«Պահեստազորի մայորն ընդդեմ Պաշտպանության նախարարության» դիմակայությունը շարունակվում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը ՀՀ կառավարութայն շենքի առջև է։ Նա կրկին հացադուլ է հայտարարել։
Հիշեցնենք, որ նա պայքարում է, իր իսկ խոսքով, խախտված իրավունքների վերականգնման համար. խախտվել են արձակուրդներ տրամադրելու և դրա դիմաց փոխհատուցման, շաբաթ օրերին աշխատելու և դրա դիմաց փոխհատուցման, զորացրվելիս 15-ապատիկ միանվագ վճարի ստացման, տեղեկատվության ազատության իրավունքները։
Նա ասաց, որ նախորդ հացադուլի ժամանակ՝ հունիսի 18-ին, նրան էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, որի հորդորով դադարեցրել էր այն. «Քանի որ ծանոթացել էր խնդրո առարկային և ասել, որ տվյալ հարցը լուծվող է»։
Պահեստազորի մայորը պատմեց, որ հունիսի 20-21-ին զանգահարել է կառավարություն և տեղեկացել, որ Փաշինյանը հանձնարարական է իջեցրել, որպեսզի այս խնդրին 10-օրյա ժամկետում լուծում տրվի։ Հուլիսի 4-ին, ըստ նրա, նշված ժամկետը լրացել է, սակայն որևէ նոր պատասխան չի ստացել։
Պաշտպանության նախարարության առջև դրված պահանջներից ելնելով՝ Խաչատրյանը 2015 թվականից սկսած դատական գործընթացների մեջ է ներգրավվել։ Նույնիսկ Սահմանադրական դատարան է դիմել, քանի որ ՊՆ-ն փորձ էր արել փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության մասին» օրենքում։
Սակայն «ՍԴ-ն իր՝ 10.07.2018 թվականի ՍԴՈ-1424 որոշմամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել էր Սահմանադրության 29, 60, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր»,- նշված է Դատական տեղեկատվական համակարգում:
Համակարգից տեղեկանում ենք նաև, որ Ցոլակ Խաչատրյանն ընդդեմ Պաշտպանության նախարարության՝ «չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6.944.283 ՀՀ դրամի չափով, և դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով, վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին» հայցը վարչական դատարանի կողմից բավարարվել է մասնակի, ինչպես և նշում էր նախկին զինծառայողը։
Ըստ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին կայացրած վճռի, դատարանը պարտավորեցրել է Պաշտպանության նախարարությանը տրամադրել Ցոլակ Խաչատրյանին 277 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում, իսկ մնացած մասով հայցի մերժում, ինչպես նաև՝ ՊՆ-ից հօգուտ Ցոլակ Խաչատրյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի հատուցում։
Պահեստազորի մայորի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ դատարան։