Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Արցախից դուրս գալիս տղաներիս ասացի՝ վերցնեն ժենգյալով հացի վառարանը»․ Հայաստան հասնելուն պես՝ Մարինեն սկսել է արտադրությունը

2023-ի սեպտեմբերի 19-ին Մարինե Գաբրիելյանի ավագ որդին մարտական դիրքերում էր, միջնեկն՝ Ասկերանի Տանկ հուշարձանի մոտ, ուր մոտ մեկ ամիս պայքարում էին ասկերանցի երիտասարդների հետ, որպեսզի «Կարմիր մահիկ»-ի ալյուրը մուտք չգործի Արցախ։

Փոքրը՝ վատառողջ էր, այդ օրը դպրոց չէր գնացել։ Իննամսյա շրջափակման պայմաններում ապրող արցախցիների համար սեպտեմբերի 19-ը սովորական օր էր. «Ինչպես միշտ, խանութում աշխատանքի էի։ Հրաչս դիրքերում էր, սեպտեմբերի 11-ին 20-ամյակը դիրքերում նշեց։ Ներքուստ անհանգիստ էի։ Ուզում էի զանգել Հրաչիս՝ ինքն ինձնից շուտ զանգեց։ Հարցրեցի՝ ի՞նչ կա, ո՞նց ես, ասեց՝ սաղ լավա մամ ու անջատեց։ Էդ պահին նկար ուղարկեց կասկով, զենքով։ Վախեցա… Մինչ հետ կզանգեի՝ լսվեց առաջին պայթյունը»,- պատմում է Մարինեն։

Կապն անջատված էր՝ Հրաչն արդեն անհասանելի։  Պարզվեց՝ պատերազմի առաջին րոպեներին որդին վիրավորում է ստացել։ «Երբ տուն հասա ու կրտսեր որդուս նկուղ տարա, տարբեր մտքեր էին գլխիս գալիս, տեղս չէի գտնում։ Հրաչիս հետ չէի կարողանում կապվել, ոչ մի տեսակ կապ չկար»…

Մարինեն փոքր էր, երբ զրկվեց ծնողներից, միակ հարազատը եղբայրն էր՝ Լեռնիկը։  2020 թվականի 44-օրյա պատերազմը, սակայն, խլեց Մարինեի միակ հարազատ եղբորը։

«Ես Աստծուն շնորհակալ եմ, որ գոնե փրկեց երեխուս կյանքը, էդ վիրավորումը փրկություն եղավ։ Օդանավակայանում երբ արդեն պարզ դարձավ, որ պետք է հեռանանք, թողնենք մեր հայրենիքը, մի պահ չէի գիտակցում անելիքս։ Տուն գնացինք մի քանի ժամով, որպեսզի անհրաժեշտ շորեր, փաստաթղթեր վերցնենք։ Երկար ժամանակ չէի կարողանում կողմնորոշվել… Վերցրեցինք փաստաթղթերը, իմ համար ամենաթանկը՝ եղբորս նկարը… Տղաներին ասացի՝ վերցնեն ժենգյալով հացի վառարանը»,- հիշում է Մարինեն։

2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին էլ Մարինեն ժենգյալով հաց էր թխում Երևանում։ «Վառարանը ձեռք էի բերել Ասկերանի զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում՝ ձեռներեց կանանց աջակցության ծրագրի շրջանակներում։ Ու քանի որ այն ժամանակ կարողացա ընտանիքիս օրվա հացը վաստակել, ուստի արդեն գիտակցում էի, որ երեք որդիներիս պիտի կարողանամ պահեմ բոլորիս համար օրհասական դարձած իրավիճակում»։

Հայաստան հասնելով՝ Մարինեն երրորդ օրն արդեն սկսեց իր ժենգյալով հացի արտադրությունը։ Տղաների հետ միասին որոշեցին արտադրանքի անվանումը՝ Համով Արցախ։ Առաջին պատվիրատուները 2020 թվականից հավատարիմ հաճախորդներն էին։

«Այժմ այն վերածվել է ընտանեկան բիզնեսի, ես ես հաճույքով եմ թխում ժենգյալով հացը, տղաներն էլ զբաղվում են առաքման գործով։ Ժենգյալով հացը թխելիս ակամայից հայտնվում եմ իմ հողում, իմ տանը… Գուցե դրա համար եմ այդքան սիրով ու նվիրումով պատրաստում»,-  ասում է Մարինեն։

Ընտանեկան բիզնեսն ընդլայնելու համար Մարինեն տարբեր պրոյեկտների է մասնակցում, փորձում օգտակար և կարևոր գիտելիքներ ձեռքբերել։

«Մեծ հույսեր ու նպատակներ ունեմ։ Ուզում եմ աշխատել, արարել Հայաստանում ունենալ սեփական տանիքը, ամեն ինչ կարելի է կրկին ստեղծել, նյութականը կորցնելու մասին չեմ մտածում։ Շարունակելու ենք եռանդով աշխատել Հայաստանում՝ հոգու խորքում սպասումով, որ մի օր հետ ենք գնալու մեր տունը»։

Մարինեի կյանքում օրերս ուրախ առիթ է տեղի ունեցել՝ ավագ որդին նշանվել է։ «Միակ ափսոսանքս մեր հայրենիքն է, այնտեղ մնացած մեր սրբազան շիրիմները։ Անասելի ցավալի է, երբ չգիտես որտեղ թափես հոգուդ մեջ կուտակված վիշտն ու մորմոքը»…

Անահիտ Պետրոսյան