Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մոր համար
A A
Հասարակություն

«Մայրս ունի սրտի լուրջ խնդիր, բուժման արժեքը կազմում է 3 միլիոն դրամ»․ քաղաքացին դիմում է կառավարությանը (տեսանյութ)

Քանաքեռի Ծարավաղբյուր 35/2 տան բնակիչ Գարիկ Բաղդասարյանն ընտանիքի հետ միասին կառավարության շենքի առջև դրամահավաք ու բողոքի ակցիա են իրականացնում։

«Ա1+»-ի հետ զրույցում Գ․ Բաղդասարյանն ասաց, որ մայրը՝ Օֆելյա Բաղդասարյանը, մոտ երեք ամիս է՝ հետազոտվում է Հայաստանի տարբեր  հիվանդանոցներում, առողջական ծայրահեղ ծանր վիճակում է։

«Այս պահին Զեյթունի սրտաբանական հիվանդանոցում է, ծայրահեղ ծանր վիճակում։ Ունի սրտի լուրջ խնդիր, անոթներից 4-ը փակված է, բուժման արժեքը կազմում է 3 միլիոն դրամ»,- նշեց նա։

Գ․ Բաղդասարյանը նշեց, որ բազմիցս դիմել  է Առողջապահության նախարարությանը, կառավարությանը, սակայն պատասխան է ստացել, որ բյուջեն չունի ֆինանսավորում, չի ֆինանսավորում նման դժվարամատչելի բուժումների համար։

«Ակցիայի նպատակն այն է, որ մեր սիրելի վարչապետը, մեր կառավարության հարգելի անդամներն իջնեն, ցավակից լինեն իմ խնդրին և հասկանան իմ խնդիրը։ Եթե չեն հավատում, ես ունեմ փաստաթղթեր, փաստացի ապացույց, որ այս պահին մայրս հիվանդանոցում է և շատ ծայրահեղ ծանր վիճակում»,- շարունակեց նա։ Քաղաքացին ասաց նաև, որ մոր ցավերը մեղմելու համար ստիպված «մորֆին» դեղամիջոց են սրսկում, որ կարողանա մի քիչ քնել, արդեն երեք օր հաց չի ուտում, իսկ ուտելու դեպքում փսխում է»։

Բարեգործական հիմնադրամներին, Ազգային ժողովին  է նաև դիմել, սակայն անարդյունք։