Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 23-ը նոյեմբերի․ Ես եմ ընտրել այդ տարածքը եւ եթե կան մեղավորներ, ապա մեղավորը ես եմ (տեսանյութ)

1997-ի նոյեմբերի 23-ին Հայաստանի կոմկուսը հանդիպում է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Երկրի ազգային անվտանգության եւ սոցիալական հիմնահարցերի մասին կողմերի միջեւ տարաձայնություններ չկան։ Սերգեյ Բադալյանը նախագահին առաջարկել է Հայաստանը միացնել Ռուսաստան-Բելառուս միությանը, դա եւ Արցախի հարցը կլուծի եւ կվերացնի Հայաստանի տնտեսական ճգնաժամը։ Չլսեց:

Նույն օրը վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ Միասին 8 հարց են քննարկել, սակայն Հայրիկյանի համար ամենակարեւորը վերջին տարիների սեփականաշնորհման գործընթացն է։ Քոչարյանի համար էականը ընտրական օրենսգիրքն է, որը լավը չէ: Իշխանությունների հետ քաղաքական ուժերի այս հանդիպումների հիմնական թեման իրականում Լեռնային Ղարաբաղն է։ Վանո Սիրադեղյանը միակն է, որ հայտարարում է՝ ես գիտեմ ինչպես լուծել Ղարաբաղի հարցը, հարցնող չկա:

1998-ի այս օրերին փակվելու վտանգի առաջ է կանգնած «Նորք» հեռուստաընկերությունը։ Փակվելու պատճառների մասին «Նորքի» ղեկավար Սեյրան Շահսուվարյանն ավելին չգիտի։ Ավելի վաղ վարչապետն էր հայտարարել, որ «Նորքի» փոխարեն գործելու է մշակութային ալիք:

1998-ի այս օրերին Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացում շրջանառության է դրվում «ընդհանուր պետություն» դրույթը ։ Հայաստանում գտնվող ամերիկացի համանախագահ Ռոնիսլավ Գեդեմեկը գոհ է այն փաստից, որ Հայաստանն ու Ղարաբաղը չեն մերժել Մինսկի խմբի վերջին առաջարկները։ Գնդակն արդեն Ադրբեջանի դաշտում է։

1998-ի նոյեմբերի 23-ին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին այցելած Խոսրով Հարությունյանին միության նախագահ Պերճ Բոշնաղյանը հիշեցնում է, որ մյուս տարվա բյուջեով իրենց հատկացվելու է 350 միլիոն դրամ, որը եթե բաժանենք ապրող 15 հազար վետերանների միջեւ, յուրաքանչյուրին ամեն ամիս կհասնի մեկ կիլոգրամ ոչ խոզի միս եւ մեկ հաց ։ Անհրաժեշտ է գոնե եւս 650 միլիոն դրամ։ Խորհրդարանի ղեկավարն ասում է՝ դեմ չեմ, բայց մեր գրպանում այդքան չկա։

1999-ի այս օրերին Հայաստանում կտրուկ աճել է կեղծ թղթադրամների թիվը։ Նախկինում կեղծվում էին հազար եւ հինգ հազար դրամանոցները, այսօր հերթը ավելի մանր թղթադրամներինն է։ Հայտնաբերված կեղծ թղթադրամների մոտ 60 տոկոսը 500 դրամանոց է։ ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովի զեկույցում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ փուլում հայ-ադրբեջանական երկխոսությանը  կմիանա Արցախը։

1999-ի այս օրը Վարդան Օսկանյանի մամուլի խոսնակն ասում է, որ զեկույցի այս կետն ապացուցում է, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է։ Քաղաքական ուժերը 2000-ի այս օրը շնորհավորում են հայ ժողովրդին ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների համար։ Ըստ այդ օրենսգրքի, ավելացվել են կուսակցական ցուցակներով պատգամավորների թիվը 56-ից հասցնելով 75-ի։ Չընդունվելու դեպքում կար վտանգ, որ Քոչարյանը կցրի խորհրդարանը:

Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հարցերի պարզաբանման համար 2000-ի այս օրերին պատվիրակություն է սպասվում Իրանից։ Հայտնի է, որ գազամուղի Հայաստանով անցնող 40 կիլոմետրանոց հատվածը կկառուցեն հայերը, իսկ Իրանով անցնողը՝ իրանցիները, առայժմ հայտնի չէ տեղափոխվող գազի գինը։ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը 2000-ի նոյեմբերի 23-ին հայտարարում է, որ անձամբ է պատասխանատու ծառաշատ «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի համար։ «Ես եմ ընտրել այդ տարածքը եւ եթե կան մեղավորներ, ապա մեղավորը ես եմ»,-ասում է նա ու պնդում՝ տարածքում ծառ չի եղել:

2001-ի նոյեմբերի 23-ին երիտասարդ հայ կոմունիստները կոմերիտմիության 80-ամյակի առիթով երթով կայանում են մայրաքաղաքի պետական եւ միջազգային մի քանի կազմակերպությունների շենքերի մոտ։ Սակայն նրանց պահանջը միայն Ռոբերտ Քոչարյանից է:

Նույն օրը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը խոստովանում է, որ բենզինի ներկրումը Հայաստանում մենաշնորհային է։ Նա նկատում է, որ հենց մենաշնորհն է պատճառը, որ բենզինի գների անկման դեպքում մեր մոնոպոլիստը դժկամությամբ է իջեցնում գները, սակայն բարձրանալու դեպքում արագորեն բարձրացնում է, սակայն նավթի գների անկման դեպքում ու՞մ եկամուտներն են ավելանում՝ պետությա՞ն, թե մոնոպոլիստների:

2001-ի այս օրը Երեւան է ժամանում Հայաստանում Ամերիկայի նոր դեսպան Ջոն Օրդուեյը։ Մի քանի օր առաջ է նա երդվել Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում։ Մինչ Հայաստան ժամանելը նա հանդիպել է Ամերիկայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

2002-ի մայիսին վերագործարկված «Նաիրիտ» գործարանը նույն տարվա այս օրը դադարեցնում է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով։

2004-ի նույն օրն այրվում է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան։ Վերջինս մեղադրում է գործարար Գագիկ Ծառուկյանին։ Ծառուկյանը նույն օրը հերքում է։

2010-ին Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին էլ Հայ Ազգային կոնգրեսը չի կարողանա հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում։Մինչեւ տարվա վերջ հրապարակը զբաղված է, Ամանորի տոնակատարություններ են փորձելու-ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Կոնգրեսի ներկայացուցիչն ասում է՝ օրենքով դուք մեզ պետք է հաջորդ երկու օրերից մեկում նույն տեղում նույն ժամին պետք է տարածք տաք հանրահավաքի համար: