Եթե գազի գինը թանկանա 69%-ով, ապա մեզ համար սահմանին կդառնա 294 դոլար. Մեսրոպ Մեսրոպյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այս պահին «Գազպրոմ» ընկերությունից կամ նրա տեղական դուստր ձեռնարկությունից՝ «Գազպրոմ Արմենիայից», բնական գազի սակագնի բարձրացման պաշտոնական հայտ չի ստացել։ Այդ մասին հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ միաժամանակ ներկայացնելով սահմանին գազի գնի հնարավոր աճի ազդեցությունը էլեկտրաէներգիայի ներքին սակագների վրա ։
Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 30-33 տոկոսն ապահովում են ջերմային էլեկտրակայանները, որոնք աշխատում են բնական գազով: Հանձնաժողովի նախնական հաշվարկների համաձայն, որոնք հիմնված են ներկայիս՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 174.4 դոլար բազային գնի վրա, դիտարկվում է իրադարձությունների զարգացման երեք հնարավոր սցենար` 30% աճի դեպքում սահմանին գազի գինը կհասնի 226.8 դոլարի, ինչը էլեկտրաէներգիայի միջինացված սակագինը կբարձրացնի 1.4 դրամով ։
69% աճի դեպքում․ գինը կհասնի 294.8 դոլարի, իսկ էլեկտրաէներգիայի միջինացված սակագինը կաճի 3.3 դրամով։
300% աճի դեպքում գինը կազմելու է 697.85 դոլար, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությունը կկազմի 14.2 դրամ։
Մեսրոպյանի փոխանցմամբ՝ նույնիսկ մոտ ապագայում գազի գնի բարձրացման հայտ ներկայացվելու պարագայում, սակագների վերանայման գործող ընթացակարգերով պայմանավորված, սպառողների համար գազի թանկացում առնվազն մինչև մարտ ամիս չի նախատեսվում։
Գազամատակարարման հնարավոր խափանումների կամ դադարեցման սցենարում Հայաստանի իշխանությունները ծրագրում են ակտիվացնել այլընտրանքային էներգետիկ ռեսուրսները, այդ թվում՝ Սևան-Հրազդան և Որոտանի հիդրոկասկադները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներկրումն ուղղել Վրաստանի տարանցիկ գծերով ։ Չնայած երկրում արևային էներգիայի հզորությունների աճին (մոտ 783 ՄՎտ հզորություն՝ 61,000 սպառողական կետերում), դրանք եղանակային և ժամային կախվածության պատճառով չեն կարող դիտարկվել որպես բնական գազի լիարժեք փոխարինիչ։
Մանրամասները՝ տեսանյութում