Բացել լրահոսը Փակել լրահոսը
10777A72-8871-47A0-BF94-4DD3089405AA
A A
Հասարակություն

«Արևելյան իմաստությունն ասում է՝ քնիր այն օրը, որ օրն արթնացել ես»․արտույտից՝ բու. ինչպես է խախտվել ռեժիմը կորոնավիրուսի օրերին

  «Առավոտյան ժամը 5-ին աքլորը կանչում է, ես նոր պառկում եմ քնելու»․   այսպիսինն է ուսանողուհի  Անիի կարանտինային ռեժիմը: Եթե նախկինում նրա օրն ավարտվում էր կեսգիշերին կամ դրանից քիչ ուշ, ապա հիմա լուսաբացին՝ 5-ից ոչ շուտ, իսկ շաբաթ-կիրակի օրերին 2 ժամով ավելի ուշ:

«Ֆիլմ եմ նայում, կարդում, երգ եմ լսում, ընկերներիս հետ շփվում. միևնույնն է բոլորիս ռեժիմն էլ խախտված է: Բայց դասի օրերին ստիպված եմ լինում շուտ արթնանալ՝ ժամը 10-ի կողմերը, էնպես, որ կուրսեցիներս նույնիսկ էկրանից այն կողմ նկատում են հոգնած, կարմրած աչքերս, իսկ եթե դաս չի լինում՝ զարթնում եմ, երբ տանեցիները արդեն ճաշում են»,-ասում է նա:

Արտակարգ ռեժիմով պայմանավորված շատ «արտույտներ» սահուն անցում կատարեցին բվային ռեժիմի, ու եթե առաջ գիշերային ժամերին սոցցանցային զրուցարաններում ակտիվ էին մի քանիսը, ապա այսօր նրանց թիվը մի քանի անգամ ավելի շատ է:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, հոգեբույժ Արմեն Սողոյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է, որ կանոնավոր քունը առողջության կարևոր բաղադրիչ է, բայց եթե այն մի քանի օր խախտվում է՝ մեծ խնդիր չէ, դրան դիմակայելու համար մեր օրգանիզմը ունի բավական կուտակած ռեզերվներ, կարևոր է, որ այն մշտական բնույթ չկրի:

«Արևելյան իմաստությունն ասում է՝ քնիր այն օրը, որ օրն արթնացել ես: Մեր օրգանիզմի համար նորմալը  գիշերները քնելը և ցերեկները արթուն մնալն է, իսկ առհասարակ շատ կարևոր է, որ 23:00-04:00 ընկած հատվածում մարդը քնած լինի: Հնարավոր է, այո, երկար արթուն մնալը հաճելի է, երբ զուգորդվում է ֆիլմեր նայելով, խաղեր խաղալով,  բայց եթե շարունակական է, ապա խնդիրներ կառաջանան: Հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն թույլ իմունիտետ, քնի անկանոն ռեժիմը նրանց վրա կազդի ավելի շատ, քան մյուսների»,-ասում է հոգեբույժը: 

Մասնագետի խոսքով ինքնամեկուսացման ռեժիմը ամենաքիչը հանգեցրել է բնականոն ռեժիմի խախտման, հիպոդինամիայի՝ սակավաշարժության, և առաջացրել է սթրես:

«Բայց այս դեպքում ևս ամեն բան կախված է մարդու վերաբերմունքից, եթե նա մտածում է, թե սա ինչ փորձանք էր եկավ մեր գլխին, բնական է՝ իր համար ամեն առումով ավելի դժվար կլինի, քան նրա, ով այս ռեժիմը դիտարկում է որպես նոր հնարավորությունների պահ»,- նկատում է հոգեբույժը:

Կարլենը մեկն է այն բազմաթիվ մարդկանցից, ովքեր կարանտինի սկզբին հազար ու մի բան անելու խոստումներ էին տալիս, սակայն մեկն է այն քչերից, ովքեր խոստումը պահում են:

«Այս մեկ ու կես ամիսը ինձ համար շատ արդյունավետ եղավ, եթե առաջ աշխատանքի էի ու շատ բաներ չէի հասցնում՝ հիմա ամեն ինչի համար ժամանակ ունեմ: Պորտֆոլիոյիս համար շատ լոգոներ եմ սարքել, կայքիս գովազդով եմ զբաղված ու որ շատ կարևոր է, մարզվում եմ  և կանոնավոր նախաճաշում»,- ասում է մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ Կարլենը:

Այս օրերին մարդկանց անհանգստացնող մեկ այլ  երևույթ էլ արդյունավետության կորուստն է, ինչը ևս ունի իր բացատրությունը:

«Սովորական ռիթմով աշխատող մարդկանց որոշակի տոկոսի մոտ, ովքեր սովոր էին ապրել մեխանիկական կյանքով, այսինքն ինչ-որ ժամի գնալ աշխատանքի հետո տուն, այս օրերին իրենց մոտ սկսվել է խառնաշփոթ: Իրենք ցանկանում են որևէ բան անել, բայց արդեն ինքնուրույն պլանավորել չի ստացվում, միշտ սպասում են ինչ-որ հրահանգի և քանի որ մարդկանց ճնշող մեծամասնությունը հակված է հետաձգելու անելիքները, սա արդեն հանգեցնում է արտադրողականության կորստի»,-ասում է Արմեն Սողոյանը:

Ըստ նրա՝ պետք է սովորել կառավարել ժամանակը ու դա անել փոքր քայլերով, սկզբից պլանավորել վաղվա մեկ,  ապա երկու ժամը, ու այս դեպքում ամեն ինչ էլ կհասցնեն: Մասնագետն ընդգծում է հատկապես, որ նման համընդհանուր փոփոխությունների ժամանակ մարդիկ պետք է սկսեն արագ համարվել, որպեսզի վերջում կարողանան  դուրս գալ շահած, իսկ ովքեր չեն կարողանա՝ պարզապես խաղից դուրս կմնան:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Լիանան շուտ հասկացավ այս միտումը և մի քանի օր գիշերները շատ ուշ քնելուց հետո, ստիպեց իրեն վերադառնալ իր նախկին ռեժիմին․

«Ինքս հասկանում էի, որ բնականոն ռեժիմս լրիվ խառնվել է, իսկ կենտրոնանալ կամ չէր ստացվում կամ շատ դժվար, ու եթե ես չկարողանայի ինձ հավաքել, ապա կարանտինից դուրս էի գալու մաքսիմալ կորուստներով»:

Այս օրերին հաճախ լսում ենք նաև, որ մարդիկ սկսել են ծուլանալ, ինչը հաճախ բարդում են այս կամ այն գործոնի վրա, իսկ իրականում նման ցնցումային իրավիճակներում, ինչպիսին արտակարգ դրությունն է, մարդկանց այս կամ այն հատկանիշ հակված է սրվելու:

«Ամեն տեսակ էքստրեմալ իրավիճակում մարդու մոտ առավել ցայտուն դրսևորվում  է այն, ինչին ինքը նախատրամադրված է, այսպես օրինակ մեկի մոտ ծուլությունն է, իսկ մյուսի մոտ ագրեսիվությունը: Սա նման է, երբ մարդը հիվանդանում է, և առաջինը ախտահարվում է այն օրգանը, որը առավել թույլ է»,- ասում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։   Նա նաեւ ընդգծում է՝  չնայած ցանկացած փոփոխություն մարդու համար սթրես է, բայց մեր օրգանիզմը ստեղծված է այնպես, որ շատ արագ կարողանում է հարմարվել փոփոխված պայմաններին: