«Երեւանի Էլեկտրատրանսպորտ»-ին արտոնություն կտրամադրվի
Աջակցիր «Ա1+»-ին«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԲԸ-ին մաքսատուրքից ազատման արտոնություն կտրամադրվի՝ 432 մլն դրամի չափով։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․3 մլրդ դրամի ներդրում տրոլեյբուսների ձեռքբերման համար։
Որոշման նպատակն է թույլատրել ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Նախագիծն ընդգրկված է գործադիր մարմնի վաղվա նիստում։
Սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 3-ից մինչև 2027 թվականի ապրիլի 2-ը ներառյալ։
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Նախատեսվում է տրոլեյբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 45 տրոլեյբուսներով։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներկրել YUTONG BUS ZK6128BEVG մակնիշի՝ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, 25+3 փափուկ նստատեղերի առկայությամբ և ոչ պակաս քան 85 ուղևորի տեղափոխման հնարավորությամբ, ինքնավար վազքով, սրահի տաքացման և սառեցման համակարգով օժտված թվով 45 անռելս տրոլեյբուսներ, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 5 երթուղիները համալրել նոր շարժակազմով և էականորեն ավելացնել վերգետնյա էլեկտրատրանսպորտի որակյալ ծառայություններից օգտվողների քանակը։