Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Silicon Mountains-ի կազմակերպիչները՝ նոյեմբերի 3-4-ին Երևանում կայանալիք Silicon Mountains Summit & Expo 2026 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ՝ ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել լրագրողների հետ՝ ներկայացնելով այս տարվա միջոցառման հիմնական թեմաները, նոր ձևաչափն ու խոսնակներին։ Հանդիպումը կազմակերպվել է գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ։

Հանդիպմանը ներկա էին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Yandex Armenia-ի ղեկավար, Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը, Հայաստանում PMI Science Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գուրգեն Մարդոյանը, EU4Innovation ազգային համակարգող Նժդեհ Հովանեսսիանը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ, Յունիքոմփ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Այս տարի Silicon Mountains-ը կանցկացվի «Invest in Innovation» («Ներդրումներ նորարարության մեջ») խորագրով՝ կենտրոնանալով գործարար համագործակցության զարգացման, տեխնոլոգիական նորարարությունների ֆինանսավորման, միջազգային ներդրումների ներգրավման հնարավորությունների վրա։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել են գագաթնաժողովի հիմնական բաղկացուցիչները, միջազգային խոսնակներն ու այս տարվա նորությունները։ Առաջին անգամ միջոցառումը կունենա երկօրյա ձևաչափ և տեխնոլոգիական ցուցահանդես, որը հնարավորություն կտա ստարտափներին, տեխնոլոգիական կրթական հաստատություններին ներկայացնելու իրենց նախագծերն ու լուծումները, ինչպես նաև նոր գործարար կապեր հաստատելու։

«Տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց շարունակական ներդրումների։ Ընդ որում, խոսքը միայն ֆինանսական միջոցների մասին չէ։ Կարևոր են նաև գիտելիքի, մարդկային ներուժի, ենթակառուցվածքների և միջազգային համագործակցության մեջ կատարվող ներդրումները։ Ucom-ում մենք կարևորում ենք նման հարթակները, որոնք հնարավորություն են տալիս համաշխարհային տեխնոլոգիական միտումները կապել Հայաստանի զարգացման հեռանկարների հետ։ Մենք ոչ միայն ներդնում ենք նորագույն տեխնոլոգիաներ, այլև ձգտում ենք նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ նորարարական գաղափարները կարող են վերածվել իրական լուծումների», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Silicon Mountains 2026-ը այս տարի տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների հանդիպման վայրն է, որտեղ տեխնոլոգիաները վերածվելու են համագործակցությունների ամենատարբեր մակարդակներում՝ կառավարության, բիզնեսի, ստարտափների և կրթության։ Այս երկօրյա գերհագեցած օրակարգը, միջազգային ամենաբարձր հեղինակություն վայելող խոսնակները ապացուցում են, որ Հայաստանն ունի այն ներուժը, որով ևս մեկ անգամ հաստատում է իր տեղը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա»,- ասել է ՏՀՏ Գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Նոյեմբերի 3-4-ին Dvin Music Hall-ում անցկացվող միջոցառման ծրագիրը ներառում է միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկումներ, տեխնոլոգիական ցուցահանդես, ստարտափների ներկայացումներ, աշխատարաններ և գործարար հանդիպումներ, Միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը, ինչպես նաև Միկրոէլեկտրոնիկայի ֆորումը։ Այս տարվա նորություններից է նաև տեխնոլոգիաների, պետական կառավարման և դիվանագիտության ոլորտներում կանանց առաջնորդությանը նվիրված քննարկումը։ Միջոցառման տարբեր ձևաչափերը հնարավորություն կստեղծեն փորձի փոխանակման, նոր գործընկերությունների ձևավորման և ներդրումային հնարավորությունների բացահայտման համար։

Silicon Mountains-ը ՏՀՏ գործատուների միության նախաձեռնությամբ 2019 թվականից անցկացվող տեխնոլոգիական հարթակ է, որն այս տարիների ընթացքում համախմբել է ավելի քան 100 խոսնակի և 10 000 մասնակցի։ Այս տարվա միջոցառումը 11-րդն է։ Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, միջազգային գործընկերությունների ընդլայնմանը և նոր ներդրումային հնարավորությունների ստեղծմանը։

Ucom-ն արդեն 4-րդ տարին է, ինչ որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր, աջակցում է նախաձեռնությանը՝ կարևորելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացումը և միջազգային համագործակցության ամրապնդումը։