ԵՄ առևտրային արտոնություններից օգտվելու համար հայ արտադրողները պետք է ապահովեն որակ․ Գագիկ Մակարյան
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիության տրամադրած առեւտրային արտոնությունները Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը համարում է փրկօղակ։
Հայկական ապրանքների համար Եվրամիության ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից՝ հոկտեմբերի 10-ից և կգործեն երկու տարի՝ աջակցելով հայ արտադրողներին ու արտահանողներին Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումներից հետո։
Այնուամենայնիվ, Գագիկ Մակարյանի խոսքով՝ հայ արտադրողները դեռ բավարար չափով պատրաստ չեն արտահանմանը․ չունեն պայմանագրեր, իսկ հիմնական խնդիրներից մեկը միջազգային որակի և անվտանգության ստանդարտների մասին տեղեկացվածության բացն է։
Սննդամթերքի դեպքում նա առանձնացնում է HACCP և ISO 22000 սննդի անվտանգության համակարգերը, իսկ ոչ պարենային ապրանքների համար, ըստ նրա, անհրաժեշտ են այլ հավաստագրեր։
Տնտեսագետի գնահատմամբ՝ այս խնդիրների լուծումն ու անհրաժեշտ հավաստագրերի ձեռքբերումը կարող են ճանապարհ բացել արտահանման համար։
Սակայն արտադրողների մի մասը, ըստ նրա, չի կարողանա ապահովել պահանջները, քանի որ հավաստագրումը ենթադրում է նաև արտադրական տարածքների, մաքրության, հիգիենայի, սարքավորումների և փաթեթավորման որակի բարելավում։ Արտադրության ամբողջ շղթան՝ հումքից մինչև պատրաստի արտադրանք, պետք է համապատասխանի այդ ստանդարտներին։
Մակարյանը հույս ունի, որ այս պահանջները կպահպանվեն ու արտոնությունների գործողության ժամկետը կերկարաձգվի։
Անկախ Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքից՝ Մակարյանը կարևորում է եվրոպական, ամերիկյան և արաբական շուկաներ դուրս գալու ձգտումը՝ ավելի որակյալ ու մրցունակ արտադրանք թողարկելու և այդ մշակույթը Հայաստանում ներդնելու համար։
«Ոչ թե մենք մտածենք միշտ անորակ, ցածր կիսատ-պռատ, գործ դզելով, մեր ապրանքները վաճառենք, այլ ձգտենք ավելի բարձր որակի»,- «Ա1+»-ին ասաց նա։
Փոքր արտադրողների արտահանման կազմակերպման հարցում, ըստ տնտեսագետի, պետական մարմինները լուրջ դերակատարություն ունեն, քանի որ այդ արտադրողները չեն կարողանում ինքնուրույն արտահանել։ Նրանց հետ աշխատող արտահանողներն էլ միշտ չէ, որ բավարար չափով տիրապետում են հավաստագրման պահանջներին կամ ունեն միջազգային փոխադրումների պահանջներին համապատասխանող բեռնատարներ՝ ԵՄ երկրներ մուտք գործելու համար։
Մակարյանը կարծում է՝ պետք է ստեղծվեն նոր ընկերություններ կամ պետության աջակցությամբ համախմբվեն փոքր արտադրողների բեռները, իսկ փոխադրումը վստահվի ավելի մասնագիտացված բեռնափոխադրող ընկերությունների։
Սահմանափակումների վերացումից հետո փոքր արտադրողները կարող են կրկին արտահանել Ռուսաստան։ Սակայն, Մակարյանի խոսքով, խնդիրը միայն քաղաքական չէ։
«Ռուսաստանի սահմանափակումները միայն քաղաքական չեն, նաև որակի խնդիրը կա»,- շեշտում է նա։
Սուբսիդավորում է պետք նաև ֆերմերներին
Մակարյանի խոսքով՝ պետությունը սուբսիդավորում է միայն արտահանողներին, մինչդեռ պետք է աջակցի նաև ֆերմերներին։
«Նրանք ցածր գնով վաճառելով կսնանկանան, կամ էլ հաջորդ տարի նույն բերքը չեն աճեցնի, կամ կվաճառեն այգիները»,- ասում է տնտեսագետը։
Նրա հաշվարկով՝ Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով ալկոհոլային խմիչքների, բանջարեղենի, մրգերի և պահածոների արտահանման խնդիրները մեղմելու համար պետությունը պետք է տարեկան 220–250 միլիոն դոլարի սուբսիդիա տրամադրի։
Մակարյանի գնահատմամբ՝ ներկայիս բյուջեի պայմաններում այդ աջակցությունը հնարավոր է, սակայն գումարը մեծ է, և դրա տրամադրումը՝ դժվար։ Ուստի, նրա խոսքով, պետական մարմինները մեծ աշխատանք ունեն անելու։