Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌուբՀայր
A A
Հասարակություն

Ռուբեն Հայրապետյանի համար ցավալի է, որ նախկին դասախոսները վերադարձել են ԲՈՒՀ (տեսանյութ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը և իր կողմնակիցները մեծ բարեփոխումների գործընթաց էին սկսել համալսարանում։

«Հիմա թե գործընթացները որքանով են շարունակվում, ես գնահատական չեմ կարող տալ»,- նշեց նա։

Հայրապետյանի համար ցավալի է, որ իր կողմից կազմակերպված կանոնակարգով անցկացված մրցույթով բարձրակարգ մասնագետները քիչ դասաժամեր են ստացել և որ վերադարձել են նվազագույն շեմը չհաղթահարած դասախոսները։

2019 թվականի օգոստոսի 12-ին իր ասուլիսի ժամանակ Հայրապետյանն ասել էր, որ իրեն ուսանողներից մեկը նկար էր ուղարկել, որում երևում է, թե, իբր, ՀՊՏՀ դասախոսներից Գագիկ Շահնազարյանը խաչապուրի է կերել քննության ժամանակ։  

Կրկին անդրադառնալով այս թեմային՝ Հայրապետյանն ասաց․ «Ես ափսոսում եմ, որ այդ թեմայի մասին առհասարակ խոսել եմ»։  Ավագանու անդամը հավելեց, որ ինքը սկզբունքորեն դեմ չէ դասաժամին կամ քննությանը ինչ-որ բան ուտելուն կամ խմելուն։ 

Հայրապետյանի համար ծիծաղելի է նաև իր դեմ ինքնիրավչության հիմքով հանցագործության մասին հաղորդում  ներկայացնելը։

«Ես ռեկտորի պաշտոնակատար նշանակվել եմ նախարարի հրամանով՝ մինչև մրցույթով սահմանված կարգով ռեկտորի ընտրության կազմակերպումը։ Դրանից հետո՝ մինչև ընտրությունների կազմակերպումը, նույնպես ազատման դիմում չեմ ստացել»,- նշեց նա։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ դասախոսներ հաղորդում էին ներկայացրել Հայրապետյանի դեմ ՝ ինքնիրավչություն հիմքով։ Այդ ժամանակ դասախոսների փաստաբան Ալեքսանդր Կոչոբաևը «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, որ Հայրապետյանը կամայականորեն իրեն է վերագրում ռեկտորի կամ ռեկտորի պաշտոնակատարի իրավունքներ և իրացնում այդպիսի իրավազորություններ։

Փաստաբանի փոխանցմամբ՝ այս արարքով ռեկտորի պաշտոնակատարը միաժամանակ ոտնձգում է մեկ այլ քրեա-իրավական նորմի դեմ, Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածի դեմ, որը պատասխանատվություն է նախատեսում այլ պաշտոնատար անձի իշխանությունը յուրացնելու համար։

«Մենք փաստացի գտնում ենք, որ Ռուբեն Հայրապետյանը յուրացրել է ռեկտորի կամ գոնե ռեկտորի պաշտոնակատարի իշխանությունը»,- նշել էր նա։ Սակայն որոշ ժամանակ անց Կոչուբաևը մեզ հայտնել էր, որ դատախազությունը մերժել է գործի հարուցումը՝ պատճառաբանելով, որ այն վարչա-իրավական տիրույթի հարց է։