Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՊՏՀ դասախոսներ
A A
Հասարակություն

«Ռեկտորի պաշտոնակատարը չպետք է ստանար դոկտորի կոչում» (տեսանյութ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Աշխատանքի և տնտեսագիտության ամբիոնի դասախոս Գագիկ Շահնազարյանը, ով, ըստ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի, քննություններից մեկի ժամանակ խաչապուրի ուտելիս է եղել, վերջինիս ասուլիսի ժամանակ նույնպես շենքի դիմաց էր։

Նշենք, որ ասուլիսի ժամանակ անվտանգության աշխատակիցները թույլ չէին տվել շենքի մոտ հավաքված դասախոսներին մտնել դահլիճ։

Շահնազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 10 էջի վրա ներկայացնելով դասախոսների կողմից բարձրացված բոլոր հարցադրումները, մատնանշելով խախտումները։ 

Խոսելով Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մասին՝ Շահնազարյանն ասաց, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նշանակված երկու գաղտնի սև ընդդիմախոսների կարծիքներն էլ բացասական են։

«Ըստ աստիճանների նշանակման կանոնակարգի՝ եթե գոնե մեկ սև օպոնենտ տալիս է բացասական կարծիք, այդ աշխատանքը չի ընդունվում և չի հաստատվում։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս եղավ, որ երկու բացասական կարծիքի պայմաններում այդ դոկտորական ատենախոսությունը ընդունվել և հաստատվել է, ընդ որում՝ այդ նյութի մեջ նշված է այդ օպոնենտների կարծիքները»,- նշում է Աշխատանքի և տնտեսագիտության ամբիոնի դասախոսը։

Նրա խոսքով՝ թեկուզ մեկ ընդդիմախոսի բացասական կարծիքի դեպքում Հայրապետյանը չպետք է ստանար դոկտորի կոչում։

Կառավարչական հաշվառում և աուդիտի դոցենտ Հայկ Հակոբյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դատական գործընթացները դեռևս շարունակվում են, և սպասում են կառավարության պատասխանին։ Հարցին՝ եթե դատական գործընթացները և կառավարության որոշումն իրենց «սրտով» չլինեն, ինչ քայլերի են դիմելու, պատասխանեց․ «Կքննարկենք, հլը կորոշենք»։

Հիշեցնենք, որ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ դասախոսներ դատարան են բողոքարկել դասախոսների ընդունման համար անցկացված մրցույթները և օգոստոսի 8-ին հավաքվելով կառավարության շենքի դիմաց՝  նամակով դիմել են կառավարությանը։