Բացել լրահոսը Փակել լրահոսը
854705190_122131754276948276_2111064532018813878_n
A A
Քաղաքականություն

Արցախի Հանրային խորհուրդը ՄԱԿ-ից պահանջում է վերահաստատել արցախահայության վերադարձի իրավունքը

Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
 
Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։
 
Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և միջազգային հանրության պատասխանատվության մասին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ անդրադարձ չի կատարել Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը և հայրենի հող վերադառնալու իրավունքին։
 
Մենք դատապարտում ենք այս լռությունը, հատկապես այն պայմաններում, երբ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար արցախահայեր Ադրբեջանի ռազմական գործողությունների և դրանց նախորդած երկարատև շրջափակման հետևանքով հարկադրված եղան լքել իրենց հայրենիքը։
 
Ինչպե՞ս կարելի է խոսել բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին՝ գտնվելով մի երկրում, որտեղ ապաստան են գտել իրենց հայրենիքից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր մարդիկ, և միաժամանակ անտեսել նրանց վերադարձի իրավունքը։
 
Արցախի հայության կապն իր հայրենի հողի, մշակույթի, պատմական բնակավայրերի և բնական ժառանգության հետ անքակտելի է։ Բռնի տեղահանումը ոչ միայն մարդու իրավունքների ծանր խախտում է, այլև սպառնալիք այդ ժառանգության պահպանությանը։
 
Հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Արցախից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։
 
Խաղաղությունը չի կարող նշանակել բռնի տեղահանման հետևանքների լեգիտիմացում։ Խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի անտեսման գնով։
 
Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրապարակայնորեն վերահաստատել արցախահայության անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձի իրավունքը, աջակցել Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարմանը և ապահովել, որ Արցախի ժողովրդի իրավունքները չանտեսվեն միջազգային խաղաղության և բնապահպանական գործընթացներում։
 
Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար։
Ակնկալում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հստակ հրապարակային դիրքորոշումն ու գործնական արձագանքը։
 
Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ