Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը դուրս է եկել եզրափակիչ, Վազգեն Թևանյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը դուրս է եկել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

70 կգ քաշային Արման Անդրեասյանը երկու վստահ հաղթանակներից հետո կիսաեզրափակչում ուժերն է չափել Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի հետ և 3:1 հաշվով առավելության հասել՝ դուրս գալով եզրափակիչ: Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10:0 հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4:0 հաշվով ուժեղ է գտնվել ուկրաինացի ըմբիշից: Եզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, ռուս Դավիթ Բաևը։

Եվրոպայի քառակի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակներ տարել և դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Նա պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 11:0 հաշվով առավելության է հասել Բելառուսի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը սփոփիչ գոտեմարտում 3:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ և կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) ևս սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն են ստացել, սակայն զիջել են մրցակիցներին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցել են նաև Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հայկ Պապիկյանը (79 կգ), որոնք պարտություն են կրել մեկնարկային գոտեմարտերում և լքել պայքարը:

Ապրիլի 11-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։