Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0702
A A
Հասարակություն

Դասախոսները բողոքում են՝ ռեկտորի պաշտոնակատարն իրենց հեռացնում է աշխատանքից (տեսանյութ)

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ 60 դասախոս հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց։

«Ա1+»-ի հետ զրույցում նրանք ասացին, որ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն անօրինական կերպով մրցույթներ է կազմակերպում և իրենց հեռացնում է աշխատանքից։ Նրանք ասացին նաև, որ արդեն իսկ աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել։

Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դասախոս Հրանուշ Գաբրիելյանն ասաց, որ դատական կարգով վիճարկել են մրցույթների անցկացումը։

Դատարանի որոշմամբ արգելանք է դրվել մրցույթի արդյունքների վրա, որը, սակայն, հետո չեղարկվել է՝ համալսարանում կոլապս չառաջացնելու պատճառաբանությամբ։

Գաբրիելյանը հավելեց, որ ևս երկու դասախոս նույնպես բողոք են ներկայացրել Առաջին ատյանի դատարան։

Մարկետինգի ամբիոնի դասախոս Հարություն Փափազյանն իր հերթին նշեց, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից նշանակված մրցույթի կանոններով արդեն իսկ նշանակվել են որոշ դասախոսներ։ Փափազյանի խոսքով՝ աբսուրդայինն այն է, որ մինչև այժմ մրցույթների հստակ արդյունքները չկան, ինչը խնդրահարույց է։

«Հաջորդ աբսուրդն այն է, որ իրենք ասում են՝ «մեզ պետք է որակ», բայց այնպիսի մարդկանց են ընդունում աշխատանքի, որ տնտեսագիտության թեկնածու չեն, որը կարևորագույն պայմաններից մեկն է»,- նշեց նա՝ հավելելով, որ երկրորդ աբսուրդն այն է, որ նորանշանակները չունեն դասավանդման փորձ։

Դասախոսները նամակով դիմել են վարչապետին՝ ներկայացնելով առկա խնդիրները։ Այժմ նրանց է հանդիպում Քաղաքացիների ընդունելության և դիմումները քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։

Հանդիպումից հետո համալսարանի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Վլադիմիր Դավթյանն ասաց, որ Ղազարյանը 53 ստորագրությամբ նամակը վերցրել է և խոստացել ներկայացնել վարչապետին։

Դասախոսն ասաց, որ խնդրել են մինչև օգոստոսի 25-ը պատասխանել։ Հետագա քայլերի հետ կապված Դավթյանն ասաց․ «Մենք թույլ չենք տալու անգրագետ ուսանողություն արտադրել։ Մենք պայքարելու ենք սերունդների դաստիարակության համար»։