Փաստի առաջ ենք կանգնել․ ահազանգում են թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների ծնողները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի թվով 24 երեխաները ստիպված են լինելու այլ մանկապարտեզներ հաճախել։
Ծնողներն ասում են՝ փաստի առաջ են կանգնել, մանկապարտեզն այլևս ֆինանսավորում չունի։
Մանկապարտեզի ֆինանասավորման նպատակահարմարությունը որոշում է Երևանի քաղաքապետարանը, ֆինանսավորումը նախորդ տարի իրականացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ծնողներից Ստելլա Միրզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, հունվարի 8-ին, երբ երեխաներին տարել են մանկապարտեզ, տնօրենն ասել է, որ չեն կարող երեխաներին թողնել մանկապարտեզում, քանի որ երեխաների հետ աշխատող համապատասխան մասնագետներն ազատվել են աշխատանքից։
«Մեր հարցին, թե մեր երեխաները կարո՞ղ են արդյոք այլ խմբերում ներառվել, մինչ հարցը քաղաքապետարանի հետ կլուծվի, տնօրենը պատասխանեց՝ մենք տեղ չունենք, գնացեք ուրիշ մանկապարտեզ։ Մենք ծնողներով փաստի առաջ ենք կանգնել, որ տարին սկսել է, մեր երեխաների թե՛ անհատական, թե՛ ներառական առանձին ծրագրերն ընդհատվեց, ու չենք կարողանում այս հարցին լուծում գտնել»։
Հակառակ պնդումների, թե ծնողները պատշաճ իրազեկված են եղել, որ խումբը փակվելու է, կինն ասում է՝ իրենք տեղյակ չեն եղել այդ մասին․
«Ես իմ բալիկին հոկտեմբերին եմ բերել մանկապարտեզ, մանկապարտեզն է կանչել, քանի որ հերթագրված էի և հերթս հասել էր, ընդունվելուց ինձ ոչ ոք չի զգուշացրել, որ քո բալիկը գալու է մինչև դեկտեմբերի վերջ։ Այն դեպքում, եթե իմանայի, ես գուցե մտածեի՝ արդյոք արժե՞ իմ բալիկին հոգեբանական այդպիսի մի խնդրի առաջ կանգնեցնել, 3 ամիս ներառվի մի խմբում, 3 ամիս հետո ես մտածեմ իրեն մեկ ուրիշ պարտեզում մեկ ուրիշ խմբում տեղավորելու մասին»։
Մեկ այլ ծնող Գոհար Միքայելյանը ևս պնդում է, որ տեղեկացված չեն եղել։ Ծնողի խոսքով՝ այս մանկապարտեզը միակն է, որ համապատասխանեցված է ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։
Մանկապարտեզի հատուկ խմբի հոգեբան Անի Կարապետյանը, սակայն, նշում է, որ վաղուց տեղյակ են եղել, որ հատուկ խումբը հնարավոր է լուծարվի, քանի որ եղել են մի շարք ֆինանսական խնդիրներ, նույնիսկ ամիս է եղել, որ աշխատողները մինիմալից ցածր աշխատավարձ են ստացել, փակման օրը, սակայն, հստակ չի նշվել․
«Ինչպես հասկացա՝ տնօրենն ինքն էլ տեղյակ չի եղել, քաղաքապետարանից անորոշ են պատասխան տվել, թե հունվարի 8-ից մանկապարտեզը պետք է փակվի թե ոչ։ Մենք ունեցել ենք աշխատանքի ժամանակավոր պայմանագրեր եւ չենք իմացել՝ հունվարի 8-ից մեզ հետ նոր պայմանագրեր կնքվելու են, թե ոչ։ Իհարկե, բոլորը ուզում են, որ ծրագիրը շարունակվի, քանի որ սա ունիկալ ծրագիր է, և միակն հնարավորությունն է ներառական կրթության մեջ ներառվելու ոչ պատրաստ երեխային ներառելու 30-հոգանց խմբի մեջ։ Այդ պրակտիկան շատ լավ գործել է մանկապարտեզում, որ նախաներազականից բազմաթիվ երեխաներ տեղափոխվել են ներառական հատված, այնինչ եթե չլիներ նախաներառական հատվածը, այդ երեխաները ներառման հնարավորություն գուցե չունենային»,- ասում է նա։
Անի Կարապետյանը շեշտում է, որ հատուկ խումբ չհաճախելը բացասական ազդեցություն է թողում երեխաների վրա․
«Երեկ պատահաբար իմ երեխաներից մեկին տեսա, նկատեցի, որ այս բացակայությունը որոշակիորեն բացասական է ազդել նրա վրա, այն առումով, որ երեխան իր անվանը չարձագանքեց։ Մենք պիտի աշխատանքներն ուղղենք եղածը աճեցնելու, զարգացնելու ուղղությամբ, իսկ այս երեխաների դեպքում հնարավորությունները շատ սուղ են»։
Ներառող կրթություն ազգային ասոցիացիայի տնօրեն Հայկ Դավեյանն էլ ընդգծում է, որ նման խնդիրներ ունեցող երեխաները ապրում են Հանրապետության բոլոր հատվածներում, և այստեղ համակարգը կայացնելու ճանապարհը պետք է փոխվի։
«Ծնողական մասնագիտական համայնքը նաև այս ուղղությամբ պետք է աշխատի։ Վաղ մանկության տարիքում վերականգնողական միջամտությունները շատ կարևոր են»։
Ծնող Ստելլա Միրզոյանն ասում է․ «Տնօրենը պարզապես չի ուզեցել մասնակցել հայտարարված մրցույթին և իրեն ամեն անգամ գլխացավանք առաջացնող, խնդրահարույց բալիկների հարցերից ազատել է իրեն, այսպիսի տպավորությւոն է ստեղծվում ծնողների մոտ»։
Ասուլիսին ներկա ծնողները նշեցին, որ իրեց բարձրացրած խնդրին միացել են բոլոր 24 երեխաների ծնողները։
Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարություն է տարածել, որտեղ նշել է, որ իր սկզբունքային դիրքորոշումն է, որ բոլոր մանկապարտեզները պետք է լինեն ներառական և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ վաղ մանկության կրթության իրավունքը պետք է իրացվի ոչ թե հատուկ հաստատության կամ խմբերի ձևաչափով, այլ՝ իբրև նախադպրոցական կրթության կազմակերպման ընդհանուր ձև։