էր գալիս որպես երրորդ կողմ։ «Որովհետև այս տեսակի գործերում, ի վերջո, գումարի վճարողը լինում է Ֆինանսների նախարարությունը։ Բովանդակային նույնն բողոքն էր, ինչ ՊՆ-ինը»
Նրա խոսքով՝ նախարարությունները բողոքարկել են ամբողջական վճիռը, և նրանց ներկայացուցիչները կարծում են, որ Խաչատրյանին փոխհատուցում չպետք է տալ։ «Ասում էին, որ նախկին օրենսդրությամբ միայն երկու տարվա համար էր հասանելիք արձակուրդային հատուցումները։ Այդ երկու տարվանը տրամադրվել է։ Պատասխանող կողմը կարծում է, որ մնացածը չպետք է տրամադրվի՝ անտեսելով Սահմանադրական դատարանի որոշումը դրա վերաբերյալ, ըստ որի՝ 2 տարվա սահմանափակում նախատեսող օրենքի հոդվածը հակասահմանադրական է»։ Ակնկալիքների մասին փաստաբանն ասաց․ «Կարծում եմ՝ նախարարությունների բողոքը պետք է մերժվի, մեր բողոքը բավարարվի»։
Տոնոյանը նաև հավելեց, որ իրենք նույնպես բողոքարկել են Առաջին ատյանի վճիռը, քանի որ պահանջել էին 307 օրվա դիմաց փոխհատուցում տրամադրել, սակայն դատարանը բավարարել էր մասնակի՝ 277 օրվա դիմաց․ 30 օրվա մասով մերժել էր։ «Ու նաև մենք ասում էինք, որ վճարման տրման ժամկետները խախտելու համար պիտի նաև մեզ տույժ վճարվի օրական 0,15 տոկոսի չափով 2014 թվականից առայսօր․ այս մասով էլ դատարանը մերժել էր»,- ընդգծեց մայորի փաստաբանը։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության առջև դրված պահանջներից ելնելով՝ Խաչատրյանը 2015 թվականից սկսած դատական գործընթացների մեջ է ներգրավվել։ Նույնիսկ Սահմանադրական դատարան է դիմել, քանի որ ՊՆ-ն փոփոխություն է առաջարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։
Սակայն ՍԴ-ն 10.07.2018 թվականի ՍԴՈ-1424 որոշմամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել էր Սահմանադրության 29, 60, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Վարչական առաջին ատյանի դատարանում Ցոլակ խաչատրյանը վերջնահաշվարկ էր պահանջել Պաշտպանության նախարարությունից․ վճարել ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցում՝ 10 միլիոն երկու հարյուր մեկ հազար երեք հարյուր տասնինը դրամի չափով և դրա վրա հաշվարկվող տուգանքը օրական 0.15 տոկոսի չափով սկսած 24.12.2014թ. մինչև պարտավորության փաստացի կատարման օրը։
«Չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6.944.283 ՀՀ դրամի չափով, և դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով, վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին» հայցը դատարանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 16-ին բավարարվել էր մասնակի։
Ըստ կայացրած վճռի՝ դատարանը պարտավորեցրել էր Պաշտպանության նախարարությանը Խաչատրյանին տրամադրել 277 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում, իսկ մնացած մասով հայցը մերժել էր։ Վճռով նախարարությանից հօգուտ Ցոլակ Խաչատրյանի պետք է նաև բռնագանձվեր 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի հատուցում։
Նշենք նաև, որ Ցոլակ Խաչատրյանը և տևական ժամանակ է պահանջներ ունի պաշտպանության նախարարությունից։ Նա բազմիցս հանդես է եկել հացադուլներով։
Դատարանի որոշումը կհրապարակվի հոյտեմբերի 2-ին։