Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌուբՀայրապետ
A A
Հասարակություն

Ռուբեն Հայրապետյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 35 դասախոսի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեմ։

«Ա1+»-ի հետ զրույցում  փաստաբանն ասաց, որ հաղորդումը մուտքագրված է Երևան քաղաքի դատախազություն։ «Մենք ակնկալում ենք քրեա-իրավական գնահատական տալ Ռուբեն Հայրապետյանի կողմից կատարված երկու արարքներին․ մեկն՝ ինքնիրավչության, մյուսը՝ այլ պաշտոնատար անձի իշխանությունը յուրացնելու մասով»,- նշեց Կոչուբաևը։

Կոչուբաևն իր ֆեյբուքյան էջում հրապարակել է վերլուծություն՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հունիսի 28-ից չունի ռեկտոր» վերտառությամբ։ Ռուբեն Հայրապետյանի գործողությունները հունիսի 28-ից այս կողմ, ըստ Կոչուբաևի, ինքնիրավչություն են․ «Այսինքն՝ Հայրապետյանը կամայականորեն իրեն է վերագրում ռեկտորի կամ ռեկտորի պաշտոնակատարի իրավունքներ և իրացնում այդպիսի իրավազորություններ»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ այս արարքով ռեկտորի պաշտոնակատարը միաժամանակ ոտնձգում է մեկ այլ քրեա-իրավական նորմի դեմ․ Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածի դեմ, որը պատասխանատվութուն է նախատեսում այլ պաշտոնատար անձի իշխանությունը յուրացնելու համար․ «Մենք փաստացի գտնում ենք, որ Ռուբեն Հայրապետյանը յուրացրել է ռեկտորի կամ գոնե ռեկտորի պաշտոնակատարի իշխանությունը»։  Կոչուբաևը նաև ասաց, որ ներկայացնում է 35 դասախոսի շահեր, և հաղորդում ներկայացնելը համատեղ ընդունված որոշում է։

Հանցագործության մասին հաղորդումը, դասախոսների ներկայացուցչի խոսքով, որևէ կապ չունի Ռուբեն Հայրապետյանի կամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի անձի հետ։ «Վերջինս պատասխանատվութուն է կրում ռեկտորի պաշտոնակատարի նշանակման և ազատման մասով։ Մենք ցանկանում ենք հանցագործության մասին այս հաղորդամամբ հստակ ֆիքսել, որ հունիսի 28-ից այս կողմ համալսարանը չունի ռեկտոր և չունի նաև ռեկտորի պաշտոնակատար»։

Նա ասաց, որ հաղորդման վերաբերյալ պատասխանը սովորաբար տրվում է 10-օրյա ժամկետում, որից պարզ կլինի՝ հարուցվում է քրեական գործ, թե ոչ։

Անդրադառնալով համալսարանում անցկացված դասախոսների մրցույթի դեմ 35 դասախոսի բողոքին՝ փաստաբանը նշեց, որ սպասվում է 115 դասախոս ևս կմիանա բողոքին։ «Համալսարանի դասախոսների մեծ մասն արտերկրում է, հանգստանում է, այդ պատճառով թիվը 35 է։ Իրականում թիվը շատ ավելին է»,- շեշտեց նա։

Փաստաբանն ասաց, որ մրցույթների վերաբերյալ կա 5 բողոք՝ տարբեր դատարաններում․ 4 ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, իսկ մեկն էլ՝ հայցի ապահովման միջնորդութուն դեմ Վերաքննիչ դատարանում բողոք է ներկայացվել։

«Օգոստոսի 25-ին պատասխան ենք ակնկալում։ Ընդամենը միջանկյալ որոշում է լինելու։ Կիրառվում է արդյո՞ք դասախոսների ընդունման և նշանակման կանոնակարգը մինչև սեպտեմբերի 1-ը, թե՞ ոչ։ Որպեսզի մրցույթի արդյունքերը չօգտագործվեին՝ մենք դատական գործի շրջանակներում արգելանք կիրառելու միջնորդություն էինք տարել, որը սկզբում նույն դատավորը բավարարեց, հետո ինքն իր որոշմամբ վերացրեց»,- մանրամասնեց նա։

Եզրափակելով Կոչուբաևն ասաց, որ մայր դատավարութունը, երևի թե, կձգվի առնվազն 1 տարի։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ կրքերը չեն մարում։ Համալսարանի շուրջ մի խումբ դասախոսներ պահանջում են չեղարկել դասախոսների ընդունման մրցույթի արդյունքները՝ նշելով, որ Հայրապետյանն իրենց այդ մրցույթների կազմակերպմամբ հեռացնում է համալսարանից , պահանջում էին ռեկտորի հրաժարականը ։ Նրանք նաև հայտարարել էին, որ ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական ատենախոսությունում  առկա են խախտումներ և գրագողության դեպքեր։

Ռուբեն Հայրապետյանն օգոստոսի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ  հայտարարել էր, որ իր աշխատանքում առկա են խախտումներ տեսական մասերում, ոչ թե հետազոտական՝ նշելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ։