A
A
ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
Աջակցիր «Ա1+»-ինՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ:
Նախարար Սարգսյանը ողջունելով մասնակիցներին՝ շնորհավորել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակի կապակցությամբ և ներկայացրել Համաձայնագրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված աշխատանքները և առանցքային ձեռքբերումները:
Արփինե Սարգսյանի խոսքով՝ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման տեսանկյունից մեծ քայլ է եղել Ներքին գործերի նախարարության ձևավորումը, քանի որ ՆԳՆ ենթակա երեք կառույցների նկատմամբ իրականացվում է խորհրդարանական վերահսկողություն, ինչը ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի առջև հաշվետվողականություն։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է ԵՄ օժանդակությամբ ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում արձանագրված ձեռքբերումներին, այդ թվում՝ ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների ձևավորմանը․ պարեկային ծառայության ներդրմանը, նոր ձևավորված քրեական և համայնքային ոստիկանությունների և ոստիկանության գվարդիայի հայեցակարգային լուծումների մշակման շրջանակում աջակցությանը։
Ոլորտային քաղաքականությունների մշակման տրամաբանության համատեքստում վերջերս հաստատվել է «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ․ գործողությունների ծրագիրը» և «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ․ ռազմավարությունը և 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը», ընթացքում է նաև միգրացիոն քաղաքականության կառավարման ուղղությամբ ռազմավարությունը։
Խոսելով ԵՄ աջակցությամբ կարողությունների զարգացման ու թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել հանրային վստահությունը, նպաստել հանրային անվտանգ միջավայրի երաշխավորմանը, կայացնել պետական ինստիտուտները:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկի մասին, ինչը նոր շունչ կհաղորդի, նոր հորիզոններ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։