Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ ոստիկանությունը՝ Գավառի դեպքերի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության լրատվականի պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել
Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։
Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:
Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գավառում կրակոցներ են հնչել, կա երկու զոհ։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձինք երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, վրեժ լուծել տեղի ունեցածի համար։