Բացել լրահոսը Փակել լրահոսը
կրակոց
A A
Հասարակություն

«Օրվա հացը սեփական քրտինքով վաստակող մարդիկ են». մանրամասներ Գավառում միջադեպի հետեւանքով վիրավորների մասին

Ինչպես հայտնել էինք, Գավառ քաղաքի Ազատության փողոցում երեկ հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել է, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց:

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից երկուսի նկատմամբ, ովքեր գտնվում էին Գավառի հիվանդանոցում, ավելի ուշ հաշվերհարդար են տեսել:

Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալլա Մանուկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ կրակոցների հետևանքով մահացած քննիչ Զորիկ  Պարոնիկյանը Գավառ քաղաքի բնակիչ էր,  ամուսնացած էր, երկու անչափահաս երեխաների հայր էր:

Մանուկյանն ասաց՝ քննիչը Գավառում հարգված և սիրված անձնավորություն  է եղել:

Երկու եղբայրներ Արմենը և Խաչիկը, ովքեր այժմ, ըստ առկա տեղեկատվության, վիրավոր են և գտնվում են հիվանդանոցում, նույնպես Գավառ քաղաքի բնակիչ են: Մանուկյանը պատմում է, որ նրանք անասնապահությամբ զբաղվող հասարակ ընտանիքից են եղել, մանկավարժի տղաներ,  նրանց մասին ևս քաղաքում դրական են խոսում։

«Օրվա հացը սեփական քրտինքով վաստակող մարդիկ են: Գավառցիներին էլ եթե հարցնեք, նույն բանը կլսեք, վստահ եմ»,- ասաց նա՝ նշելով, որ քաղաքում իրավիճակը այս պահին վերահսկվում է, ոստիկանական ուժերի տեղաշարժը նկատելի է:

«Քաղաքապետարանում և ոստիկանությունում անում են ամեն ինչ, որ խուճապ կամ վախի մթնոլորտ չլինի: Իրավիճակը փորձում են վերահսկելի պահել»:

Հարցին, թե հիվանդանոցը այս պահին վերահսկողության տա՞կ է, թե՞ ոչ, պատասխանեց, որ տեղեկատվություն չունի:

Համայնքապետարանի մամուլի բաժնի պատասխանատուն այլ մանրամասներ չհայտնեց, հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին: Նշեց, որ քաղաքում  մի շարք վարկածներ են շրջանառվում, բայց որևէ բան հստակ չէ:

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը «Ա1+»-ին ասաց, որ տիրապետում է միայն մամուլում առկա տեղեկատվությանը:

Գավառի ԲԿ-ի տնօրեն Աշոտ Կարապետյանի, մարզպետ Գնել Սանոսյանի և Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի հետ այս պահին կապ հաստատել չի հաջողվել, «Ա1+»-ի տևական զանգերն անպատասխան են մնացել:

Մարզպետարանից միայն հայտնեցին, որ մարզպետ Գնել Սանոսյանը զբաղված է այս խնդիրներով:

Հիշեցնենք՝ ոստիկանությունը ևս պաշտոնական տեղեկատվություն է տարածել, որում հայտնում է՝ Գավառի ԲԿ-ում մարդ չի սպանվել: 

Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: