A
A
Հայաստանի քաղաքացիական հասարակության հռչակագիրը՝ ուղղված CBD COP17-ի մասնակիցներին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու բնության պահպանմամբ մտահոգ քաղաքացիներն ուղղել են իրենց հռչակագիրը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ բարձրաձայնելով Հայաստանում կենսաբազմազանության պահպանության ոլորտում առկա խնդիրները և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով ստանձնած պարտավորությունների կատարման հարցերը։
Ստորև ներկայացնում ենք նամակի ամբողջական տեքստը։
«Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության, բնապահպանական նախաձեռնությունների ներկայացուցիչներս, ակտիվիստներս և կենսաբազմազանության պահպանմամբ մտահոգ քաղաքացիներս, թեև ողջունում ենք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) անցկացումը Երևանում, սակայն դառնությամբ ենք լցված, քանի որ Հայաստանի կառավարությունը համաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ ցուցադրաբար մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին, որը ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիան (ԿԲԿ) և Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիան (Բեռնի կոնվենցիա), և Հայաստանին հետ է գցում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով (ԿՇԳ) սահմանված թիրախներին հասնելուց։
Խոսքը Ամերիա բանկի ֆինանսավորմամբ Ամուլսարում ոսկու հանք բացելու ծրագրի մասին է, որի բացասական ազդեցության մասին կան բազմաթիվ գիտական փաստեր, տեղի համայնքները տարիներ շարունակ պայքարել են ծրագրի դեմ՝ ենթարկվելով բազմաթիվ ճնշումների, 2025 թ․ Հայաստանի Վարչական դատարանը ճանաչել է, որ այդ ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պատշաճ չի կատարվել, որի հիմքով հանքարդյունաբերական լիցենզիաների մի մասը կորցրել է ուժը։ Մեր կարծիքով, կառավարությունն այս արարքով իր քաղաքացիներին և միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ իր համար առաջնահերթ են օտարերկրյա կորզիչ բիզնեսների և ներդրումային ֆոնդերի շահերը, այլ ոչ թե իր երկրի ներկա ու ապագա սերունդների շահերը, միջազգային բնապահպանական իրավունքը և դրա կատարման իր պարտավորությունը։
Լեռնային բարձրադիր տարածքը, որում հայտարարվել է բաց եղանակով և ցիանիդով տարրալուծելու միջոցով ոսկու կորզման ծրագրի մեկնարկը, Հայաստանի ջրերի գոյացման սիրտն է։ «Ամուլսար» անունը կրող լեռան շրջակայքով են հոսում գինեգործական Վայոց Ձորի և գյուղատնտեսական Սյունիքի մարզի հյուսիսը ոռոգող գետեր, Սևանա լճի փրկության համար կառուցված Կեչուտի ջրամբարը (և Որոտան-Արփա-Սևան թունելը)։ Այնտեղ կա հարուստ կենսաբազմազանություն, ներառյալ՝ միջազգային ու տեղական օրենսդրությամբ պահպանության ենթակա կենսատեսակներ: Եվ վերջապես, այնտեղ գտնվում են ծիրան մշակող և արտահանող Գնդեվազ գյուղը և Հայաստանի միջազգային կուրորտային տուրիզմի կենտրոն Ջերմուկ քաղաքը՝ իր միջազգային համբավ ունեցող Ջերմուկ հանքային ջրով։
Այս տարածքը դեռևս 2009 թ․ Կենսաբազմազանության մասին կոնվենցիային (ԿԲԿ) ներկայացված չորրորդ ազգային զեկույցով ներկայացվել է որպես պլանավորվող պահպանվող տարածք (2002 թ․ Կառավարության՝ պահպանվող տարածքների ռազմավարության և գործողությունների ծրագրում սահմանվել է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման մասին), ավելի ուշ այն ներկայացվել է Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիային՝ որպես հատուկ պահպանվող եվրոպական տարածքների Էմերալդ ցանցի թեկնածու տարածք։ 2009 թ․-ից հետո «Ջերմուկ» ազգային պարկի մասին այլևս կառավարությունը չի զեկուցել ԿԲԿ-ին՝ լռելյայն խախտելով իր իսկ պարտավորությունները կոնվենցիայի կողմերի առջև։
Ամուլսարում հանք բացելը Հայաստանին հետ է գցում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (ԿՇԳ) թիրախների մեծ մասին հասնելուց։ Նախ, չեն իրագործվում 1-ին և 4-րդ թիրախները՝ նվազեցնել կենսաբազմազանության կորուստը և կանգնեցնել վտանգված տեսակների կորուստը։ Ամուլսարում կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, բոլորովին նոր բացահայտված տեսակներ, ինչպես նաև պահպանության ենթակա հարուստ կենսաբազմազանություն։ Հայաստանը չի կատարում 3-րդ թիրախը, այն է՝ երկրի տարածքի 30 տոկոսը դարձնել պահպանվող տարածք՝ ապահովելով դրանց արդյունավետ կառավարումը։
Նախ, Հայաստանի կառավարությունը 2000-ականների վերջից դադարեցրեց պլանավորվող «Ջերմուկ» ազգային պարկի շուրջ աշխատանքները հանքարդյունաբերական ծրագրի պատճառով, իսկ այժմ այն ստեղծելու շուրջ վերսկսված խոսակցությունները չեն նախատեսում Ամուլսարի ներառումը, առանց որի այդ ազգային պարկի շրջանակում կենսաբազմազանության պահպանությունը չի կարող արդյունավետ և գիտականորեն հիմնավոր համարվել։ Բացի դրանից, կառավարությունը նախատեսում է նաև հանել Ամուլսարը ներառող «Ջերմուկ» տարածքը Եվրոպական Էմերալդ գոտուց։ Չի իրագործվում 7-րդ թիրախը՝ աղտոտման նվազեցումը։ Միայն այս նոր հանքը բացելու պատճառով կուտակվելու են երկրի մակերևույթին միլիոնավոր տոննաներով հանքային ապարներ, օգտագործվելու է ցիանիդ, առաջանալու է թթվային դրենաժ, որը սպառնալու է ջրերին, իսկ ընդերքից, ի թիվս բազմաթիվ այլ ծանր մետաղների, դուրս է բերվելու մի քանի տոննա սնդիկ, որը ինքնին հակասում է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիային։
Հայաստանը հետ է ընկնում 8-րդ թիրախին հասնելուց, այն է՝ նվազեցնել կլիմայի փոփոխության հետևանքները և ջրերի թթվայնացումը։ Չեն իրագործվում միանգամից 14-րդ և 18-րդ թիրախները, որոնք պահպանջում են կենսաբազմազանության նկատառումները հաշվի առնել ընդունվող որոշումներում և արտոնություններ չտրամադրել վնասող ծրագրերին, մինչդեռ Հայաստանի կառավարությունը 2025 թ․ որոշեց 150 մլն դոլարի երաշխիք ապահովել հանքը ֆինանսավորող բանկերի համար։ 15-րդ թիրախին հասնելու հարցում նույնպես հետընթաց կա, քանի որ պահանջվում է, որ տնտեսվարողները կատարեն ռիսկերի ճիշտ հաշվարկ, իսկ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականները (ՇՄԱԳ) խիստ թերի են, և չեն կատարվում նաև Հայաստանի հանրության և Բեռնի մշտական հանձնաժողովի և բյուրոյի պահանջները՝ իրականացնելու նոր ՇՄԱԳ։ 19-րդ թիրախը ներառում է բոլոր աղբյուրներից՝ ներառյալ մասնավոր ֆինանսական հաստատություններից ներգրավել ֆինանսներ՝ հանուն կենսաբազմազանության պահպանության, սակայն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեպքում ֆինանսավորող բանկերի կողմից առաջադրված և ֆինանսավորված «biodiversity offset» սխեման, որը կենսաբազմազանության վնասի դիմաց փոխհատուցումն է, ուղղակի թույլ տվեց օրենքին հակասող ծրագիրը լեգիտիմացնել անիրատեսական «փոխհատուցման» խոստումով և անդառնալի վնաս հասցնել Կարմիր գրքում գրանցված տեսակների ապրելավայրերին։ Հայաստանի կառավարությունը խախտել է նաև 21-րդ թիրախը՝ տեղեկատվության հասանելիությունը՝ պետական կայքերից հեռացնելով Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի վերաբերյալ պատվիրված անկախ փորձագիտական զեկույցը։ 22-րդ թիրախով սահմանվում է հանրության մասնակցությունը որոշումների կայացմանը, սակայն հանրության մասնակցությունը Ամուլսարի ծրագիրը մերժելու հարցում արդեն տասնամյակից ավելի ճնշվել է, իսկ ծրագրի դեմ պայքարող բազմաթիվ անձինք հետապնդվել են հանրային մասնակցությունը խոչընդոտող դատական հայցերով (SLAPPs). 23-րդ թիրախը՝ գենդերային հավասարությունը ապահովելու հարցում նույնպես Ամուլսարում հանք բացելու պատճառով հետընթաց կգրանցի, քանի որ ազդակիր համայնքներում՝ Գնդեվազում և Ջերմուկ առողջարանային քաղաքում կանայք ներգրավված են գյուղատնտեսական, առողջապահական և ծառայությունների մատուցման ոլորտներում, որոնք բոլորն էլ կվերանան տարածքից հանքի շահագործման արդյունքում։
Ահա այսպիսի «կատարողականով» է Հայաստանը ներկայանում COP17 համաժողովին, որի ընթացքում նախատեսված է պետությունների կողմից Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով (ԿԳՇ) սահմանված թիրախների կատարման վերանայումը։ 2026 թ․ օգոստոսին ԿԳՇ համաշխարհային առաջընթացի մասին տվյալները, որոնք ցույց են տալիս, որ ներկայիս տեմպերով և ձեռնարկված գործողություններով մինչև 2030 թ․ սահմանված նպատակները չեն կենսագործվի։ Առանց վարանելու պետք է արձանագրենք, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ստանձնված պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման գլխավոր պատճառը պետությունների քաղաքական կամքի բացակայությունն է և բիզնես շահի գերադասումը, այնուհետև՝ ֆինանսական ռեսուրսների ուղղումը կենսաբազմազանությանը վնասող և պետական բյուջեն սպառող ոլորտներ (օրինակ՝ ռազմարդյունաբերություն և պարտքի սպասարկում), շահույթ հետապնդող մասնավոր ոլորտի կողմից պետությունների քաղաքականությունների նկատմամբ վերահսկող և սահմանափակող դերը (corporate capture), պետական ծախսերի կրճատումը, այդ թվում՝ գիտության և անկախ գիտնականների ֆինանսավորման խիստ պակասը և պետական գործառույթների արտապատվիրակումը մասնավոր ոլորտին։ Արդյունքում համամոլորակային կարևորության հանրային շահը և մարդկային ու ոչ մարդկային արարածների ապագան շարունակաբար ստորադասվում է այսրոպեական մասնավոր շահին։ Այս համատեքստում կարևոր է նշել, որ COP 17-ի նախօրեին կենսաբազմազանության կորստի վրա վատթարագույն ազդեցություն ունեցող տնտեսական ոլորտի՝ հանքարդյունաբերության ներկայացուցիչների մեծ ֆորումն է անցկացվում Հայաստանում։ Չենք կարծում դա պատահականություն է․ ֆինանսական հատվածի հետ սերտաճած այս ոլորտի լոբբինգը ամենաուժեղն է Հայաստանում, և չի բացառվում, որ այն կփորձի ազդել նաև COP17-ի քննարկումների վրա։
Մենք կոչ ենք անում, որ երևանյան հավաքի ժամանակ կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացուցիչները ոչ միայն անդրադառնան ԿԳՇ թիրախների իրենց կատարողականներին, այլև ուղղակիորեն քննարկեն քաղաքական կամքի բացակայության հարցը։ Մենք գիտակցում ենք, որ քաղաքական կամքը վերացական հասկացություն չէ, այն կախված է համաշխարհային և տեղական քաղաքական ու տնտեսական կարգերից, ժողովրդավարության աստիճանից, պարտքային կախվածությունից, ներդրողների պաշտպանության համաձայնագրերից և կորպորատիվ արբիտրաժային սպառնալիքներից, պետությունների միջև անհավասարություններից, աշխարհաքաղաքական շանտաժներից, անվտանգային խոցելիություններից և «հանքարդյունաբերություն անվտանգության դիմաց» արտաքին քաղաքականություններից, ի թիվս սահմանափակող բազմաթիվ այլ գործոնների։ Մենք առաջարկում ենք պետությունների ներկայացուցիչներին բաց և անկեղծորեն բարձրացնել ու քննարկել հենց ա՛յս տեսակի խոչընդոտները՝ որպես կենսաբազմազանության պահպանության ստորադասման բուն պատճառներ։ Պետության ներկայացուցիչներ չհանդիսացող մյուս պատվիրակներին կոչ ենք անում քաղաքական կամքի և դրան խոչընդոտող գործոնների հարցը բարձր պահել հավաքի օրակարգում։
Նաև կոչ ենք անում լուրջ քննության առնել և ԿԳՇ 19-րդ թիրախից հեռացնել ֆինանսավորման այնպիսի մեխանիզմները, որոնք կենսաբազմազանության պահպանությանն օգնելու փոխարեն, հանգեցրել են վնասի։ Դրանցից են կենսաբազմազանության վնասի դիմաց փոխհատուցման (biodiversity offsets) սխեմաները։ Հայաստանում, օրինակ, Ամուլսարում աճող Կարմիր գրքում գրանցված բույսի տեղափոխումը և ex situ պահպանությունը Բուսաբանական այգում ներկայացվեց որպես կենսաբազմազանության վնասի դիմաց փոխհատուցման (biodiversity offset) հաջողված փորձ։ Կամ երկրի հյուսիսում՝ Թեղուտում, անտառային գոտում բացված հանքի փոխարեն առաջարկվեց ստեղծել դրա կրկնակի չափով անտառ, բայց սա նույնպես տեղի չունեցավ։ Սակայն հանքարդյունաբերական ընկերությունների, դրանք ֆինանսավորող բանկերի և նրանց հետ համագործակցող կառավարության կողմից նման սխեմաների կիրառությունը ժամանակին արհեստականորեն լեգիտիմություն են հաղորդել հանքարդյունաբերական ծրագրերին՝ չնայած նրան, որ այդ սխեմաները հակասում են ոչ միայն ԿԲԿ տառին ու ոգուն, այլև կենսաբազմազանության պահպանության ներպետական օրենսդրությանը։
Տեղեկացնում ենք, որ Հայաստանում վերը նշված խնդիրների և կենսաբազմազանության պահպանման մեր տեղական պայքարներին վերաբերող մանրամասն տեղեկանք ենք պատրաստել, որում առանձնացրել ենք ԿԳՇ թիրախների իրագործման խոչընդոտները՝ Հայաստանում տեղ գտած խնդիրների օրինակով։ Այդ տեղեկանքը ներկայացնում ենք հայտարարությանը կից։
Ինչ վերաբերում է Հայաստանի հասարակության կողմից COP17-ի համատեքստում մեր իսկ կառավարությանն ուղղված քննադատությանը և պահանջներին, ցանկանում ենք տեղեկացնել, որ հրապարակվել է երկու կոչ կառավարությանը․ առաջինը Ամուլսարի հանքարդյունաբերական ապօրինի ծրագրի դադարեցման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում իրականացնելու մասին է՝ ի կատարումն Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի և Բյուրոյի, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների երկարամյա պահանջի։ Երկրորդ կոչը բնապահպան իրավապաշտպաններին անհիմն դատական հայցերից պաշտպանող (anti-SLAPP) օրենսդրություն ընդունելու մասին է։ Ի զորակցություն՝ միջազգային հասարակայնությունը նույնպես կարող է միանալ մեր կոչերին հղումով»։
Հայտարարությանը միացած կազմակերպություններ, նախաձեռնություններ և անհատներ
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական կամավորական նախաձեռնություն
«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» հասարակական կազմակերպություն
«Արդարության նոր մշակույթ» հասարակական կազմակերպություն
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպություն
«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական հասարակական կազմակերպություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպություն
«Ցիտադել» հասարակական կազմակերպություն
«Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպություն
«ԷԿՈ Խմբակ» երիտասարդական բնապահպանական հասարակական կազմակերպություն
Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Օրբիս» հասարակական կազմակերպություն
«Երիտասարդների Իմպուլս» երիտասարդական հասարակական կազմակերպություն
«Սինեմարթ» երիտասարդական հասարակական կազմակերպություն
«Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն ՀԿ
Առողջ Միջավայր հասարակական կազմակերպություն
«Առողջ Հրազդան» Քաղաքացիական նախաձեռնություն
«Ապահով Անկյուն» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն
«Հաջողակ Կին» հասարակական կազմակերպություն
«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական զարգացման հասարակական կենտրոն
«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպություն
«+374 քաղաքական ինքնորոշման ակումբ» հասարակական կազմակերպություն
Նինա Կարապետյանց»։