Բարի եղեք պարզաբանումներ ներկայացնել, թե որտեղ են հիմնադրամի գումարները. Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե որտեղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները։ Պնդեց՝ գրավոր դիմել է Գլխավոր դատախազությանը, սակայն համարժեք պատասխան չի ստացել:
Ուրիխանյանի դիտարկումներին ի պատասխան՝ դատախազն արձագանքեց, որ դատախազության արձագանքը եղել է իրավաչափ.
«Դուք համադրել եք վարչապետի հայտարարության մեջ նշված համապատասխան թիվը և վերցել եք հիմնադրամի կայքից համապատասխան տվյալներ, դրանց մեջ տեսել եք հակասություն և այս հակասությունը ներկայացնում եք ու պահանջ եք ներկայացնում դրանով իրականացնելու քրեական վարույթ, բայց դա քրեական վարույթ իրականացնելու անհրաժեշտություն չուներ, առնվազն մեկ պատճառով՝ հիմնադրամի մուտքերը հատկապես այդքան պարզ մեխանիկական հաշվարկով չեն»։
Ինչ վերաբերում է գաղտնի ծախսերի վերաբերյալ պատգամավորի ակնարկներին, Դավթյանն ասաց՝ իր համար անհասկանալի է պատգամավորի այդ ձևակերպումը, քանի որ վերջինս եղել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նաև խորհուրդը լայն լիազորություններ ուներ, և պատգամավորը կարող էր պարզաբանումներ ստանալ։
«Առկա են գաղտնի և հրապարակման ոչ ենթակա որոշ տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն կարող արտացոլվել հաշվետվություններում։ Գաղտնի տվյալները բացառապես մուտքերին են վերաբերում, իսկ որ մուտքերում գաղտնի տվյալներ կային, կարծում եմ, որ Դուք շատ լավ պիտի իմանայիք», - ասաց Դավթյանը։
Իր լիազորությունների վերաբերյալ ակնարկներին Ուրիխանյանը հակադարձեց․
«Հիմա ինձ պետք չի հա նկարագրել՝ լիազորություններ ունեի, չունեի։ Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք պարզաբանումներ արեք, ձեր ձեռքն է իշխանությունը, ապարատը, լծակները, ամեն ինչը։ Էլի եմ ասում՝ այս հիմնադրամը գաղտնիություն չպիտի ունենա»։
Պատգամավորն ասաց՝ իր խնդիրն է պարզաբանել՝ որտեղ են հիմնադրամի գումարները, դատախազին հորդորեց իրավիճակը չսրել: