Բացել լրահոսը Փակել լրահոսը
կրակոց
A A
Հասարակություն

Գավառում կրակոցներ են հնչել. մահացել է 2 մարդ․ կան վիրավորներ. լրացված (տեսանյութ)

 Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ապրիլի 28-ին կրակոցների արդյունքում մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից:

«Ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրանոցներ են հնչել Գավառ քաղաքում՝ նախնական տվյալներով Գավառի համալսարանի մոտակայքում, որի հետևանքով կա երկու մահացած, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,-ասաց Ջանոյանը:

 
Գագիկ Շամշյանն էլ գրել է․
 
Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները:
 
Ավելի ուշ ArmLur.am-ից տեղեկանում ենք․

Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի զսպել կողմերին։

ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ այսօր Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել :

Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, սակայն իրավիճակը չի կարողացել վերահսկել:

Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր  արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են:

 

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ վզի կտրվածքի հետևանքով սպանվածներից մեկի անունը Արմեն է, իսկ մյուսինը՝ Խաչիկ:

Armlur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝  հայտնի են դարձել , թե ինչի հետեւանքով Գավառի ճանապարհին հնչեցին կրակոցներ, որոնք 4 անձի համար դարձան ճակատագրական: