Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տնտեսհամալսարան
A A
Հասարակություն

Ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ

Բարձագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ ստեղծված իրավիճակին։

Նա մասնավորապես նշել է, որ հուլիսի 24-ին ԲՈԿ է այցելել ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ասլանյանն ու հանձնել փաթեթ, որում, ըստ վերջինիս վկայության, նշված էին եղել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում թարգմանաբար օգտագործված կտորներն ու սկզբնաղբյուրները։ 

«Դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ այդ փաստերի մասին ԲՈՀ-ը տեղեկացված չի եղել` ի տարբերություն բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորների, որոնք ժամանակին, տիրապետելով որոշակի փաստերի, տարիներ շարունակ լռել են: Չեմ պատկերացնում ԲՈՀ-ի կայացնելիք որոշումը, եթե 2015 թվականի ամռանը տիրապետեր այդ նյութերին»,- նշել է նա: 

Ըստ Գոգյանի՝ խնդիր առկա է աշխատանքի տարբեր հատվածներում․ առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր: 

«Եթե ցանկություն է առաջանում պարզել, թե ի՞նչ բարդության է խնդիրը և ատենախոսության որ մասին է վերաբերում, կարծում եմ, կարիք կա փորձագիտական քննության: Այժմ փորձագետի դիմելու իրավունք ԲՈԿ-ը չունի, քանի որ դոկտորի վկայական հանձնելուց հետո այդ խնդիրը դուրս է մեր լիազորությունների շրջանակից: Ամենուր հնչող կոչերը, որ ատենախոսությունը փորձագիտության ուղարկենք Հայ-ռուսական համալսարան անհեթեթ են և իրավական կարգավորումներից դուրս»,- գրել է ԲՈԿ նախագահը:

Նշենք, որ հուլիս 30-ին մամուլի ասուլիս էին հրավիրել  տնտեսագիտական համալսարանի դասախոսներ Գագիկ Ասլանյանն ու Արմեն Ղարախանյանը: Ղարախանյանը հայտարարել էր, որ համալսարանում մշակվել էր գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կարգ, որը ոչ մի կապ չուներ գործող օրենքի հետ: «Այդ կարգի հիման վրա, դարձյալ ապօրինի, մրցույթ է հայտարարվել»,- նշել էր նա։  

Գագիկ Ասլանյանն, անդրադառանալով Հայրապետյանի ատենախոսությանը, ասել էր, որ աշխատանքը ներածությամբ հանդերձ շարադրված է 300 էջի վրա, որից շուրջ 60 էջ թարգմանված արտագրություններ են, իսկ մի մասը ուղիղ թարգմանություններ են, մյուս մասը՝ խմբագրված։

Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն նույն օրն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերին, ասել էր, որ ԵՊՏՀ երկու դասախոս, դժգոհ լինելով համալսարանում ընթացող բարեփոխումներից, մամուլի ասուլիս էին հրավիրել, որպեսզի ամեն գնով սևացնեն շահառուների համար ակնհայտ և արդեն չափելի դրական արդյունքները։ 

«Կանխատեսելի էր, որ թիրախավորել են առավելապես իմ անձը՝ ատենախոսությանս տեսական՝ գրականության ամփոփման հատվածում նկատված հղումներին առնչվող խնդիրները անվանակոչելով «գրագողության փաստեր»՝ շատ լավ հասկանալով, որ այդ ամենն իմ հետազոտության իրական արդյունքների հետ էական կապ չունի։ Հարկ եղած դեպքում՝ այս մասին առանձին և ավելի ծավալուն կխոսեմ»,- նշել էր նա։

Ատենախոսության հարցին օգոստոսի 7-ին անդրադարձել էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Նա պաշտոնական նամակ էր ուղակել ԲՈԿ նախագահին՝ հնարավոր գրագողության դեպքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար։

Իսկ ահա օգոստոսի 8-ին ՀՊՏՀ մոտ 60 դասախոս հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց։ «Ա1+»-ի հետ զրույցում նրանք ասել էին, որ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն անօրինական կերպով մրցույթներ է կազմակերպում և իրենց հեռացնում է աշխատանքից և արդեն իսկ աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել։

Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դասախոս Հրանուշ Գաբրիելյանը «Ա1+»-ին ասել էր, որ դատական կարգով վիճարկել են մրցույթների անցկացումը։ Ըստ նրա՝ դատարանի որոշմամբ արգելանք էր դրվել մրցույթի արդյունքների վրա, որը, սակայն, հետո չեղարկվել էր՝ համալսարանում կոլապս չառաջացնելու պատճառաբանությամբ։

Նրանց էր հանդիպել Քաղաքացիների ընդունելության և դիմումները քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Հանդիպումից հետո համալսարանի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Վլադիմիր Դավթյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Ղազարյանը 53 ստորագրությամբ նամակը վերցրել է և խոստացել ներկայացնել վարչապետին։ Դասախոսները խնդրել էին մինչև օգոստոսի 25-ը պատասխանել։